25 ապրիլի 2009 - 18:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Ապրիլյան ծանր շաբաթ` 94 տարի անց
Կհաջողվի՞ արդյոք հայկական կողմին պնդել իր դիրքորոշումն ու համոզել թուրքական եւ հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգիռ մյուս բոլոր կողմերին, որ երկխոսությունը հնարավոր է միայն եւ միայն առանց նախապայմանների:
Շաբաթը սկսվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցից: Ոչ մի նոր բան, եթե չհաշվենք հերթական մշուշոտ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման , տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման հաստատման վերաբերյալ: ՄԽ հայտարարություններն երբեմն շատ են հիշեցնում քաղկոմների քարտուղարների զեկույցները բարձր ատյաններին` ամեն ինչ լավ է, ճիշտ է կան որոշ թերություններ, անհամաձայնություն, սակայն ամեն ինչ կարելի է շտկել: Համանախագահների երթուղին եւս ավանդական է` Երեւան-Բաքու-Երեւան-Ստեփանակերտ-Երեւան-Բաքու, որոշ տարբերակումներով:
Սակայն ահա թե ինչն է հետաքրքիր` դեռեւս ոչ մի անգամ պաշտոնական Բաքուն չէր բողոքել նման երթուղու դեմ եւ նոտա չէր հղել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ԱԳՆ-ներին «սահմանի ապօրինի հատման մասին»: Գրեթե ինչպես Օրուելի մոտ` բոլորը հավասար են, սակայն ոմանք ավելի հավասար են, քան մյուսները: Բայց սա հենց այնպես: Դիվանագետները ժամանել էին, որպեսզի ավելորդ անգամ համոզվեն, որ նախագահները չեն փոխել մայիսի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու իրենց մտադրությունը...
Սակայն հիմնական նորությունն ապրիլի լույս 23-ի գիշերը եղավ, երբ հրապարակվեց Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների համաձայնությունը Շվեյցարիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ ինչ-որ ճանապարհային քարտեզի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ամենահետաքրքիրն այն է, որ համաձայնության բուն տեքստը տեքստ էլ չես անվանի նրա սեղմ լինելու պատճառով: Սակայն սա հիքմ հանդիսացավ տարբեր տեսակի մեկնաբանությունների եւ բացատրությունների համար, հատկապես ադրբեջանական մամուլում: Անմիջապես տարբեր տեսակի «արտահոսք» հայտնվեց, որն ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ: Սպիտակ թելով կարված ապատեղեկատվությունն այնքան ակնհայտ էր, որ արդեն մեկ օր անց ադրբեջանական մամուլում հերքումներ հայտնվեցին...Իսկ խոսքը գնում էր ոչ ավել ոչ պակաս ինչ-որ հինգ կետերի մասին, որոնք պետք է կատարի Հայաստանը, որպեսզի Թուրքիան ողորմաբար բացի սահմանը: Ի դեպ, հենց Հայաստանի բնակչության անիրազեկությունը համաձայնության բովանդակության մասին պատճառ հանդիսացավ տաբեր տեսակի մեկնաբանությունների համար, որոնք շատ հեռու են իրականությունից: Միանգամայն հասկանալի է, որ այս խաղում յուրաքանչյուրն աշխատելու է խորամանկել մյուսին, հարցը նրանում է, թե որքանով հայկական կողմին կհաջողվի պնդել իր դիրքորոշումն ու համոզել թուրքական եւ հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգիռ մյուս բոլոր կողմերին, որ երկխոսությունը հնարավոր է միայն եւ միայն առանց նախապայմանների: Առավել եւս, եթե հարցը Հայաստանի համար այսպես է դրված` լինել թե չլինել:
Եվ վերջինն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձն էր, որին բոլորը սպասում էին ինչ-որ ցավագին զգացումով` կասի թե չի ասի: Հայերի այն փոքր տոկոսը, որը հստակ գիտեր, որ ԱՄՆ նախագահը կխուսափի «ցեղասպանություն» բառեզրից իր ուղերձում, համոզվեց դրանում: Սակայն Բարաք Օբաման ավելի հեռուն գնաց` նա փաստորեն օրինականացրեց ցեղասպանության հայկական անվանումը` Մեծ եղեռնը, ինչին միացավ ողջ աշխարհը, ներառյալ Թուրքիան: Պարզամտություն կլիներ կարծել, որ նա չմտածված օգտագործեց այս բառակապակցությունը: Նա, իսկ ավելի ճիշտ, նրա ելույթը նախապատրաստողները, փրկեցին նրա հեղինակությունը` եւ բառը չասացին եւ հայերին հաճոյացան: Այս կապակցությամբ կրկին հարց է առաջանում` դեռ որքան ժամանակ է Հայոց ցեղասպանության հարցը լինելու հայկական պետության արտաքին քաղաքականության հիմնական, եթե ոչ միակ գերակայությունը:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունից առաջ հայերը չգիտես ինչու կարծում էին, որ Օբաման անպայման կկրկնի այն, ինչ ասում էր, լինելով սենատոր եւ նախագահության թեկնածու: Եթե շատ չկառչենք բառերից ու սահմանումներից, ապա ԱՄՆ-ի նախագահը կատարեց իր խոստումը: Թե որքանով է այս արտահայտությունը մոտ ճշմարտությանը, հաստատում է այն փաստը, որ Թուրքիայում «Մեծ եղեռն» եւ «Ցեղասպանություն» բառերն ընկալվում են որպես հոմանիշներ: Ասենք ինչպես Եվրոպայի հրեաների աղետի եւ Հոլոքոսթի դեպքում: Ի դեպ, գրեթե նույն արտահայտություններն էր օգտագործում թուրք մտավորականությունը` ներողություն խնդրելով հայերից 1915թ. իրադարձությունների համար: Իսկ հայտնի թուրք դեսպան ու դիվանագետ Յալիմ Էրալպն ասել է, որ «Մեծ եղեռն» հենց «ցեղասպանություն» է նշանակում: Ավելին, Օբամայի ելույթը խսիտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից, որն անընդունելի է համարել նրա արտահայտությունները: Իսկ, ըստ Աբդուլլահ Գյուլի, Օբամայի խոսքում կան որոշ պահեր, որոնց հետ Գյուլը համաձայն չէ: «1915թ. կյանքին հրաժեշտ տվեցին հարյուր հազարավոր թուրքեր եւ մահմեդականներ: Այս առնչությամբ պետք է կիսել բոլոր զոհվածների ցավը»,-հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:
Սակայն այս դեպքում հարցը ոչ թե արտահայտություններն են, այլ իրավական ասպեկտը: Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ Թուրքիան, հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ստիպված է լինելու նյութական եւ բարոյական փոխհատուցում տալ հայերին: Այս ամենն այնքան է ասվել, որ արդեն նույնիսկ լրջորեն չի ընկալվում: Վատագույնը, ինչ կարող էր պատահել այս հարցում, արդեն պատահել է` Հայոց ցեղասպանության ճանաչումը շահարկման քաղաքական գործիք, ճնշման միջոց է դարձել, միայն ոչ արդարության ճանաչման պահանջ:
Բոլորից լավ Օբամայի ելույթը մեկնաբանեց քաղաքականությունից բավական հեռու կանգնած մի մարդ` Արմեն Ջիգարխանյանը.«Մեր ակնկալիքները քաղաքական հարթությունից դուրս են: Օբամայի անձի կարեւորությունը ժամանակավոր է: Իսկ Հայոց ցեղասպանության խնդիրն արդեն 94 տարի է գոյություն ունի: Եվ կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը թե ոչ, այդքան էլ կարեւոր չէ: Ավելի կարեւոր է մեր բոլորիս վերաբերմունքը գործերի այսօրվա վիճակին: Այս հարցին հարկավոր է մոտենալ բաց սրտով եւ սթափ մտքով, զգացմունքներն այս հարցում չեն օգնի»: Ըստ Արմեն Ջիգարխանյանի, յուրաքանչյուր ոք, ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, պետք է մտածի, թե որքանով է ինքն իրավասու այս հարցում: «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի պահանջել ցեղասպանության ճանաչումը, ինչը միաժամանակ չի բացառում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը»,-ասել է նա:
Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News