ԹՈՒՐՔԵՐԸ Եւ ՌՈՒՍՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Անկարայում եւ Մոսկվայում կարծում են, որ 1921թ.-ին կնքված պայմանագիրն իրենց թույլ է տալիս ազատորեն միջամտել Վրաստանի խնդիրներին եւ նույնիսկ զորք մտցնել Աջարիա:

Մարտի 16-ին Հայաստանում նշում էին տխրահռչակ Մոսկովյան պայմանագրի կնքման հերթական տարելիցը, որն ամրագրեց Արեւմտյան Հայաստանի զգալի տարածքների բռնի միացումը Թուրքիային: Մի քանի ամիս անց պայմանագիրը կրկնօրինակվեց Կարսի հայտնի համաձայնագրում: Այս փաստաթղթերը դանդաղագործ ական դարձան նաեւ վրացական պետականության համար, քանի որ Վրացական ԽՍՀ-ում արհեստականորեն ստեղծվեց պետական միավորում` Աջարական ավտոնոմիան: Այսօր Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքները վայելում է ոչ միայն Երեւանը, այլեւ` Թբիլիսին: Ամոթալի պայմանագրերի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտությունն այսօր Հայաստանին եւ Վրաստանին դաշնակիցներ է դարձնում:
PanARMENIAN.Net - Հայաստանում վաղուց են խոսում այն մասին, որ միջազգային նորմերի խախտմամբ կնքված Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն: Երեւանը համապատասխան քայլեր է սպասում առաջին հերթին Մոսկվայից: Սակայն հենց ռուսական մայրաքաղաքից օրերս հնչեցին անսպասելի կոչեր` կապված ռուս-թուրքական համաձայնագրով Կովկասի հանրապետությունների սահմանների վերաձեւման հետ: Մոսկվայի որոշակի ուժեր կրկին ցանկանում են հրապարակ հանել հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի եւ Աթաթուրքի միջեւ կնքված անօրինական պայմանագրերը: Սա արվում է Վրաստանի վրա ճնշում գործադրելու նպատակաով: Սակայն արդյունքում տուժում է նաեւ Հայաստանը:

ԱՊՀ երկրների ռուսական Ինստիտուտի ներկայացուցիչ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը երկուշաբթի հայտարարեց, որ Մոսկվան պետք է պաշտոնական Թբիլիսիին հիշեցնի Աջարիայի կարգավիճակն ամրագրող պայմանագրերի մասին: Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերով աջարական ավտոնոմիայի երաշխավորներն են Ռուսաստանը եւ Թուրքիան: Այս հանգամանքը քաղաքագետն առաջարկում է օգտագործել որպես «միջազգային-իրավական լծակ» Միխայիլ Սահակաշվիլու վրա ազդելու համար: «Աջարիայի ավտոնոմիան Վրաստանի ընծան չէ»,- պնդում է պարոն Ալեքսանդրովը: Իսկ ո՞ւմ շնորհն է: Այս հարցին նա պատասխան չի տալիս` լռելով, որ Վրաստանի հարավ-արեւմոտքում պետական միավորում ստեղծելը բոլշեւիկների եւ քեմալիստների հանցագործ համաձայնության արդյունքն էր, որոնք որոշում էին ընդունել առանց հաշվի առնելու ոչ Վրաստանի իշխանության, եւ ոչ էլ Աջարիայի բնակչության կարծիքը: Բաթումիի հանդեպ վերահսկողության վերականգման` Վրաստանի ղեկավարության օրինական ցանկությունը ԱՊՀ երկրների Ինստիտուտի ներկայացուցչը գնահատում է որպես ավտոնոմիայի չեզոքացում եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ է անում ազատորեն միջամտել հարեւան պետության ներքին գործերին: Ավելին, Ալեքսանդրովը հայտարարում է, որ Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերն Աջարիային հնարավորություն են տալիս անջատվել Վրաստանից: «Չկան պայմանագրերը, չկա նաեւ ավտոնոմիան: Հետեւաբար, Աբաշիձեն իրավունք ունի անկախություն հռչակել»,- ասում է նա` ըստ էության կողմ արտահայտվելով անջատողականությանը:

Մոսկվայում բացված թեման շարունակություն ստացավ նաեւ Անկարայում: Թուրքական իշխանությունն ավելի հեռուն գնաց` ակնարկելով Աջարիայի տարածք սեփական զորք մտցնելու հնարավորության մասին: Նրանք նույնպես հղում են անում վերընշված պայմանգրերին: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ 1921թ.-ին Կարսում եւ Մոսկվայում կնքված պայմանագրերը մինչ օրս խիստ բացասական դեր են խաղում, եւ թուրքական զավթողական նոր հարձակումների շղարշը կարող են դառնալ: Արտաքին ուժերը մշտապես էլ կարող են միջոցներ գտնել տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար, մինչեւ չեզոքացված չեն բոլշեւիկների եւ քեմալիստների համաձայնության հետեւանքները: Եթե համաշխարհային հանրությունը ցանկանում է Կովկասը խաղաղ տեսնել, ապա այն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի չեղյալ հայտարարվեն հայերի եւ վրացիների մեջքի ետեւում Լենինի եւ Մուսթաֆա Քեմալի միջեւ կնքված անօրինական պայմանագրերը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---