ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երկրի հայկական համայնքին եւս մեկ նախարարական պորտֆեյլ տրամադրելու հարցը մինչ օրս լուծված չէ:

Ավրատվեց Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի պաշտոնական այցը Հայաստան: Բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցում էին երկրի հայկական համայնքի մի շարք առաջնորդներ: Նշենք, որ հայերը բավականաչափ ազդեցություն ունեն այս երկրի կառավարության վրա, որտեղ ներկայացված են մեկ նախարարով: Լիբանանում ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն հայ մշակույթի եւ լեզվի պահպանման համար, այլեւ` քաղաքական կյանքին հայերի մասնակցության ապահովման համար: Այնուհանդերձ, վարչապետին ուղեկցող լիբանանյան խորհրդարանի պատգամավոր Կասարջյանը Երեւանում հավաստեց, որ հազվադեպ, սովորաբար ընտրություններից հետո, տարաձայնություններ են առաջանում կառավարական օղակներում ընդգրկված հայերի եւ կառավարության միջեւ: Սակայն այդ խնդիրները հաղթահարելի են:
PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, 1976թ.-ի քաղաքացիական պատերազմից հետո հակամարտող կողմերը կնքեցին իշխանության ձեւավորման սկզբունքների մասին համաձայնագիրը, որն էլ եւ դարձավ երկրի Սահմանադրության հիմքը: Այդ փաստաթղթով հստակեցվեց ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցչությունը կառավարությունում: (Բացի քրիստոնեա արաբներից, մուսուլման արաբներից եւ հայերից, երկրում ապրում են նաեւ քրդեր, ասորիներ, ալաններ, հրեաներ): Համաձայնագրի համաձայն, նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի քրիստոնեա, իսկ վարչապետինը` մուսուլման: Ներկայիս նախագահ Էմիլ Լահուդը մարոնիտների քրիստոնեա համայնքի ներկայացուցիչն է: Նրա մայրը եւ կինը` Անդրե Ամադյանը, հայուհիներ են:

Ըստ համաձայնագրի, հայ համայնքի համար նախատեսված էին երկու նախարարական պորտֆեյլներ եւ հինգ պատգամավորական մանդաթներ: Սակայն, վերջին ընտրություններից հետո Ռաֆիկ Հարիրին, նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել պետական ապարատի ղեկավարումը եւ ռացիոնալ դարձնել բյուջետային ծախսերը, որոշեց կրճատել նախարարությունների քանակը: Այս գաղափարին հավանություն տվեց նաեւ նախագահը: Արդյունքում հայերին բաժին ընկավ միայն մեկ նախարարական պաշտոն` Սեպուհ Հովնանյանին հանձնարարվեց ղեկավարել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը: Անշուշտ, բարեփոխումը դուր չեկավ լիբանանահայերին, որոնք նույնիսկ զանգվածային բողոքի ցույց կազմակերպեցին: 2001թ.-ի փետրվարին Բեյրութում տեղի ունեցավ մեծաքանակ ցույց, որի մասնակիցները կոչ էին անում հայազգի բոլոր պաշտոնյաներին հրաժարական տալ, եթե կառավարությունը եւս մեկ նախարարական պաշտոն չտա համայնքին: Արդյունքում, փետրվարի 15-ին նախագահը եւ վարչապետը խոստացան մեծացնել կառավարության կազմը եւ մեկական նախարարական աթոռ տալ հայ եւ ալան համայնքներին: Սակայն, դժբախտաբար, մինչ օրս, չգիտես ինչու, նրանք իրենց խոստումը չեն կատարել:

Հայկական համայնքը մշտապես կայունացնող դեր է ունեցել լիբանանյան հասարակությունում: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ ազգային մեծամասնությունը նույնպես պետք է հետաքրքրված լինի, որպեսզի հայերն ակտիվորեն մասնակցեն երկրի քաղաքական կյանքին, որոշումներ կայացնելու վրա ազդեցության իրական լծակներ ունենան: Միաժամանակ, նկատենք, որ երբ ընդունվեց Սահմանադրությունը, լիբանանահայերի թիվն երեք անգամ ավելի շատ էր, քան հիմա: Հենց այս հանգամանքն էլ իշխանություններն օգտագործում են` փաստարկելով հօգուտ պետական կառույցներում հայերի ներկայացուցիչների հանդպե սահմանափակումների կիրառմանը:

Երեւանյան բանակցությունների ընթացքում, իհարկե, տարաձայնությունների թեման չհիշատակվեց: Կառավարության կազմի հստակեցումը հարեւան երկրի ներքին գործն է, եւ Երեւանը ոչ մի դեպքում չի ցանկանում այդ հարցի մասնակիցը լինել: Այնուհանդերձ, ենթադրվում է, որ Ռաֆիկ Հարիրիի այցի մթնոլորտն առավել ջերմ կլիներ, եթե հայ համայնքին եւս մեկ նախարարական պաշտոնի տրամադրման հարցը լուծված լիներ մինչ վարչապետի` Երեւան այցը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---