Համանախագահները որոշել են բացե՞լ խաղաքարտերը

Հազիվ թե Մեթյու Բրայզայի հայտարարությունը հնարավոր լինի գնահատել որպես դիվանագիտական վրիպում: Հավանաբար, սա մտածված «արտահոսք է», որի միջոցով ակնկալվում է ստանալ հակամարտող կողմերի, այսինքն Բաքվի ու Ստեփանակերտի արձագանքները

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մի սենսացիոն հայտարարություն արեց: «Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրենք կորոշեն, անցնել Ադրբեջանի իրավասության տակ թե անկախություն ստանալ: Հանրաքվե կանցկացվի, որի միջոցով էլ իրենք ղարաբաղիցները որոշում կկայացնեն»,-ասել է Բրայզան լրագրողներին:
PanARMENIAN.Net - Բրայզայի հայտարարությունն, որ արվեց ո'չ Երեւանում , ո'չ էլ Բաքվում, այլ հենց Մոսկվայում հուշում է, որ կամ համանախագահները հոգնել են անվերջ կրկնել նույն բանը, կամ որոշել են մի փոքր բացել խաղաքարտերը: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, չնայած իր համեստ պաշտոնին, բավական կշիռ ունի դեպարտամենոտւմ եւ սովորաբար ասում է այն, ինչ չեն կարող ասել ոչ Քոնդոլիզա Ռայսը, ոչ Դենիել Ֆրիդը: Միանգամայն հավանական է, որ մինչ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները միջնորդներին, ինչպես բոլոր շահագրգիռ անձանց, հարկավոր է գործը շարժել մեռյալ կետից: Կոպիտ ասած, ստիպել Ի.Ալիեւին մի փաստաթուղթ ստորագրել: Փոխարենը նրան կարող են խոստանալ չքննադատել ընտրությունները, որոնք նույնիսկ անկախ էներգառեսուրսներից, հնարավոր չի լինի անվանել ազատ եւ ժողովրդավարական: Սակայն հարց է ծագում` իսկ ի՞նչ են ստիպելու անել Հայաստանին: Հասկանալի է, խոսքը կրկին գնալու է հինգ կամ յոթ շրջանների եւ փախստականների վերադարձի մասին: Սակայն այդ դեպքում ՀՀ-ն կարող է պահանջել վերադարձնել Շահումյանի եւ Գետաշենի շրջանները: Նաեւ Արծվաշենը` հայկական անկլավ Ադրբեջանի տարածքում, որը խայտառակ կերպով հանձվեց 1993թ., ինչի մասին չգիտես ինչու ոչ ոք չի հիշում: Այնպես որ, եթե խոսենք տարածքային պահանջների մասին, Ղարաբաղի պահանջներն էլ քիչ չեն:

Բաքվի արձագանքը ոչ մի նոր բան չէր պարունակում: «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն 15-20 տարի անց: Այդ գործընթացները կարող են իրականացվել միայն յոթ գրավյալ տարածքները ազատելուց եւ իրենց մշտական բնակության վայրեր ադրբեջանցի փախստականների եւ տեղահանվածների վերադարձից հետո»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նկատեք, Բրայզան փախստականների մասին չի խոսել, սա արդեն ադրբեջանի քարոզամեքենայի հավելումն է:

Սակայն պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի հարցում արդեն այն չէ, ինչ նույնիսկ տարվա սկզբին էր: Հանրապետականները կարող են տանուլ տալ, նախագահ կարող է դառնալ դեմոկրատ Բարակ Օբաման, որը, չփոխելով հիմնական գերակայությունները, ավելի ադեկվատ կընկալի իրադարձությունները, որ տեղի են ունենում ԱՄՆ-ից հեռու: Դա վերաբերում է նաեւ Կովկասին, էլ չասած Իրաքի, Իրանի եւ Աֆղանստանի մասին: Բրայզան, մեծ հաշվով, բան չունի կորցնելու` հազիվ թե նա լինի պետդեպարտամենտում նաեւ նոր վարչակազմի օրոք, թեեւ ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա էներգառեսուրսները ավելի շատ պետք են Եվրոպային, քան ԱՄՆ-ին: Սակայն Եվրոպան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրեթե ոչինչ չի որոշում: Եվ հետո Ադրբեջանի նավթի ու գազի հարցերն էլ բավականին խնդրահարույց են: Արդեն առաջին տարին չէ, որ պաշտոնական խորհրդաժողովներ են տեղի ունենում Կասպից ծովի կարգավիճակի որոշման շուրջ, որտեղից էլ Բաքուն նավթ է հանում: Կարգավիճակը դեռեւս որոշված չէ, իսկ Թուրքմենստանն ու Իրանը բազմիցս մեղադրել են Բաքվին նավթով հարուստ հողամասերը յուրացնելու մեջ:

Իսկ գուցե բոլորն արդեն հոգնել են Ալիեւի ռազմատենչ հայտարարություններից, համաշխարհային հանրության հասցեին հնչող շանտաժից ու սպառնալիքներից: Հարավային Կովկասի երկրները այնուամենայնիվ այնպիսի հզորություն չունեն, որպեսզի ինչ-որ բան թելադրեն աշխարհին, չափազանց մեծ է նրանց կախվածությունը արտաքին գործոններից` Ադրբեջանը կախված է նավթի գներից, Վրաստանը` ՆԱՏՕ-ից, Հայաստանը` հարեւաններից եւ մեկուսացումից: Նույնիսկ Սաուդյան Արաբիան ու Քուվեյթը, որոնց նավթի պաշարները շատ ավելի մեծ են, քան Բաքվինը, չեն կարող իրենց կամքը պարտադրել տերություններին: Բացառություն են կազմում միայն Իրանն ու Լիբիան, այն էլ վերապահումներով: Բանը նույնիսկ տերությունների ճնշումը չէ, այլ իրականությունը` պետության կայունությունը երբեք հիմնված չի եղել նավթի վրա: Նավթը կարեւոր գործոն է, սակայն կան նաեւ այլ գործոններ, այդ թվում հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ ժողովրդավարությանը: Իսկ դա Ադրբեջանում դեռեւս բացակայում է, եւ երբ կլինի` հայտնի չէ:

Հազիվ թե Մեթյու Բրայզայի հայտարարությունը հնարավոր լինի գնահատել որպես դիվանագիտական վրիպում: Հավանաբար, սա մտածված «արտահոսք է», որի միջոցով ակնկալվում է ստանալ հակամարտող կողմերի, այսինքն Բաքվի ու Ստեփանակերտի արձագանքները: Այս փուլում պաշտոնական Երեւանը մեկնաբանություններն ավելորդ են:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---