Այդ գործը բավական լրջորեն է ծավալվում` երկու երկրների ԱԳՆ մակարդակով: Ընդ որում, հետաքրքիր է, որ հարեւան հանրապետությունում գտնվում են քաղաքական գործիչներ, որոնք բանը հասցնում են նրան, որ, իբր, Ռուսաստանը զենք է վաճառել ոչ թե Հայաստանին, այլ ոմն երրորդ երկրին: Անհասկանալի է, ու՞մ կարելի է այդքան զենք վաճառել` միգուցե Իրանին, կամ Թուրքիային կամ... Վրաստանի՞ն: Այստեղ բավական հետաքրքիր եզրակացություն է առաջ գալիս. ՌԴ-ն Հայաստանի միջոցով զենք է մատակարարում Թուրքիային, որն էլ այն փոխանցում է Բաքվին: Եւ դա համատեղ այն սպառազինության հետ, որը Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է երկկողմ համաձայնությունների շրջանակներում: Համաձայնե'ք, այդ ամենը բավական անհեթեթ է երեւում անգամ Բաքվի ագիտացիոն քարոզչության համար: Իսկ որ դա հենց քարոզչական հնարքներ են, դրանում կասկած անգամ չկա: Իշխանությունների գլխավոր պատվերը` Հայաստանը ներկայացնել որպես մինչեւ ատամները զինված եւ խաղաղ Ադրբեջանի վրա հարձակվելու պատրաստվող երկիր, փայլուն կերպով իրականացվում է: Բայց դե այդ հեքիաթներին ոչ ոք արդեն չի հավատում, այդ թվում եւ տեղեկատվության հեղինակները:
Նման տեղեկատվության հայտնվելը հենց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «գազային պատերազմի» ամենաթեժ պահին, ինչի արդյունքում Եվրոպան առանց գազի է մնացել, միանգամայն բացատրելի է: Ադրբեջանն ուզում է Եվրոպայի գազի մատակարար-մենաշնորհատեր դառնալ եւ դրա համար կանխավ զգուշացնում է. մենք պատրաստ ենք, բայց ահա Հայաստանը կարող է խանգարել: Այնպես որ եթե Եվրոպային անհրաժեշտ է ադրբեջանական գազը, նա պետք է «Հայաստանն իր տեղը դնի»: Տեղը, որը Բաքուն, հետեւելով թյուրքական ավանդույթին, թողնում է Հայաստանի համար, եթե անապատն ու մահը չէ, ապա նման մի բան է: Բայց Բաքուն մոռանում է մի կարեւոր բան. էներգոմատակարարման մենաշնորհը վաղ, թե ուշ սկսում է խախտվել. չէ՞ որ ոչ ոք չի երաշխավորի, որ նույն այդ Թուրքիայով փոխադրման դեպքում չեն ծագի շատ ավելի լուրջ խնդիրներ, քան ուկրաինական սակարկությունները փոխադրման գնի եւ պայմանների վերաբերյալ:
Բայց դե վերադառնանք առասպելական սպառազինության մատակարարմանը: Ադրբեջանի ԱԳՆ համար ռուսական կողմի ցանկացած պատասխան, եթե այն բացասական է, անընդունելի է: «Ադրբեջանի ԱԳՆ պահանջում է լրացուցիչ բացատրություններ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին է փոխանցել Գյումրիի 102 ռուսական ռազմակայանը Հայաստանին փոխանցելու հնարավորության մասին Ադրբեջանի հայցի պատասխանը: Ռուս դիվանագետի պատասխանը չբավարարեց ադրբեջանական կողմին, եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պահանջել է փաստի մանրամասն պարզում»,- ասել է Ադրբեջանկի ԱԳՆ մամլո կենտրոնի աշխատակից Էլհան Պոլուհովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի «քարոզչության նախարարությունում» կարծես թե ամեն ինչ հաշվի են առել, բացի մի կարեւոր փաստից. գոյություն ունեն սպառազինման մասին զանազան միջազգային պայմանագրեր: ԴՕՎՍԵ շրջանակներում եւ' Ռուսաստանը, եւ' Հայաստանը պարտավոր են տեղեկացնել, թե իրենք ինչ, որտեղ եւ ինչ քանակությամբ ունեն: Այս կամ այն միավորների ցանկացած փոփոխությունների կամ տեղափոխման մասին նրանք պարտավոր են տեղեկացնել Վիեննայի ԵԱՀԿ շտաբակայան: Վիեննայում նման տեղեկատվություն չկա, եւ առնվազն դրա պատճառով ԶԼՄ տարածած 800-միլիոնանոց գործարքը չի համապատասխանում իրականությանը: Ցանկացած ժամանակ ԵԱՈՒՍՕ ցանկացած մասնակից կարող է ցանկություն հայտնել` կատարելու պայմանագրի իրականացման տեսչական ստուգում: Մինչեւ հիմա Հայաստանի ստուգումներից եւ ոչ մեկը խախտումներ չի բացահայտել, ընդհակառակը, պայմանագիրը պարբերաբար խախտում է Ադրբեջանը, որն ակտիվ կերպով զենք է գնում Չեխիայում եւ, հատկապես, Ուկրաինայում. խոսքն առաջին հերթին գնում է զրահատեխնիկայի եւ հեռահար ռեակտիվ համազարկային կրակի «Սմերչ» համակարգի մասին: Բաքվի ակտիվ վերազինման մասին տեղեկությունը հայտնի է ՄԱԿ-ին, որտեղ զենքի արտահանող երկրները ամեն տարի ուղարկում են գործարքների մասին տեղեկատվությունը: Բայց այստեղ էլ Ադրբեջանը կարողանում է ամեն ինչ Հայաստանին վերագրել, այդ թվում` իր սպառազինությունը, եւ մոլորության մեջ գցում ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ լրատվական կայքերից օգտվողներին: Ամեն անգամ «քարոզչության նախարարության» գործողություններին պատասխանել չարժե, քանի որ դրանով իսկ Հայաստանն իրեն արդարացողի դրության մեջ է նետում: Բայց ժամանակ առ ժամանակ պետք է ցույց տալ դոկտոր Հեբբելսի ժառանգներին, որ անգամ ստի հարցում չափի զգացողություն է պետք, թեեւ, ինչպես սիրում էր կրկնել ռեյխմինիստրը, սուտը պետք է հրեշային լինի, որպեսզի դրան հավատան: