Հայաստանի Առաջին Հանրապետությունը խանգարեց Թուրքիային ավարտել Հայոց ցեղասպանությունը

1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը հավատաց, որ կարելի է կռվել եւ հաղթել պատերազմում

1918 թվականի գարնան դրությամբ պատերազմի արդյունքում կիսավեր Անդրկովկասում իրավիճակը գրեթե անվերահսկելի էր դարձել: Ռուսաստանի 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Արեւմտյան Հայաստանում գտնող ռուսական զորքերը վերադարձան տուն, մերկացնելով կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից` թուրքական զորքերը, խախտելով դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը, 1918 թվականի փետրվարի 10-ին անցան հարձակման:
PanARMENIAN.Net - Թուրքերի դեմ ճակատը պահում էր միայն Հայկական կորպուսը (35 հազար զինվոր) գեներալ Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ, քանի որ վրացական զորքերը եւ Անդկովկասի մահմեդականների «վայրի դիվիզիան» տեղակայված էին ռազմական գործողությունների վայրից հեռու: Հայաստանը, ըստ ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանի, հայտնվեց բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական զնդանի արանքում: Անդրկովկասյան սեյմը դիմել է թուրքական հրամանատարությանը անջատողական բանակցություններ սկսելու առաջարկով: Տրապիզոնում կայացած բանակցություններին սեյմի պատվիրակությունը ձգտում էր վերականգնել նախապատերազմական ռուս-թուրքական սահմանը եւ հասնել Արեւմտյան Հայաստանի ինքնորոշման: Սակայն, օգտվելով ուժային առավելությունից եւ հաջող հարձակումից (թուրքերը գրավել էին Արդահանն ու մոտեցել էին Կարսին ու Բաթումին)` թուրքական կողմը ծանր պայմաններ էր առաջադրում: Թուրքիայի պահանջով, 1918 թվականի ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակվեց անկախ դաշնային հանրապետություն: Թուրքական զորքերը, հաղթահարելով հայակակն զորքերի դիմադրությունը, ովքեր ոչ միայն կռվում էին թշնամու դեմ, այլեւ ձգտում էին ապահովել արեւմտահայ գաղթականների անվտանգությունը, գրավել էին Կարսը, Արդվինն ու Բաթումը: Մայիսի 11-ին Բաթումում վերսկսվեցին Տրապիզոնում ընդհատված բանակցությունները: Անդրկովկասի ներկայացուցիչները պնդում էին, որպեսզի բանակցությունների հիմքում լինի Բրեստի խաղաղ պայմանագիրը, սակայն թուրքական կողմը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող բավարարվել միայն այն տարածքային զիջումներով, որոնք նախատեսված են այդ պայմանագրով: Շարունակելով հարձակումը` թուրքական զորքերը ներխուժեցին Երեւանի եւ Թիֆլիսի նահանգների տարածք: Զարգացնելով առաջխաղացումը Երեւանի ուղղությամբ` թուրքական զորքերը Սարդարապատի մոտ հանդիպեցին հայկական միավորումների եւ աշխարհազորայինների դիմադրությանը: Մայիսի 26-ին Սարդարապատի մոտ հայկական զորքերը որոշիչ հաղթանակ տարան թուրքերի նկատմամբ: Վերջիններս հայերի համառ դիմադրությանը հանդիպեցին նաեւ Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի կռիվներում: Այդ բախումների արդյունքում թուրքերին չհաջողվեց մտնել Արարատյան դաշտ ու ավարտել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայկական Ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: Առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հունիսի 20-ին կառավարությունը տեղափոխվեց Երեւան: Հայկական հանրապետության բնակչությունը կազմում էր 1 մլն. 510 հազար մարդ, այդ թվում 795 հազար հայ եւ 575 հազար մահմեդական: Հունիսից Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմին դարձավ խորհրդարանը, որում տեղերի 90 տոկոսը պատկանում էր ՀՅԴ Դաշնակցությանը: Հայաստանը 600-ամյա օսմանյան կեղեքումից հետո անկախություն եւ պետականություն ձեռք բերեց: Ճիշտ է, ընդամենը 2 տարով, սակայն հենց այն ժամանակ` 1918 թվականի մայիսին, հայ ժողովուրդը հավատաց, որ կարելի է կռվել եւ հաղթել պատերազմում:

Հետո եկավ Կարմիր Բանակը, Հայաստանը դարձավ խորհրդային, իսկ ժողովրդին վերջնական ոչնչացումից փրկաց սպաներին կացնահարեցին Ալեքսանդրապոլի բանտում կամ ուղարկեցին ճամբարներ, որտեղ նրանք սպանվեցին: 1937 թվականի դրությամբ հայ բանակի սերուցքը ոչնչացվել էր բոլշեվիկների ձեռքով, ընդհանուր ճակատագրից խուսափեց միայն գեներալ Անդրանիկը, ով 1922 թվականին գաղթեց ԱՄՆ: Զանգեզուրը փրկած Գարեգին Նժդեհը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին վտարվեց Բուլղարիայից եւ մահացավ Վլադիմիրի բանտում: Խորհրդային իշխանության տարիներին Առաջին ՀՀ-ի մասին գրեթե չէր հիշատակվում, իսկ եթե խոսում էլ էին, ապա միայն բացասական համատեքստում: Սակայն առանց նրա այսօր մենք չէինք ունենա նույնիսկ այս 29 հազար քառակուսի կմ-ը: 1918 թվականի դրությամբ Հայաստանից մնում էր միայն 9 հազար քառ. կմ. եւ մոտ կես միլիոն գաղթական Արեւմտյան Հայաստանից: Չենք վիճում, Հայաստանի ԽՍՀ-ն եւս հայկական պետություն էր, սակայն չարժէ մոռանալ նաեւ պետության այն էջերի մասին, որոնք հաճախ խեղաթյուրված մեկնաբանություն են ստանում: Այն բանի համար, որպեսզի արվի այն, ինչ հաջողվեց անել առաջին կառավարությանը պատերազմի եւ քայքայման պայմաններում, բոլշեւիկներին պետք եկավ խստագույն ռեպրեսիաների ավելի քան 10 տարի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---