Նավթադոլարներով Ադրբեջանում զենք են գնում

Ադրբեջանի իշխանությունները, որոնք հայտարարում են Հայաստանի հանդեպ ունեցած ռազմական առավելության մասին, հասկանում են, որ առանց Թուրքիայի ռազմական օգնության չեն կարողանա փորձել «վերադարձնել» Ղարաբաղին մերձակա տարածքները

Ռուսական Moscow Defence Brief ամսագիրը հրապարակել է 2000-2007թթ. Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմական տեխնիկայի ցուցակը: Ինչ խոսք, ցուցակը բավականին տպավորիչ է եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը պատրաստվում է կռվել գրեթե ողջ տարածաշրջանի դեմ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապեց հանդես գալ հերքումով, բնականաբար, ամեն ինչ գցելով «հայերի մեքենայությունների» վրա:
PanARMENIAN.Net - Ըստ անցյալ տարի ստորագրած պայմանագրի, 2008թ. Ադրբեջանը Արզամասի մեքենաշինական գործարանից կստանա մի քանի 90C տիպի զրահամեքենա եւ 70 80A տիպի զրահամեքենա: Գաբալայի ՌԼԿ-ի վարձույթի վերաբերյալ պայմանագրում արտացոլվել է Ռուսաստանի օգնությունը Ադրբեջանին ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի արդիականացման, ՌԴ-ում ադրբեջանցի զինծառայողների ուսուցման ու ռազմատեխնիկայի վերանորոգման ոլորտներում: 2005թ. Թուրքիան 170 մլն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Մուրադ Բայարի խոսքերով, Անկարան դիտարկում է Ադրբեջանի տարածքում իր զինված ուժերի համար նոր տանկերի արտադրություն կազմակերպելու հնարավորությունը: Նրա խոսքերով, համապատասխան պայմանագիրը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կարող է ստորագրվել մեկ ամսվա ընթացքում: «Մենք կարող ենք նաեւ Ադրբեջանի հետ համատեղ ռազմական նավեր, ինքնակառավարվող ինքնաթիռներ եւ ական որոնող սարքեր արտադրել»,-հավելել է փոխնախարարը: Նրա խոսքերով, Թուրքիան առաջարկել է նաեւ Ադրբեջանին արդիականացնել T-72 տանկերը:

Ադրբեջանը ձեռք է բերել նաեւ հրաձգային զենք ու ժամանակակից միջոցներ ամերիկյան եւ իսրայելյան ֆիրմաներից: Նախատեսվում է ձեռք բերել նոր ռազմական ինքնաթիռներ: 2005թ. Ադրբեջանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի 12 ՄԻԳ-29, 2 ՄԻԳ-29ՈՒԲ եւ 12 Լ-39 ինքնաթիռների ձեռք բերման վերաբերյալ: Այդ ընթացքում Ադրբեջանը ձեռք բերեց 12 ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ինքնաթիռներ (ենթադրաբար, Չեխիայից) եւ 1 ՍՈՒ-27ՈՒԲ` Վրաստանից: Համաձայնություն կա նաեւ Ուկրաինայից ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ձեռք բերելու մասին: South African ATE Company Siper Hind MkIII Program ընկերությունը (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) արդիականացնում է Ադրբեջանի ՄԻ-24 մարտական ուղղաթիռները»: Մոտ ապագայում Ադրբեջանը Չինաստանից կգնի ՖՍ-1 թեթեւ կործանիչներ:

Ըստ ցուցակի, 2002-2006թթ. Ադրբեջանը ձեռք է բերել Տ-72 տիպի 106 տանկ: Առաքիչների ցուցակում են Ուկրաինան, Բելառուսը, Չեխիան, Բուլղարիան, Վրաստանը: Զենքի առաքումների քանակով առաջին տեղում է Ուկրաինան, ինչը զարմանալի չէ` դեռեւս պատերազմի ժամանակ Կիեւը ոչ միայն զենքով էր մատակարարում ադրբեջանական բանակին, այլ նաեւ օդաչուներով եւ նշանառուներով: Հետաքրքրական է, որ ցուցակում կան նաեւ պարեկային մոտորանավակներ` 2000թ. Թուրքիայից ձեռք է բերվել AB-25 տիպի մեկ պարեկային մոտորանավակ, 2003թ.` ԱՄՆ-ից մեկ պարեկային «Փոյնթ» մոտորանավակ, 2001թ.` ԱՄՆ-ից երկու փոքր պարեկային մոտորանավակներ, 2001-2005թթ. Թուրքիայից գնվել է 30 փոքր պարեկային նավակներ: Մոտորանավակները նախատեսված են Կասպից ծովի համար եւ, հավանաբար, «կպահպանեն» Կասպից ծովի ադրբեջանական մասը Թուրքմենստանից կամ Իրանից, որոնց տարածքից Բաքուն նավթ է հանում: Սակայն դրանք մանրուքներ են, որոնք չեն կարող շփոթեցնել Ադրբեջանին: Նավթադոլարների հոսքը դեռեւս բավարար է նրա համար, որպեսզի այդ հոսքի մի մասը շրջանցի Ալիեւի կլանը: Սակայն որքան «կբարգավաճի» Բաքուն հիմնական բնակչության աղքատության պայմաններում, դժվար է ասել: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ հասարակությանը նախապատրաստում են պատերազմի, խուսափելու համար ապստամբություններից, ինչը լավ եւ վաղուց ի վեր փորձարկված բան է: Սակայն արդյունքներն երբեմն հակառակն են լինում:

Մինչդեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ամեն ինչ գլխիվայր են շրջում: «Ռուսասկան մամուլում հրապարակված տեղեկությունները Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքի մասին չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ՊՆ-ում այդ տեղեկությունները գնահատում են որպես ՌԴ հայամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվություն: Նման հոդվածները տեղեկատվական պատերազմի մի մաս են կազմում: Այն ուղղված է ներկայացնելու Ադրբեջանը որպես ագրեսիվ պետություն»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրության մեջ: Մեկ բան հաշվի չեն առել Բաքվում` Moscow Defence Brief ամսագիրը լուրջ պարբերական է եւ հրապարակում է միայն հավաստի տվյալներ: Իսկ այն, որ Ադրբեջանը ագրեսոր է, վաղուց արդեն գաղտնիք չէ: Տարեսկզբին Ստոքհոլմի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ընդգծել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը ամենից շատն են միջոցներ ծախսում սպառազինության վրա: Ավելին, ռուսական ամսագրի հրապարակած տվայլները ամբողջական չեն` իրականում Ադրբեջանի զենքը շատ ավելին է: Բոլոր այդ թվերը վկայում են մեկ բանի մասին` Բաքուն մտադիր չէ լուծել ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով եւ հույսը դրել է Թուրքիայի հզորության եւ օգնության վրա: Ռուս փորձագետ Ալեքսեյ Մակարկինի խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները, որոնք հայտարարում են Հայաստանի հանդեպ ունեցած ռազմական առավելության մասին, հասկանում են, որ առանց Թուրքիայի ռազմական օգնության չեն կարողանա փորձել իրենց վերահսկողությունը հաստետլ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վրա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---