Կոսովոյի բումերանգը` բոլորը պարտվեցին

Վրաց-օսական հակամարտության արդյունքում տապալվեց միաբեւեռ աշխարահը եւ ԱՄՆ-ի հեգեմոնիան, որի համար Ամերիկան հազիվ թե շնորհակալություն ասի Սահակաշվիլիին

Անփառունակ հնգօրյա պատերազմն ավարտվեց` բոլորը պարտվեցին` Վրաստանը, Արեւմուտքը, Ռուսաստանը, տարածաշրջանը: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը կարող էին ինչ-որ բանի հասնել այս պատերազմում, ապա պետք է ընդունել նման մտածելակերպի թերի լինելը: Մի կողմ թողնենք Սահակաշվիլիի հույսերը` դրանք իրականում չէին կարող կատարվել` նա չափից շատ էր ուզում եւ չափից շատ էր հույսը դրել նույն ԱՄՆ-ի վրա, որին կարծես թե, այնքան էլ ձեռնատու չէ կռվել Վրաստանի համար, որի տեղը քարտեզի վրա միջին ամերիկացին հազիվ թե գիտեր մինչ Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների ծավալումը:
PanARMENIAN.Net - Ռուսաստանը նույնպես չշահեց այս հակամարտությունից, առնվազն, նրանում, ինչն Արեւմուտքում «ժողովրդավարություն» են անվանում: Ճիշտ է, դժվար է ժողովրդավարական համարել այն քայլերը, որ ուղղված էին Վրաստանի սպառազինմանն ու «տարածքային ամբողջականության վերականգնման» հրահրմանը: Սակայն այս ամենն արդեն անցյալում է եւ այժմ կողմերից յուրաքանչյուրը ջանում է նվազագույն կորուստներով դուրս գալ մի վիճակից, որ հրահրվեց Վրաստանի նախագահի անհաջող գործողություններով: Այս առումով, պետք է նշել, որ Սահակաշվիլիի ընկալմամբ «տարածքային ամբոջականություն» այլեւս չի լինի: Կոսովոյի ճանաչումը, որի անընդունելի լինելու մասին զգուշացնում էին Պուտինը եւ Լավրովը, հարվածեց Արեւմուտքին: Ընդ որում այն կողմից, որտեղից դա ամենից քիչն էին սպասում:

Պետք է հիշեցնել, թե ինչպես էր այս ամենը զարգանում: Օգոստսի 8-ի գիշերը Վրաստանը ռազմական գործողություն սկսեց Հարավային Օսեթիայում, գործնականում ավերելով հանրապետության մայրաքաղաք` Ցխինվալը եւ շատ բնակավայրեր, սպանելով, ըստ հարավօսական իշխանությունների, շուրջ 1.500 խաղաղ բնակիչների: Ի պատասխան Ռուսաստանն իր զորքերը մտցրեց Հարավային Օսեթիա պաշտպանելու համար այնտեղ բնակվող ՌԴ քաղաքացիներին, իսկ Աբխազիայի ափերին մոտեցան ՌԴ Սեւծովյան նավատորմի նավերը` ագրեսիան եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերը կանխելու նպատակով, այդ թվում ՌԴ այն քաղաքացիների, որոնք հանգստանում էին այդ հանրապետությունում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը հայտարարեց Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողությունն ավարտելու մասին: Իսկ տասը օր անց հայտարարեց, որ լիովին ավարտել է զորքերի ետ քաշումը: Ներկայումս Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի բուֆերային գոտում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնց տեղակայումը նախատեսված էր նախկինում կնքված վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրերով եւ չի հակասում Ռուսաստանի ստորագրած «Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրին»:

ԱՄՆ վարչակազմի եւ ԵՄ պետությունների հայտարարությունները ավելի շատ արվեցին հանրության համար, այլ ոչ թե արտացոլեցին իրերի իրական վիճակը: ԱՄՆ-ն հեռու է, Ռուսաստանը` մոտ եւ Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում ձմռան շեմին հայտնվել սուղ էներգետիկ ճգնաժամում: ԵՄ էներգակիրների կեսից ավելին նա ստանում է Ռուսաստանից եւ սա արդեն իսկ բավարար է, ուղղակի սահմանափակվելու համար հայտարարությամբ, որը դատապարտում է ՌԴ-ին ուժի չարաշահման համար: Եվ որքան էլ ՌԴ-ն ասի, թե չի օգտվում էներգետիկ լծակներից ճնշման համար, իրականում, հակառակն է: Վրաց-օսական հակամարտության արդյունքում տապալվեց միաբեւեռ աշխարահը եւ ԱՄՆ-ի հեգեմոնիան, որի համար Ամերիկան հազիվ թե շնորհակալություն ասի Սահակաշվիլիին: Ամերիկան զբաղված է նախընտրական քարոզարշավով, եւ Մըքքեյնի գլխավորած «նեոպահպանողականներին» շատ էր պետք վրացական բանակի հաղթանակը: Բայց...չստացվեց: Եվ փոխնախագահ Չեյնիի այցը Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա հազիվ թե ինչ-որ բան փոխի:

Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ: Արեւմտյան երկրները որոշել են պայքարել Վրաստանում Ռուսաստանի ներկայության դեմ փողի միջոցով: Այսպես Արժույթի միջազգային հիմնադրամը այս շաբաթ մտադիր է 750 մլն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին: ԱՄՆ-ն ու Եվրոպան, իրենց կողմից, եւս օգնության խոշոր ծրագրեր են մշակում, որը դրամական արտահայտմամբ կկազմի շուրջ 2 մլրդ դոլար: Այս միջոցները հատկացվում են օտարերկրյա ներդնողներին հանգստացնելու համար, որոնք մեծ դեր ունեն Վրաստանի տնտեսական կայունության հարցում, ինչպես նաեւ օգնելու համար Վրաստանին հոգալ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը: Բացի այդ, արեւմտյան միջոցները կօգնեն նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի արեւմտամետ կառավարությանը մնալ իշխանության մեջ, նշում է The Wall Street Journal-ը:

Ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Վրաստանին ցուցաբերվող ռազմական օգնությունը, հավանաբար, ավելացնելով իր տեսուչների քանակը: Ավելի լայն իմաստով, ըստ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի, Վաշինգտոնը ձգտում է «երկարաժամկետ շրջանակային ռազմավարություն» մշակել այս տարածաշրջանում: Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին դադարեցնել աջակցությունը «Սահակաշվիլիի ռեժիմին»: Նրա խոսքերով, կանգնելով Սահակաշվիլիի կողքին, նրանք «պատմական սխալ են գործում»:

Մի բան պարզ է` համաշխարհային տերությունների համար Հարավային Կովկասը լոկ մի տարածք է, որտեղ խաղարկվում է համաշխարհային տիրակալությունը: Ըստ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովի, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ղարաբաղիցները, ինչպես նաեւ օսերն ու աբխազները, մարդ չեն համաշխարհային «խաղացողների» համար: «Նրանց համար փոքր ժողովրդները ուղղակի աղբ են, որ խանգարում է նավթագազային հոսքերը կառավարելուն եւ արթնացած Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված նրանց շահամոլ պլանների առաջ մղմանը: Ըստ այդմ էլ մենք ինքներս պետք է եզրակացություններ անենք»,-ասել է նա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---