ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՑԱՆԿԱԼԻԻՑ ՔԻՉ ԵՆ

Լիբանանի հայ համայնքին երկրորդ նախարարական պորտֆելը տրամադրելու հարցը կլուծվի արդեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Չորեքշաբթի կայացավ Լիբանանի նոր կառավարության առաջին նիստը: Նոր կաբինետի ձեւավորմամբ փորձ է արվում ճանապարհ գտնել հերթական քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Ճգնաժամը սրվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանականները փոփոխություններ մտցրին ընտրական օրենսգրքում, որով երկրի նախագահ գեներալ Էմիլ Լահուդին թույլատրվեց երրորդ անգամ ընտրվել: Հոկտեմբերի 20-ին վարչապետ Ռաֆիկ Խարիրին, ով երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Լահուդիի հետ, ի նշան բողոքի հրաժարական տվեց: Նոր կաբինետը ձեւավորեց սիրիամետ Օմար Քարամեն:
PanARMENIAN.Net - Սակայն Քարամեն, ինչպես եւ իր նախորդը, հակված չէ հետեւել 1976թ.-ի քաղաքացիական պատարեզմի ավարտից հետո ընդունված պետական իշխանության ձեւավորման մասին համաձայնագրին: Երկրի Սահմանադրության հիմքում ընկած այդ փաստաթուղթն ամրագրում է Լիբանանի տարբեր ազգային եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների առկայությունը կառավարությունում: (Բացի քրիստոնյա եւ մուսուլման արաբներից եւ հայերից երկրում նաեւ բնակվում են քրդեր, ասորիներ, ալաններ, հրեաներ): Համաձայնագիրը հայերի համար սահամանում է երկու նախարարական պաշտոն: Սակայն 2001թ.-ի խորհրդարանական ընտրությւոններից հետո վարչապետ Ռաֆիկ Խարիրին պետական ապարատն առավել արդյունավետ կառավարելու եւ բյուջետային գումարները ռացիոնալ ծախսելու նպատակով որոշեց կրճատել նախարարների քանակը: Արդյունքում հայերին բաժին ընկավ միայն մեկ պորտֆել, այն էլ աննշան` Սեպուհ Հովնանյանը ստանձնեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը:

Անշուշտ, բարեփոխումը դուր չեկավ նաեւ լիբանանահայերին, որոնք բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպեցին: Հայկական համայնքի մի քանի առաջնորդներ նույնիսկ կոչ արեցին հայ պոշտոնատար անձանց հրաժարական տալ, եթե կառավարությունը եւս մեկ պորտֆել չտրամադրի հայերին: Վարչապետը մեկ անգամ չէ, որ խոստացել է մեծացնել կառավարության կազմը եւ մեկական նախարարի պաշտոն հատկացնել հայ եւ ալան ներկայացուցիչներին: Սակայն, դժբախտաբար, այդպես էլ իր խոսքը չկատարեց: Ռաֆիկ Խարիրիի ղեկավարման օրոք նախագահ Էմիլ Լահուդը, ում մայրը եւ կինը հայեր են, կողմնակից էր հայերին եւս մեկ նախարարական պաշտոն տրամադրելուն: Սակայն այժմ, երբ նախագահն անձամբ կարող է հսկել կառավարության ձեւավորման գործընթացը, կրկին չի պահպանվում համաձայնագիրը:

Այժմյան կաբինետը կգոյատեւի ընդամենը կես տարի` մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներից պարզ կդառնա` կստանա՞ն հայերը երկրորդ նախարարական պորտֆելը: Դժվար թե հայերը հնարավորություն ունենան ընտրությունների արդյունքներով ամրապնդել իրենց դիրքերը: Վերընշված համաձայնագրով հայերի համար սահմանված է 5 պատգամավորական մանդաթ: Սակայն պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ համաձայնագրի ընդունման ժամանակ Լիբանանի հայ համայնքը երկու անգամ մեծ էր, քան այսօր: Հենց այս հանգամանքն էլ օգտագործում է իշխանությունը հօգուտ պետական կառուցվածքում հայ ներկայացուցիչների սահմանափակմանը:

Լիբանանի հայ համայնքը մշտապես կայունացնող դեր է խաղացել եւ շարունակում է խաղալ լիբանանյան հասարակության մեջ: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ ազգային մեծամասնությունը նույնպես պետք է շահագրգռված լինի երկրի քաղաքական կյանքում հայերի ակտիվ մասնակցությամբ: Եթե ընտրությունների արդյունքում առաջատար քաղաքական ուժերը վերականգնեն իրենց դիրքերը, կարելի կլինի հուսալ, որ հայ համայնքին կվերադարձվի իրեն արժանի դերը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---