5 դեկտեմբերի 2006 - 18:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հետաձգվում է ամենաքիչը 20 տարով
Հադսոնի ինտիտուտի փորձագետ Զեյնո Բարանի կարծիքով, Թուրքիայում ռազմական հեղափոխոթւյան հավանականությունը գնահատվում է 50/ 50
Եվրոպացի քաղաքական գործիչները ավելի հաճախ են հայտարարում Թուրքիայի ԵՄ անդամակցության անհնարինության մասին: Նիկոլա Սարկոզիի խոսքերը այն մասին, որ «ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ», Թուրքիայում դժգոհության հերթական ալիք բարձրացրեց: «Վերջին շաբաթվա իրադարձություններն իսկական փոթորիկ առաջացրեցին Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում:
Հռոմի Պապի այցելությունը, ԵՄին այդ երկրի անդամակցության բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշման հետ մեկ տեղ, ըստ էության կոտրում է Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները: Պապի այցելությունը ընդգծեց իսլամի եւ քրիստոնեական Եվրոպայի մշակույթի եւ հավատքի միջեւ եղած խորը անդունդը»,- գրում է Ջոն Հոփքինսի ինտիտուտի պրոֆեսոր Սթիվեն Սաբոն:

Մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի ղեկավարները անընդունելի են համարում պարադոքսալ իրավիճակը, երբ Թուրքիան, որ ձգտում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, հրաժարվում է ճանաչել Եվրամիության երկիր Կիպրոսին, եւ նրա դեմ ուղղված տնտեսական պատժամիոցները չի վերացնում: Դեկտեմբերի 11-ին կայանալու է արտաքին գործերով եւ ընհանուր հարցերով ԵՄ խորհրդի նիստը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Էմանուել Բարոզուն հույս է հայտնել, որ մինչ այդ եվրոպական պետությունները կկարողանան ընհանուր տեսանկյուն մշակել, եւ չի բացառում, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հետ է մղվում, ամենաքիչը 20 տարով:

Թուրքիայի անդամացկությունը ԵՄ-ին Ամերիկայի արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցն է: Կհաղթահարի՞ արդյոք ԵՄ-ն ԱՄՆ ճնշումը Թուրքիայի անցամակցության հարցով բանակցություններում: Իրավիճակը արդեն հասնում է «ով ում» որոշելուն: Կամ եվրոպացիք կանեն ինչպես մտածում են, ինչը արդեն պարզ էր դեռ անցյալ տարվանից, երբ նոր էին սկսվել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցությունները, կամ էլ ԱՄՆ-ը, չնայած ամեն ինչի, կկարողանան իրենցը պնդել: Իրադարձությունների այդպիսի փոփոխությունը խնդրահարույց է դառնում, հանրապետականների պարտությունից հետո դժվար թե որեւէ մեկը կարողանա խոսել Եվրոպայում ԱՄՆ քաղաքականության մասին: Ամերիկան առանց այն էլ արդեն շատ է խրվել Իրաքում եւ Ավղանստանում, որի մասին միայն հիմա են հիշել: Սակայն գոյություն ունի նաեւ Հյուսիսային Քրդստանի հարցը, որի պատճառով Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունները, նուրբ ասած, հեռու են նորմալ կոչվելուց: Միեւնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, իսկ ԱՄՆ-ում դրա մասին երբեք չեն մոռանա, որ Թուրքիան, դուրս մնալով եվրոպական հասարակությունից, կարող է հիշել իսլամական պատկանելության մասին, եւ աշխարհը կստանա բավականին հզոր պետություն, որը ղեկավարվում է Գլխավոր շտաբի կողմից, եւ որը շատ շուտով կարող է անվերահսկելի, եւ որ ավելի վատ է, անկանխատեսելի դառնալ: Այդ մասին գիտեն Բրյուսելում եւ Վաշինգթոնում եւ փորձում են բոլոր ուժերով թույլ չտալ նման սցենար: Ավելին, Հադսոնի ինստիտուտի փորձագետ Զեյնո Բարանի կարծիքով, Թուրքիայում ռազմական հեղափոխության հավանականությունը 2007 թվականին գնահատվում է 50/ 50: Այդ պատճառով այն խորհուրդ է տալիս ընդունել Թուրքիային ԵՄ` «տհաճ» հետեւանքներից խուսափելու համար:

Ջորջ Բուշի հավատարիմ դաշնակից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը ԵՄ-ին եւ Անկարային կոչ է արել «փոխզիջման գալ եվրաինտեգրման հարցում»: Բրիտանացի վարչապետը, ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, զգուշանում է Թուրքիայի եւ արմատական իսլամական երկրների մերձեցումից (Անկարայի եւ ԵՄ կոնֆրոնտանցիայի պատճառով), ինչը բացասաբար կազդի կասպից էներգապաշարի մատակարարման վրա: «Մենք պետք է միջոցների դիմենք Թուրքիայի ԵՄ անդամակցության շարունակության գործընթացի առումով: Ներկա դրությամբ Թուրքիային բացասական ազդանշան ուղարկելը, ես կարծում եմ լուրջ սխալ կլիներ Եվրոպայի համար երկարատեւ հեռանկարի տեսանկյունից»,- մեջբերում են բրիտանական ԶԼՄ-ները Բլերին: ԵՄ-ն Թուրքիայից առաջին հերթին պահանջում է` կատարել Մաքսային միության հավելյալ արձանագրության բոլոր պարտավորությունները եւ բացել իր նավահանգիստներն ու օդանավակայնները Կիպրոսի Հանրապետության համար: Թուրքիայի իշխանությունները, իրենց հերթին, առաջնահերթ պայման են դնում վերացնել կղզու հյուսիսային հատվածի առեւտրա-տնտեսական էմբարգոն, որտեղ գոյացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանարպետությունը»` միջազգային հանրությունում ճանաչված միայն Անկարայի կողմից: Բրյուսելի մնացած պահանջները. Հայոց ցեղասպանության հարցով բանակցություններ Հայաստանի հետ, Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը եւ բանակցությունները Հյուսիսային Կիպրոսի (Թուրքիայի կողմից 1974 թվականին օկուպացված)հույն գաղթականների հետ, քրդերի իրավունքների ապահովում:

Ինչ վերաբերում է Հռոմի Պապ Բենեդիկտիոս XVI խոսքերին այն մասին, որ «նա պաշտպանում է երկրի ձգտումը Եվրամիություն մտնելու հարցում», ապա դա չի համապատասխանում նրա մյուս հայտարարություններին, երբ նա դեռ գերմանացի կարդինալա Յոզեֆ Ռացինգերն էր: Այն ժամանակ նա հայտարարեց. «Այն փաստը, որ Թուրքիան պատկանում է մահմեդական տարածաշրջանին, նշանակում է, որ պետությունը չի պատկանում Եվրամիությանը»: