ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԲԱՔՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ՉԵՉԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ

Ասլան Մասխադովի որդին, ով հավաստում է, որ պատրաստակամ է շարունակել հոր գործը, ապաստան է գտել Ադրբեջանում:

Ավարտվեց Իչկերիայի սպանված նախագահ Ասլան Մասխադովի սգո եռօրյան: Արարողությունը կատարվեց Բաքվում, որտեղ բնակվում է հանգուցյալի որդին` Անզոր Մասխադովը: Հոր հիշատակին նա շուկայից գնել էր ամենախոշոր ցուլը, մորթել էր եւ միսը բաժանել ադրբեջանցի աղքատներին: Բաքվի ԶԼՄ-ի տեղեկատվությամբ, Անզորի հետ հարյուրավոր ցավակցողների մեջ էին նաեւ Մասխադովի այրին, Ադրբեջանում եւ Եվրոպայում «Իչկերիայի Չեչենական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները», ինչպես նաեւ` «արտագաղթի մեջ գտնվող Չեչնիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ»: Հյուրասեր ադրբեջանական հողում այս բոլոր անձանց ներկայությունը ռուսների մոտ չի կարող կասկածի տակ չառնել ադրբեջանցիների` բարեկամության եւ եղբայրության մասին պնդումները:
PanARMENIAN.Net - «Լրիվ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Անզոր Մասխադով անունով անձ չի մտել Ադրբեջանական հանրապետության տարածք»,- ոչ շատ վերջերս «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը: Բաքվի ոստիկանության կենտրոնական վարչության պետ Մագերրամ Ալիեւը եւս երդման պես հավաստել էր, որ չեչեն առաջնորդի որդին երբեք չի եղել Ադրբեջանում: Բարձրաստիճան պետական այրերը պարզապես ստել են, քանի որ անկախ տեղեկատվական աղբյուրների տվյալների համաձայն` դաշտային նախկին հրամանատար Անզոր Մասխադովն ապրում եւ աշխատում է Բաքվում 2003թ.-ից: Դժվար չի լինի գլխի ընկնել, թե ինչով է նա այնտեղ զբաղվում, եթե թերթենք նրա կենսագրության էջերը:

29-ամյա Անզորը ռուսների դեմ կռվել սկսել է դեռ առաջին չեչենական արշավից: Սկզբնապես շարքային զինվոր էր, սակայն շատ շուտով հայրը նրան է սկսում վստահել բավականին պատասխանատու հանձնարարություններ: Դիվերսիոն հարձակումներից մեկի ժամանակ վիրավորվել է: Որդու մեջ նկատելով զինվորական ղեկավարի տաղանդը` Ասլան Մասխադովը ուղարկում է նրան ուսանելու Մալազիայի ռազմական ակադեմիայում: Ռուսական ԶԼՄ-ի տեղեկատվության համաձայն` նա միաժամանակ Կաուլա-Լումպեռում «Իչկերիայի չեչենական հանրապետության կառավարության ներկայացուցիչն էր», ինչպես նաեւ ապահովում էր փողերի լվացման շրջանառությունը, որից ստացված եկամուտներն ուղղվում էին ահաբեկչության ֆինանսավորմանը: Բիզնեսում Անզորը չէր սահմանափակվում ոսկու եւ թանկարժեք քարերի վաճառքով: Ինչպես 2003թ.-ին գրում էր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, իրեն վստահված փողերը նա որոշում է կրկնապատկել պոռնոինդուստրիայի շնորհիվ:

Որոշ ժամանակ Անզորն ապրել է Թուրքիայում, սակայն շուտով համոզվել է, որ ոչ մի այլ երկրում նա այնքան շատ հարմար չի զգա իրեն, որքան Ադրբեջանում, ուր չեչեն էմիսարները ստեղծել են իրենց տարածաշրջանային շտաբը: Բաքվում Մասխադով-կրտսերն աշխատում էր ակտիվ կապ ունենալով «Իչկերիայի չեչենական հանրապետության ներկայացուցչության ղեկավար» Ալի Ասաեւի հետ: Շուտով այստեղ է փոխադրում նաեւ մորը` Կուսամուն, 16-ամյա քրոջը` Ֆատիմային, կնոջը եւ երեք զավակներին: Ադրբեջանում գտնվելու պաշտոնական կարգավիճակը «IntenetAJANS» թուրքական ցանցային պարբերականի սեփական թղակիցն էր: Հնարավոր էլ չէ մտածել, թե նա ապրում էր սայթում տպագրված իր հոդվածներից ստացվող հոնորարներով: Հնարավոր է, Անզորը որոշակի հիմքեր ուներ ակնկալելու, որ Ասլան Մասխադովի մահից հետո հենց նա կհայտարարվի հոր փաստացի հետեւորդը: Հոր մահի լուրը ստանալու հաջորդ օրը «Ռեյթեր» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարեց. «ես կփոխարինեմ իմ հորը եւ արդեն կապեր եմ հաստատել արտասահմանի նրա գործընկերների հետ»: Այնուհանդերձ, «թագաժառանգը» չկարողացավ ընդունել թագավորական դրոշը:

Մոսկվան մեկ անգամ չէ իր զարմանքն արտահայտել չեչեն գործիչների համար Բաքվում ստեղծված հարմարավետ պայմանների վերաբերյալ: Տեղի անվտանգության մարմինների հետ հույսեր չկապելով` ռուսական հատուկ ծառայությունները վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանում ինքնուրույն չեզոքացրել են 9 հայտնի ահաբեկիչներին: Նրանց կազմում էին «Թալիբան» աֆղանական շարժման ղեկավարության հետ բանակցություններում Ջոհար Դուդաեւի ներկայացուցիչ Վեհա Իբահիմովը, դաշտային հրամանատար Մահոմեդ Կարիեւը, Ասլան Մասխադովի նախկին անձնական թիկնապահ Խիզիր Թափհադովը, դաշտային հրամանատար, Էմիր Հաթթաբ Մագոմեդալիի օգնական Մագոմեդովը: Բաքվի «Էխո» թերթի տվյալներով` 2004թ.-ի օգոստոսին ռուսական հատուկ ծառայությունները պատրաստվել էին Բաքվում կազմակերպել Անզոր Մասխադովի ձերբակալումը, սակայն, չգիտես ինչու, հետո հրաժարվել են այդ մտքից:

Ռուսական իշխանություններն ավելի են դժվարանում իրենց զայրույթը զսպել Բաքվում չեչեն գրոհայինների անարգել գործունեության առիթով: Սա նկատելի է մասնավորապես ռուսական խորհրդարանի վերին պալատի տարածաշրջանային քաղաքականության հանձնախմբի առաջին փոխնախագահ Վալերի Կադախովի վերջերս արված հայտարարության շեշտադրությունից: Նա գերազանցապես տեղեկացված է չեչենական ահաբեկիչների «ադրբեջանական հետքից», քանի որ զբաղվել է Բեսլանի ողբերգության հետաքննությամբ: Ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի վերջին նիստում նա միանշանակ հայտարարեց. «Ադրբեջանի տարածքում գործում է Ասլան Մասխադովի շտաբը: Եվ ես չեմ հավատում այն հայտարարությունների իսկությանը, թե Բաքվի իշխանավորները պայքար են տանում ահաբեկչության դեմ»: Բեսլանի դպրոցում պատանդների ազատմանը պատարստվող օպերացիայի ընթացքում Կադախովը համոզվել է, որ ահաբեկիչներին համակարգում էին Բաքվից: «Որպեսզի ազատենք մարդկանց, մենք համաձայնեցինք կապի մեջ մտնել գրոհայիններին վերահսկող ուժերի ներկայացուցիչների հետ: Միակ հեռախոսազանգը Բաքվից էր»,- հիշեցրել է ռուս պատգամավորը եւ շարունակել. «Խորհուրդ չեմ տա գրգռել Ռուսաստանին այն պայմաններում, երբ նման ծանր կուրուստներ ենք ունեցել»: Կրկին Ադրբեջանն այդ խորհրդին չհետեւեց: Այնինչ Մոսկվայի համբերությունն անսահման չէ:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---