ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՒԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐԵՆ ՈՐՊԵՍ ԽԱՂԱՐԱՐԱՐ

Միաժամանակ Ղազախստանի ղեկավարը ոչ պատշաճ հայտարարություններ է անում, որոնք թույլ են տալիս նրան կասկածել կողմնակալ լինելու մեջ:

Ավարտվեց Ադրբեջանի նախագահի` պատմության մեջ առաջին այցը Ղազախստան: Մարտի մեկին Աստանայում երկու պետությունների ղեկավարները ստորագրեցին բարեկամության եւ ռազմավարական գործակցության մասին Հռչակագիր, ինչպես նաեւ գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, միջպետական կապերի, մշակույթի, տուրիզմի եւ ավիացիայի ոլորտներում համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր: Այցի արդյունքները ամփոփվեցին երկու նախագահների մամլո ասուլիսում, որի ժամանակ Նուրսուլթան Նազարբաեւի արած հայտարարությունը երեւանյան մեկնաբանները գնահատում են քաղաքականապես ոչ պատշաճ:
PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առաքլեությանը: Նախաձեռնությունը բավականաչափ ողջունելի է: Սակայն մեկ տարօրինակ հանգամանք կա: Իլհամ Ալիեւի ներկայությամբ Նազարբաեւը շեշտել է, որ պաշտոնական Աստանան խնդրի լուծումը տեսնում է միայն պետության տարածքային ամբողջականությունը հարգելու մեջ եւ այդ սկզբունքը համարում է առաջնային: Այս մասին նա առավել քան հստակ է արտահայտվել. «Ներկայիս սահմանների անխափանությունը կոնստանտ է համարվում: Մենք կողմ ենք, որ աշխարհում անջատողականություն չլինի, եւ տարածքային ամբողջականության կողմնակիցն ենք»: Այն, որ կոլեկտիվ անվտանգության Համաձայնագրով Հայաստանի հետ դաշնակից համարվող պետության ղեկավարը ղարաբղցիների ազգային-ազատագրական պայքարն անվանում է անջատողական, իհարկե չի կարող ուրախալի փաստ լինել: Սակայն տարօրինակն այլ փաստ է: Միջնորդի դերում իրեն առաջարկող քաղաքական գործիչը, չի թաքցնում, որ լիովին կիսում է հակամարտող կողմերից մեկի մոտեցումները: Դժվար չէ ենթադրել, թե որքանով արդյունավետ կլինի նմանատիպ միջնորդի առաքելությունը:

Առաջին անգամ չէ, որ Նազարբաեւն իր ծառայությունն է առաջարկում խաղարարի դերում: 1990թ.-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ նրա նախաձեռնած նախկին փորձը հաջողությամբ չպսակվեց: Չնայած այն ժամանակ դեռեւս Ղազախստանի ղեկավարն իրեն թույլ չէր տալիս միակողմանի գնահատականներ եւ ոչ պատշաճ հայտարարություններ անել, որոնք, անկասկած, տնտեսական շահերի ազդեցության արդյունք էին: Ի դեպ, երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում նա Հայաստանին նույնպես առաջարկել է առաջնորդվել տնտեսական հետաքրքրություններով: «Ադրբեջանը զարգանում է, հակամարտության խաղաղ կարգավորման դեպեքում նրա աճող հնարավորություններից կարող է օգտվել նաեւ Հայաստանը »,- կարծում է Ղազախստանի առաջնորդը:

Բավականին հատկանշական է նաեւ Ղազախստանի նախագահի մեկ այլ հայտարարությունը: Նուրսուլթան Նազարբաեւն ասաց, որ հավատում է Բաքու-Ջեհյան-Թբիլիսի նավթատարով ղազախական նավթի արտահանման հեռանկարին: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսեց «դարի նախագծին» Աստանայի միանալու հարցում փոփոխություն առաջ գալու մասին: Վիլայաթ Գուլիեւի խոսքերով` «Պաշտոնական Ղազախստանն առաջին անգամ է հայտարարում, որ օգտվելու է նավթատարից»: Բաքվի լրատվամիջոցներն արդեն ներկայացնում են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով ղազախական նավթի արտահանման մասին համաձայնագրի տեքստը` համոզվածություն հայտնելով նավթատարի շինարարության եկամտաբերության հետ կապված բոլոր խնդիրների վերջնական լուծման մեջ: Բաքվի համար խիստ կարեւոր է նախագծին Աստանայի միանալը, քանի որ հայտնի է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ածխաջրածնի բավականաչափ պաշարներ չկան, եւ առանց ղազախական նավթի խողովակատարը եկամտաբեր չի լինի: Սակայն, կարծես թե, Բաքվում ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Մամլո ասուլիսում Նազարբաեւն ընդամենն ասաց, որ «Աստանան հետաքրքրված է նախագծի հաջողությամբ, քանի որ Ղազախստանի համար այն այլընտրանքային միջոց կլինի էներգակիրի արտահանման համար»: Միաժամանակ, նա նշել է, որ դեռեւս բավականին վիճելի հարցեր կան, որոնք մասնավորապես առնչվում են տարիֆներին: Այսպիսով, Ղազախստանի ղեկավարն իր համար շրջանցելու տեղ է թողել այն դեպքում, եթե Մոսկվայի ճնշումները ստիպեն դադարեցնել ռուսական երթուղով նավթի արտահանումը: Ռուսաստանը չի պատրաստվում այդքան հեշտությամբ հրաժարվել ղազախական նավթի տրանզիտից, որը ոչ միայն մեծ շահույթ է բերում, այլեւ` լուրջ քաղաքական լծակ է: Տվյալ փուլում Մոսկվայի խնդիրն է չեզոքացնել Աստանայի վրա Անկարայի ճնշումը, որը արհեստական սահմանափակումներ է մտցնում Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավթի արտահանման վրա, որպեսզի ղազախներին ստիպի օգտվել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարից: Օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վիկտոր Կալյուժնին, ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող «Turkoil-2004» նավթագազային կոնֆերանսում, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում հաշտվել Թուրքիայի անօրինական գործողությունների հետ, որը դիտավորյալ խանգարում է նեղուցներով նավթի արտահանմանը:

Նավթի արտահանման պայմանների մասին ռուս-ղազախական երկխոսությունը շարունակվում է: Այնպես որ, «դարի նախագծի» հաջողությունը դեռեւս շատ ու շատ վաղ է կանխատեսել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---