19 հուլիսի 2007 - 19:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից
Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի
«Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը, որտեղ կարեւոր դերակատարություն ունի նաեւ Իրանը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վաշինգթոնի համար: Այն բանից հետո, երբ Իրանը համաձայնել է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին իր միջուկային օբյեկտները դիտարկելու համար, ԱՄՆ-ն սպառեցին պատերազմ սկսելու առիթները: Սակայն, եթե հիշենք Իրաքի օրինակը, հատուկ առիթներ պետք չեն ռազմական գործողություններ սկսելու համար: Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե որքանով են դրանք արդարացված, եւ արդյոք Վաշինգթոնը կխիզախի Ջորջ Բուշի նախագահության մնացած շրջանում ներխուժում իրականացնել, որը կարող է ավարտվել, ինչպես եւ իրաքյանը, այսինքն ընդհանրապես չավարտվել:
Հոյակապ հասկանալով, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում այդ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի անկայունությունը կուժգնանա` ԱՄՆ-ն, ամեն դեպքում մեծացնում են ռազմական ներկայությունը Պարսից ծոցում:
Սակայն ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ: Ապրիլի 30-ին եգիպտական Շարմ-էլ-Շեյխ քաղաքում միջազգային կոնֆերանս է կայացել Իրաքի հարցով, որին մասնակցում էին նաեւ Իրանի ներկայացուցիչները: Այդ ժամանակ էլ կողմերը վերջին 27 տարիների ընթացքում առաջին անգամ ոչ պաշտոնական բանակցություններ անցկացրեցին: Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանի կարծիքով, Վաշինգտոնին «կայունության աղեղ է» պետք Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: «Առաջին հերթին, դա վերաբերում է նավթի դերակատարմանը կայունության ապահովման գործում: ԱՄՆ-ն հանդես են գալիս համագործակցության օգտին, սակայն իրավիճակը Մերձավոր Արեւելքում շատ լարված է, եթե չասենք պայթյունավտանգ: Ճիշտ է, Վաշինգտոնում մտադիր են բարելավել հարաբերություններն Իրանի հետ»,- ասել է նա:
Ըստ էության, Վաշինգթոնի համար Իրանի հետ հարաբերությունները բարելավելու համար ամենաօպտիմալ ճանապարհը բոլոր ուղղություններով բանակցություններ սկսելն է. դիվանագիտական կապերի վերականգնման ծրագրի մշակում, ամերիկյան պատժամիջոցների աստիճանական վերացում եւ իրանական սառեցված ակտիվների վերադարձ, միջուկային ծրագրի զարգացման հարցում Իրանի հաջողությունների խնդիրը: Իրանի համար քիչ կարեւոր չէ նաեւ իր կարգավիճակի եւ ազդեցության ճանաչումը: Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել ԱՄՆ-ի հետ Իրաքում իրավիճակի կայունացման հարցերով, եթե նրանց կողմից նման առաջարկություն ստացվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: «Մենք դրական ենք վերաբերվում բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը եւ հնարավոր է, կանցկացնենք այն մոտ ժամանակներս»,- ասել է նա: Պետք է նշել, որ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ ԱՄՆ-ի հետ իրաքյան հարցով խորհրդատվություններ անցկացնելու պատրաստակամություն են դրսեւորել: Հուլիսի 9-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մեծ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի հետ Իրաքում անվտանգության խնդրի հարցով:
Այնպես համընկավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄաքՔորմակը եւս տեղեկացրել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Իրանի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու նոր փուլին` Իրաքում անվտանգության առումով օրեցօր վատթարացող իրավիճակի հարցով: Նա նշել է, որ Իրաքում ներկայիս իրադրության եւ Իրանի գործողությունների արդյունքում երկրում առավել ապակայունացած դրության կապակցությամբ, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ «դեմ առ դեմ» բանակցությունների նոր փուլի անցկացումը ցանկալի կլիներ: Ճիշտ է, նույն Պետդեպարտամենտը քննադատեց Թուրքիա իրանական գազի մատակարարման մասին նախնական համաձայնագրի ստորագրումը` նշելով իրանական էներգետիկա ներդրումներ անելու ժամանակավրեպությունը: Իրանն ու Թուրքիան օրերս հուշագիր են ստորագրել էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերի շուրջ: Ըստ պայմանավորվածության, Իրանը Պարսից ծոցում Հարավային Պարսի բնական գազի հանքավայրերից մի քանիսը կտրամադրի թուրքական ընկերություններին, իսկ Իրանը իր բնական գազը կմատակարարի Եվրոպա Թուրքիայի տարածքով: Ճիշտ է, Շոն ՄաքՔորմակի խոսքերով, Իրանի հետ գործնական համագործակցության մասին որոշումը պետք է ընդունեն թուրքական կառավարությունն ու թուրքական կազմակերպությունները: «Իրանը չի ապացուցել, որ հանդիսանում է հուսալի գործընկեր նման համաձայնագրերի համար»,- նշել է ՄաքՔորմակը:
Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի: «Փաստորեն, իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Ռուսաստանի ներկայությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր պարտադիր չի լինի: Մենք պետք է խորացնենք հարաբերություններն Իրանի հետ: Իրանը փոքրամասնություն է կազմում իսլամական աշխարհում, քանի որ իրանցիները շիա մահմեդականներ են: Հենց Իրանն է պոտենցիալ տարածաշրջանային տերությունը: Կհայտնվի՞ արդյոք Վաշինգտոնում այն քաղաքական ուժը, որը կկարողանա Իրանի հետ երկխոսություն վարել որպես հավասարի հետ: Սա է մերձավորարեւելյան խնդրի մեխը: Ինչպես կպահպանվի բալանսը սունիների (Ալ-Քաիդա) եւ շիաների միջեւ, ինչպես կլուծվի Լիբանանի խնդիրը` այս հարցրեն են, որ հստակ պատասխան են պահանջում: Սակայն բոլոր պայմաններում, Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից»,- գտնում է Խաչիկ Տեր-Ղուկասյանը: