ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈ՞ՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Պաշտոնական Բաքուն մասնակցում է աբխազական երկաթգծի շահագործման վերաբերյալ բանակցություններին:


Թբիլիսիում կայացավ ռուս-վրացա-հայկական-ադրբեջանական կոնսորցիումի ստեղծման հարցի շուրջ խորհրդակցությունների առաջին փուլը: Կոնսորցիումը պետք է զբաղվի Աբխազիայի տարածքով անցնող Տրանսկովկասյան երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցերով: Չնայած այս հարցի վերաբերյալ դեռեւս ոչ մի կոնկրետ որոշում չի ընդունվել, ակնհայտ է, որ գործը մեռյալ կետից շարժվել է առաջ: Ադրբեջանում շատերին է անհանգստացրել աբխազական ճանապարհի հնարավոր շահագործման մասին տեղեկությունը: Բաքվի մամուլը զայրացած է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները մասնակցում են նախագծի շահագործման վերաբերյալ բանակցություններին, որոնք հսկայական նշանակություն ունեն Հայաստանի համար:
PanARMENIAN.Net - Տնտեսական առումով տարածաշրջանի երկրներից Ադրբեջանն ամենաքիչն է հետաքրքրված աբխազական ճանապարհի բացմամբ: Ադրբեջանը երկաթուղային կապ ունի Ռուսաստանի հետ Դերբենդի միջով: Վրաստանը նույնպես ստիպված է օգտվել այդ ճանապարհից: Եթե աբխազական հատվածը բացվի, ապա Բաքուն կկորցնի տրանզիտից եկած գումարները: Սակայն տվյալ դեպքում առավել կարեւոր է քաղաքական կողմը: Աբխազական ճանապարհը խիստ կարեւոր է Հայաստանի համար, որն ամեն տարի կորցնում է ավելի քան հարյուր միլիոն դոլարներ արտաքին աշխարհի հետ երկաթուղային ուղիղ ճանապարհի բացակայության պատճառով: Անդրկովկասյան մայրուղու շահագործումը Երեւանի համար կդառնա շրջափակման վերացման լավագույն առիթներից մեկը, եւ որպես հետեւանք` արտաքին առեւտրի եւ արդյունաբերության հսկայածավալ ազդակ: Բաքվում սա գիտակցում են: Այնուհանդերձ, Ադրբեջանն անուղղակիորեն հաստատում է կոնսորցիումի համահիմնադիրներից մեկը դառնալու պատրաստակամությունը: Որքան էլ պաշտոնական աղբյուրները փորձեն հերքել թբիլիսյան հանդիպմանը մասնակցելու փաստը, հայտնի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն այնտեղ ներկա են եղել: Այնուհանդերձ, հարեւան երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներն արել են ամեն ինչ, որպեսզի լրագրողները չիմանան, թե ով է ներկայացրել Ադրբեջանը: Չինովնիկների այցը Վրաստան գրեթե գաղտնի էր, քանի որ այդ մասին տեղյակ չէր նաեւ նախարարությայն մամլո ծառայության ղեկավարը:

Սակայն կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի մասնակցության փաստը միայն առաջին հայացքից է պարադոքսալ թվում: Բաքվի ղեկավարները համոզվել են, որ աբխազական ճանապարհի շահագործման հարցը միեւնույն է լուծվելու է: Իսկ գործընթացի վրա վերահսկողություն հաստատելու համար ավելի լավ է մասնակից լինել: Գոնե այն բանի համար, որ ցանկացած պահի հնարավոր լինի արգելակել գործընթացը: Բացի այդ, Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի համար աբխազական ճանապարհի նշանակությունը ամսեամիս առավել քիչ է կարեւորվում, քանի որ փաստացիորեն լուծվել է Փոթիի Կովկասի նավահանգստի հարցը: Նման իրավիճակում Ադրբեջանի համար առավել ճիշտ կլիներ անխուսափելիից թեկուզ ինչ-որ օգուտ քաղել:

Կոնսորցիումում Ադրբեջանի ներգրավվելու եւս մեկ պատճառ կա: Գործընթացին մասնակցելն ադրբեջանցիներին թույլ է տալիս լոբբի անել Կարս-Ախալքալաք մայրուղու երկաթգծի շինարարության նախագիծը: Հայտնի է, որ աբխազական ճանապարհը տարածաշրջանի համար նշանակալի կդառնա միայն այն դեպքում, եթե այն շարունակվի Թուրքիայի կողմից: Բաքուն ձգտում է արագացնել ճանապարհի շինարարության հարցի լուծումը, որպեսզի Երեւանը դուրս մնա գլոբալ տրանսպորտային շղթայից: Ադրբեջանցիների համար կարեւոր է հասցնել ինչ-որ մի բան անել մինչ Կարս-Գյումրի ճանապարհի բացումը, որը Հայաստանը կդարձնի տրանզիտային երկիր: Բաքվում հույս ունեն, որ Տրանսկովկասյան մայրուղու շահագործման հեռանկարն առավել արդիական կդարձնի Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարության հարցը:

Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ փորձում են ամեն կերպ արագացնել Վրաստանի եւ Թուրքիային միջեւ ուղիղ կապ ապահովող ճանապարհի գործարկման մասին բանակցությունները: Պաշտոնական Բաքուն իր կողմից ամեն ինչ արել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իյլդիրիմի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեկո Ալեկսիշվիլի միջեւ ընթացող բանակցությունների հաջողության համար: Այս հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել երկկողմանի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրեր բոլոր մանրամասները եւ կներկայացներ հաշվետվություն: Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում նախագծի ֆինանսավորման վերաբերյալ: Ակնհայտ է, որ Բաքուն այդ նախագծի հաջողությամբ ավելի է հետաքրքրված, քան Անկարան եւ Թբիլիսին: Սակայն Բաքվի ղեկավարների լավատեսությունն օրեցօր թուլանում է, քանի որ Թուրքիան ամսեամիս առավել զիջող է դառնում Հայաստանի հետ սահմանի բացման հարցում: Գուցե Կարս-Ախալքալաք նախագծի հանդեպ ադրբեջանցիների ունեցած մտապատրանքները ցրվեն արդեն ապրիլին, երբ աշխատանքային խումբը հրապարակի գործող մեկ այլ մայրուղու պայմաններում նորի շինարարության նպատակահարմարության մասին իր եզրահանգումները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---