16 մարտի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԸ
Ջավախքի հայկական ազդեցիկ կազմակերպությունները չեն մասնակցել զանգվածային ակցիային:
Անցած կիրակի վրացական Սամցխե-Ջավախեթիա շրջանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ զանգվածային ցույց: Մասնակիցները պահանջում էին պահպանել հայկական փոքրամասնության իրավունքները: Այս ցույցը առիթ դարձավ տարբեր սպեկուլյացիաների թե ներքին, եւ թե արտաքին ուժերի կողմից: Վերջին ամիսներին առավել ակտիվացել են տեղի հայերին Թբիլիսիի դեմ տրամադրման փորձերը: Միաժամանակ, ակնհայտ է, որ Ջավախքում բոլորը չէ, որ պատրաստ են խաղալիք դառնալ նրանց ձեռքում, ովքեր շահագրգռված են մարզի անկայունությամբ:
Ախալքալաքում կազմակերպված ակցիայի մասին տեղեկությունները խիստ հակասական են: Տարբեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությամբ ցույցի մասնակիցների թիվը տատանվում է 3-ից մինչեւ 10 հազար մարդ: Տարօրինակ հակասություններ են նաեւ ստացվել ցույցի կազմակերպիչների վերաբերյալ: Մասնավորապես, Սամցխե-Ջավախեթիայի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը եւ «Ջավախք» ազգային շարժումը հերքել են տեղեկատվությունն այն մասին, թե նրանք մասնակցել են ակցիային եւ հարում են օրերս ձեւավորված «Միասնական Ջավախք» շարժմանը, որի գլխավոր նպատակն է խոչընդոտել ռուսական զինվորական կայազորի դուրս բերմանը: Խորհրդի տարածած հայտարարության համաձայն, «զինվորական կայազորներին առնչվող ռուս-վարացական լարված հարաբերությունները չեն բխում Ջավախքի հայ բնակիչների շահերից, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չկա հերթական անգամ լարել իրադրությունը»: Այսպիսով, ակնհայտ է, որ Ախալքալաքում տարբեր մոտեցումներ կան առաջնային հարցի վերաբերյալ` կայազորների դուրս բերմանը խոչընդոտող ջանքեր, թե՞ ստեղծել պայմաններ, որպեսզի ռուս զինվորականների հեռացումը նվազ ցավոտ լինի տեղի բնակչության համար:
Հակասական են նաեւ տեղեկությունները ցույցի մասնակիցների պահանջների վերաբերյալ: Ռուսական զանգվածային լրատվամիջոցներն ուշադրությունը սեւեռում են միայն զինվորական բազաների ճակատագրին վերաբերող հարցի լուծման շտապողականության հրաժարման վրա: Այնինչ, այդ թեման միակը չէր, եւ նույնիսկ ոչ ամենակարեւորը: Ակցիայի ընթացքում ստորագրություններ հավաքվեցին նախագահ Սաակաշվիլուն ուղղված հանրագրի համար, որտեղ խոսվում էր այլ կարեւոր խնդիրների մասին: Մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում իրականացրած հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության, հայկական դպրոցներում հայ ժողովրդի պատմության դասավանդման արգելքի վերացման կարեւորության, շրջանային կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում առաջացած վարչական բնույթի դժվարությունների, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին: Հենց այս կենսական խնդիրներն էին հազարավոր ջավախահայերի բերել ցույցի, այլ ոչ թե զինվորական բազաների դուրս բերման ժամկետների վերաբերյալ ռուս-վրացական սպասվելիք համաձայնագրի ձախողման հիմք ստեղծելը:
Միաժամանակ, Ջավախքում ոչ ոք չի կասկածում, որ բազաների ճակատագրի քննարկումների ընթացքում վրաց պատգամավորների ցուցաբերած ռադիկալիզմը չի նպաստի տարածաշրջանի կայունացմանը: Այս կարծիքին են նաեւ երկրի խորհրդարանում հայաբնակ շրջանները ներկայացնող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Սակայն հինգ հայ պատգամավորներից եւ ոչ մեկը չքվեարկեց որոշման դեմ, որի համաձայն ժամկետների վերաբերյալ բանակցությունների ձախողման դեպքում ռուսական ռազմական ներկայությունն անօրինական կհամարվի: Պատգամավորները բավարարվեցին բողոքի պասիվ ձեւերով: Իսկ պատգամավոր Հայկ Մելթոնյանը նույնիսկ կողմ քվեարկեց, քանի որ նա ներկայացնում է Ծալկայի շրջանը, որտեղ հայերը մեծամասնություն չեն կազմում, իսկ այլ որոշումը կարող էր չբավարարել իր` հույն եւ վրացի ընտրողներին:
Ակնհայտ է, որ ջավախահայերի ակտիվության բարձրացումը Մոսկվայի գլխավոր միջոցներից մեկն է, երբ ցանկանում են Թբիլիսիի վրա ճնշում գործադրել: Սակայն միակը չէ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն օրերս հանդես է եկել Սամցխե-Ջավախեթիան թուրք-մասխեթներին վերադարձնելու խնդրի մասին հայտարարությամբ: Փաստաթղթում նշվում է, որ «Վրաստանն անտեսում է 1999թ.-ին Եվրոպայի խորհրդի առջեւ վերցված պարտավորությունները»: Հիշեցնենք, որ ժամանակին հենց Մոսկվան է թուրքերին դուրս հանել սահմանամերձ շրջաններից` զգուշանալով նրանց ակնհյատ ոչ լոյալությունից: Մինչ վերջերս Կրեմլը հետարքրված չէր թուրքերի վերադարձով, քանի որ նրանց ներկայությունը տարածաշրջանն առավել հասանելի կարող էր դարձնել Անատոլիայի թուրքերի համար: Այժմ Մոսկվան ստիպված է նվազ պահանջկոտ լինել Վրաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելիս: Սակայն արդյունքում ավելի հաճախ է տուժում տեղի հայ բնակչությունը, որը մշտապես արել է ամեն ինչ, որպեսզի մնալով Վրաստանի օրինապահ քաղաքացի նաեւ աջակցի ռուսական զինվորականներին: