8 հունվարի 2008 - 19:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Սահակաշվիլին հաղթանակ տարավ, ինչը եւ պահանջվում էր ապացուցել
Վրացական ընտրություններից Հայաստանը կարող է վերջին հաշվով երկու եզրահանգում անել. ընտրությունները կընդունվեն ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից, եթե հաղթանակ տանի նա, ում վրա հույս են դնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եւ շատ հավանական է, որ մեզ մոտ էլ ամեն ինչ մեկ փուլով ա
Վրաստանի նախագահական ընտրությունները ավարտվեցին, ինչպես եւ ենթադրվում էր, Միխայիլ Սահակաշվիլին վերընտրվեց: Ճիշտ է, ոչ այնպիսի հաջողությամբ, ինչպես առաջին անգամ, երբ նա հավաքեց ձայների գրեթե 90 տոկոսը: Սակայն այժմյան արդյունքը` 52 տոկոս, եւս վատ չէ: Եւ ամեն ինչ լավ է, եթե հաշվի չառնենք մեկ հանգամանք: Սահակաշվիլիի ընտրությունը ծրագրված էր ԱՄՆ-ի կողմից եւ աշխարհում ոչինչ չէր կարող փոխել վրաց պատմությունը:
«Վրաստանում ժողովրդավարությունը հաղթական քայլ է կատարել,- լրագրողներին ասել է միջազգային դիտորդների ղեկավար, ամերիկացի կոնգրեսական Էլսի Հասթինգսը: - Հաշվի առնելով նախընտրական արշավում առկա սուր պայքարը, ես գտնում եմ, որ այս ընտրությունները պետք է համարել վրաց ժողովրդի ճշմարիտ ընտրությունը»: ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդները միակարծիք են վրաց ընտրությունների գնահատման հարցում, որոնք, նրանց կարծիքով, «իրոք մրցունակ էին»: «Չնայած ընտրությունները ըստ էության համապատասխանում էին միջազգային չափանիշների մեծամասնությանը ժողովրդավարական ընտրությունների համար, լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում»,- ասվում է ԵԱՀԿ զեկույցում:
Հայտարարությունը ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ ընդդիմությունը կարճ ժամանակահատվածում ֆիզիկապես ի վիճակի չէր ռազմավարություն մշակել եւ ստիպված էր սահմանափակվել խախտումների մասին հայտարարություններով: «Եթե փորձագետները որոշեն, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվել, ապա ոչ մի հիմք չկա, ինչպես նաեւ բացարձակապես անժողովրդավարական կլինի, հակառակը պնդելը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Reuters-ին տված հարցազրույցում:
Վրաց ընտրությունների մասին ավելի անկեղծ է արտահայտվել ամերիկյան հիմնադրամ Heritage-ի փորձագետ Արիել Կոենը: «Առաջնորդները գալիս եւ գնում են, իսկ ամերիկյան շահերը Հարավային Կովկասում մշտական են, ինչպես եւ ռուսական: Այդուհանդերձ, ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, չի կարող այդ ընտրություններից հետո հույս դնել Վաշինգթոնի աջակցության վրա»,- ասել է Կոենը:
Սակայն ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների ամերիկացի համակարգող Էլսի Հասթինգսի, գերմանացի դիտորդները դրանց ընթացքն ու արդյունքները առավել զգոն են գնահատել: ԵԱՀԿ դիտորդների առաքելության ղեկավար Դիտեր Բոդենը գտնվում էր Վրաստանում ողջ ընտրարշավի ընթացքում, այլ ոչ թե միայն քվեարկության օրը: Նա նման եզրակացություն է կատարել. «Այս ընտրությունները փայլուն չէին: Շատ էին թերությունները»: Մի շարք դեպքերում, ըստ Բոդենի, թերի էին ընտրացուցակները, շատ վատ էր կազմակերպված ձայների հաշվարկը: Մի շարք ընտրատեղամասերում ոստիկաններ էին գտնվում, ինչը հակասում է միջազգային կանոններին, որոշ տեղամասեր գերլցված էին, մարդկանց չէին սովորեցրել օգտվել հատուկ թանաքներից, գրում է Deutsche welle-ն:
Վրաստանի քաղաքացիները հունվարի 5-ին քվեարկում էին ոչ միայն նախագահի օգտին, այլեւ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով: Անգամ եթե ընտրողների 100 տոկոսը կողմ քվեարկեր անդամակցությանը, դրանից ոչինչ չէր փոխվի, քանի որ դա չի որոշվում հանրաքվեով, այլ Դաշինքի անդամ-երկրների կողմից: Եւ եթե Դաշինքը որոշի (կամ չորոշի) ընդունել Վրաստանին, ընտրողների ձայները կապ չունեն: Միխայիլ Սահակաշվիլիի տվյալ քայլը բարդ է բացատրել, սակայն ցանկության դեպքում կարելի է, եթե հաշվի առնենք ռուս-վրացական հարաբերությունները: Ստացվում է, ինչպես փոքր երեխաների դեպքում. «Իսկ մենք դա կանենք ի հեճուկս զեզ (Ռուսաստան), կանենք սա, կանենք նա եւ այլն»: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ-ին եւս ձեռնտու է Սահակաշվիլին. բոլորն արդեն գիտեն` նրանից ինչ սպասել:
Վրացական ընտրություններից Հայաստանը կարող է վերջին հաշվով երկու եզրահանգում անել. ընտրությունները կընդունվեն ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից, եթե հաղթանակ տանի նա, ում վրա հույս են դնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եւ շատ հավանական է, որ մեզ մոտ էլ ամեն ինչ մեկ փուլով ավարտվի: Վրաստանը կարեւոր տարանցիկ երկիր է Հարավային Կովկասում, սակայն Հայաստանը եւս կարեւոր տեղ է գրավում նոր աշխարհաքաղաքական կառուցվածքում: ԱՄՆ-ի համար միշտ ավելի լավ է լսող եւ «սեփական» նախագահ ունենալ, որը շարունակում է նույն քաղաքականությունը վարել, ինչ եւ իր նախորդները, քան անկանխատեսելի ապագան ընտրել: