17 նոյեմբերի 2007 - 18:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան ու Իսրայելը միասին երկու պետությունների փլուզման սպառնալիքի դեմ
Իսրայելը խոստացել է քննարկել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում իր ներկայացուցչությունը բացելու հարցը եւ աջակցություն է խոստացել Հայոց ցեղասպանության հարցում
Անցած շաբաթ Անկարայում պաշտոնական այցով եղավ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Իսրայելի նախագահի այցը կայացավ Թուրքիայի համար բարդ ժամանակներում` առաջին անգամ մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան բախվեց երկրի գոյության համար երկակի սպառնալիքների` Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվացման եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հետ: Երկու դեպքում էլ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, Անկարան, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում է պահում նաեւ հզոր հրեական գործոնը, որը կարող է մեծ դեր կատարել, հատկապես, Հայոց ցեղասպանության հարցում:
Այն որ Իսրայել պետությունը համառորեն ժխտում է այդ փաստը` նորություն չէ: Ավելին, նա անում է դա հենց Թուրքիային հաճոյանալու համար, քանի որ իսլամական աշխարհի միայն այդ երկրի հետ Իսրայելն ունի գործընկերային հարաբերություններ: Թուրքիան միակ մահմեդական պետությունն է, որը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Նշենք, որ Արիել Շարոնի եւ Էհուդ Օլմերտի կառավարությունները բավականին ակտիվորեն են սատարում Թուրքիայի թեկնածությանը Եվրամիությանն աջակցելու հարցում, իսկ Էրդողանը ի պատասխան աջակցեց «Մագեն Դավիդ Ադոմ» կազմակերպության անդամակցությանը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին եւ Եվրոպայում հուսով է, որ կստանա հրեական լոբբիի աջակցությունը` այն գործում է ոչ միայն ԱՄՆ-ում: Սակայն նրա եվրոպական ակտիվությունը հազիվ թե նպաստավոր լինի Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Ի դեպ, Պերեսը դարձավ Իսրայելի առաջին ղեկավարը, որը ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում:
Նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ բանակցություններում Շիմոն Պերեսն ընդգծեց, որ դիտում է Թուրքիային որպես կարեւոր տարածաշրջանային «խաղացող», որն ի վիճակի է դրական դեր կատարել մերձարեւելյան կարգավորման գործում: Այցի ժամանակ ստորագրվեց շրջանակային համաձայնագիր Հորդանանի արեւմտյան ափին երեք թուրքական արդյունաբերական գոտիներ ստեղծելու մասին: Թուրքական այդ նախաձեռնության իրագործումը, որն այստեղ պատմական իրադարձություն են անվանում, աշխատանքով կապահովի շուրջ վեց հազար հոգու, ինչը թույլ կտա լուծել այդ շրջանի բազում սոցիալական եւ տնտեսական խնդիրները: Բացի այդ, Իսրայելը խոստացել է քննարկել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունում իր ներկայացուցչությունը բացելու հարցը: Իսկ Իսրայելի նախագահը Թուրքիային խոստացավ նաեւ աջակցել Հայոց ցեղասպանության հարցում: «Անցյալը պատմաբանների գործն է, եւ ոչ մի օրինագիծ չի կարող դա փոխել: Պատմությունն ուսումնասիրել կարող են միայն պատմաբանները: Ապագայի իրական արժեքը գիտակցելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով ուսումնասիրել անցյալը», Պերեսի խոսքերն է հաղորդում Անատոլիական լրատվական գործակալությունը: Շ.Պերեսը հատկապես ընդգծել է, որ Իսրայելը միշտ աջակցել է եւ կաջակցի Թուրքիայի կողմից Հայաստանին արված առաջարկին` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ»: Նա կարծիք է հայտնել, որ տրամաբանական կլինի երկու ժողովրդների միջեւ ատելություն սերմանելու փոխարեն, գնահատել իրադարձությունները պատմական ուսումնասիրման հիման վրա: Նշենք, որ Պերեսը մշտապես կրկնվում է: «Պատմաբաններից» բացի, նա այդպես էլ ոչինչ չհորինեց:
Սակայն միության հիմնական բաղկացուցիչներից մեկն այն է, որ Թուրքիան 1996 թվականից ի վեր կապված է հրեաների պետության հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրով: Թուրքիան 4-րդ տեղն է զբաղեցնում Մերձավոր Արեւելքի տասը երկրների եւ 5-ը` եվրոպական երկրների թվում պաշտպանական ծախսերի ծավալով: Ներկայումս Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը 176 նախագիծ է մշակում, որոնք կապված են երկրի պաշտպանության ապահովման հետ: Թուրքիան ունի ՆԱՏՕ-ում թվով երկրորդ բանակը ըստ քանակի եւ մարտական հզորության: Թուրքական սպառազինությունների շուկայում տարեկան վաճառքի ծավալները կազմում են 3-5 մլրդ դոլար:
Փորձագետները կարծում են, որ իսրայելական ընկերությունները տարեցտարի առավել ծանրակշիռ տեղ են գրավում սպառազինությունների թուրքական շուկայում: Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի նկատի ունենալով սպառազինությունների թուրքական շուկայի ծավալն ու հեռանկարները, դիտում են Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը որպես երկու երկրների հարաբերություններում կարեւորագույն ուղղություններից մեկը:
Այդ թեզը հաստատում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը կից Սպառազինության արտահանման գործակալության տնօրեն Յոսի Բեն-Հանանի հայտարարությունն, արված 2007 թ. օգոստոսին: «Թուրքիան մեզ համար չափազանց կարեւոր շուկա է, ընդ որում ոչ միայն տնտեսական տեսակետից, այլ նաեւ այն բացառիկ դերի շնորհիվ, որ կատարում է այդ երկիրը մեր տարածաշրջանում: Թուրքիան առավել երկար սահման ունի Սիրիայի, քան Իսրայելի հետ: Բացի այդ, Թուրքիան, ի տարբերություն Իսրայելի, սահմանակից է Իրաքին եւ Իրանին: Երբ խոսքը գնում է պաշտպանության մասին, ես կասեի, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բնույթն այդ ոլորտում հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա: Ես չեմ կարող ասել, որ մենք բացարձակ հաջողության ենք հասել թուրքական շուկայում, սակայն մենք հաջողության ենք հասել որոշ ոլորտներում: Մենք շահագրգռված ենք հետագայում եւս գրավիչ առաջարկներ անել Թուրքիային եւ այդպիսով շարունակենք մեր համագործակցությունը»:
Վերջին երեք տարիներին Թուրքիան ակտիվ բազմակողմ արտաքին քաղաքականության շնորհիվ կարողացել է էապես ամրապնդել իր դիրքերը մահմեդական միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում: Սիրիայի հետ հարաբերություններում բեկում տեղի ունեցավ, որին չէին սպասում նույնիսկ ամենալավատեսները եւ թուրք-սիրիական հարաբերությունների խորացման կողմնակիցները: Անկարայի այդ հաջողությունները բարձրացնում են Թուրքիայի նշանակությունը երկկողմ թուրք-իսրայելյան գործընկերության մեջ: Եթե 90-ականների կեսերին այն ձեւավորվում էր «ընդհանուր թշնամիների դեմ ջանքերի համախմբման» կարգախոսի ներքո, ապա այսօր Թուրքիան գնալով միջնորդի ավելի հաստատուն դեր է ստանձնում Իսրայելի եւ նրան դիմակայող իսլամական երկրների, այդ թվում Սիրիայի միջեւ: