Թուրքիայի Կովկասյան պլատֆորմը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների

Կովկասյան պլատֆորմը մի լուրջ եւ բավական զգալի խոտան ունի. նրանում իր տեղը չունի Իրանը

Կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը կարելի է գնահատել որպես առնվազն Կովկասի սահմաններում Օսմանյան կայսրության վերակենդանացման փորձ` Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պայմաններում, այսինքն` որոշ առումով սահմանափակված; կարելի է գնահատել նաեւ որպես տարածաշրջանային տերության վերածվելու գործում միավորներ հավաքելու փորձ: Թե ինչ կլինի հետո` Հայաստանին քաջ հայտնի է, եւ պետք չէ մարգարե լինել, որպեսզի հասկանալ, որ ՀՀ-ն ուղղակի կխորտակվի թյուրքական ծովում:
PanARMENIAN.Net - Ճիշտ է, այդ ծրագիրը որոշ խոտաններ ունի. երկու երկրներ, որոնք Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի տրամաբանությամբ պետք է ընդգրկվեն միության մեջ, բավական խնդրառատ հարաբերություններ ունեն հարեւանների հետ. դրանք Հայաստանն ու Վրաստանն են: Վրաստանը տարածաշրջանը եւ, թերեւս, ողջ աշխարհը պատերազմի նախաշեմին է կանգնեցրել, մինչդեռ դրանում կանխավ արդեն հաղթանակող չի լինելու: Չնայած խաղաղության եւ բարեկամության ցանկության մասին բոլոր հայտարարություններին` ներկա պահին ոչ ոք Միխայիլ Սահակաշվիլիին չի ընդունում որպես լուրջ մարդ եւ վստահելի գործընկեր: Փաստորեն, իր «հնգօրյա պատերազմով» Վրաստանի նախագահը դավեց Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք հույսեր էին կապում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եկամուտների հետ: Էլ չենք ասում, որ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի վերակառուցման դեպքում այլեւս վերանում է Բաքու-Թբիլիսի-Կարսի կառուցման անհրաժեշտությունը: Ընդ որում, այդ անհրաժեշտությունը վերանում է զուտ տնտեսական տեսանկյունից, էլ չենք ասում նախագծի քաղաքական աստառի մասին: Եթե անգամ ճանապարհը կառուցվի, մեծ մասամբ այն հնարավոր է չգործի, քանի որ անցնում է Թուրքիայի վտանգավոր տարածքներով, որտեղ գործում են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ դրությունն ավելի բարդ է. բացակայում են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Եւ եթե անկարայի հետ վերջերս երկխոսություն է սկսվել, որն, ի դեպ, անպայմանորեն չի բերի հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Բաքվի հետ հարաբերությունները դժվար թե կարգավորվեն մոտակա 10-15 տարիների ընթացքում, չնայած ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնական անձինք շտապեցնում են իրադարձությունները: Համենայնդեպս, ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն սկսել է տեղեկատվություն հայտնվել այն մասին, որ միայն Թուրքիան կարող է փոխարինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Նույն ադրբեջանական ԶԼՄ-ների կարծիքով Անկարայի միջնորդական առաքելությունը առավել մեծ արդյունք կտա, քան Մինսկի խմբի 17-ամյա գործունեությունը: Ինչպես հաղորդում է Bakiliar.AZ-ն, ղարաբաղյան հակամարտության հարցում Աբդուլլա Գյուլի նախաձեռնությունը ամբողջությամբ սատարում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն: Վերջին օրերի իրադարձությունների զարգացումը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան լիովին կարող է միայնակ փոխարինել ողջ Մինսկի խմբին, որը ղարաբաղյան հակամարտության հարցով ապարդյուն կերպով զբաղվում է արդեն 17 տարի:

Ավելին, Թուրքիայի նախագահն արդեն բացեիբաց ասում է, որ Հայաստանը պատրաստ է դուրս բերել զորքերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող շրջաններից: Գյուլի եւ Ալիեւի հասկացողությամբ հայկական զորքեր այնտեղ չկան: Անվտանգության գոտին վերահսկվում է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից, եւ ողջ աշխարհն, այդ թվում` համանախագահներն, այդ մասին քաջատեղյակ են: Բայց հակառակ կողմի տրամաբանությամբ` այդպես ասելն ավելի հարմար է, ինչպես եւ հարմար է ժամանակ առ ժամանակ հիշեցնել Ադրբեջանի 20% «գրավված» տարածքի մասին, որն իրականում 13% է, եւ դա Լեռնային Ղարաբաղի տարածքն է, ինչպես նաեւ 1 միլիոն փախստականների մասին, երբ նրանց թիվը չի գերազանցում 400 հազարը: Բայց դա արդեն Իլհամ Ալիեւի եւ, երեւի թե, Աբդուլլա Գյուլի խնդիրն է:

Կովկասյան Պլատֆորմն ունի եւս մեկ զգալի խոտան. այնտեղ իր տեղը չունի Իրանը: Սկզբունքորեն այն պետք էլ չէր, որ լիներ, քանի որ Օսմանյան եւ Պարսկական կայսրությունները մշտապես պատերազմել են միմյանց հետ, եւ Իրանի ընդգրկումը միության մեջ, եթե դա, իհարկե, իրագործվի, ուղղակի անհնար է: Իրանը չի կարող ներկա լինել նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով, որը սատարում է թուրքական նախաձեռնությանը:

Բայց կարճատեւ հեռանկարում, այսինքն` մինչ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության կարգավորումը, Կովկասյան պլատֆորմը կարող է եւ իրականություն դառնա: Բայց որեւէ լուրջ բանի, առավել եւս Կովկասի հակամարտության կարգավորման, այն ընդունակ չէ, եթե ոչ` նոր հակամարտությունների հրահրման:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---