Այդ նախաձեռնությունն արդիական է եւ, պետք է խոստովանել, որ նույնիսկ մի փոքր ուշացած: Փաստորեն, առաջին անգամ ԼՂՀ-ն պատրաստվում է օրենք ընդունել, որով ցանկացած ղեկավար, լինի դա Հայաստանի թե ԼՂՀ-ի ղեկավար, հայտարարվում է հայրենիքի դավաճան, այստեղից բխող բոլոր հետեւանքներով, եթե մտադրվի խոսել «գեթ մեկ շրջան վերադարձնելու մասին»: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ադրբեջանական բանակի զինծառայողները, գերի ընկնելով, եւ ետ վերադառնալով, դատապարտվում են ազատազրկման տարբեր ժամկետների:
«ԼՂՀ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունեց հանրապետության Սահմանադրությունը, որտեղ հստակորեն ամրագրված են մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Ես դիմում եմ ԼՂՀ իրավապահ մարմիններին եւ առաջարկում եմ քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն քաղաքացիներին, որոնք փոզիջման համատեքստի կամ այլ տարբերակների քողարկմամբ կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը»,-ասվում է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ: Ըստ խորհրդարանականի, նման արարքը ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ է:
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ գերտերությունները ԵԱՀԿ ՄԽ օգնությամբ շտապում են հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը եւ բանն այստեղ միայն խողովակաշարերի անվտանգությունը չէ: Դարասկզբին շատ էր խոսվում Բալկաններում սկսվող եւ Աֆղանստանում վերջացող անկայունության կորի մասին: Կորը ներառում է բոլոր խնդրահարույց շրջանները, եւ Կովկասը բացառություն չէ: Այնպես ստացվեց, որ իրականում համաշխարհային հանրությունն ի վիճակի չէ հանգուցալուծել տեւական հակամարտությունները: Պաղեստինա-իսրայելյան հակամարտությանը վերջին 50 տարում ավելացան Կոսովոյի, Ղարաբաղի, վրաց-աբխազական հակամարտությունները եւ ոչ մի երաշխիք չկա, որ հակամարտությունները Կովկասում չեն ավելանա: Առանձնանում է ռուս-չեչենական դիմակայությունը: Ելնելով այս ամենից` ղարաբաղյան հակամարտության լուծումը չգիտես ինչու բավականին դյուրին գործ է թվում, ինչն իրականում այդպես չէ: Պատկերացնենք հետեւյալը` ընդ որում այդ ամենը գրեթե անիրական է մոտ ապագայում` Հայաստանը (այսինքն ԼՂՀ-ն) համաձայնվում է վերադարձնել գոնե երկու շրջան, Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Թե ինչ կհաջորդի դրան, միանգամայն պարզ է. պաշտոնանկություն երկու երկրներում, ներքաղաքական անկայունություն, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի եւ, որպես հետեւանք, իրոք նոր պատերազմ Ղարաբաղում: Ընդ որում այդ պատերազմի արդյունքները չի կարող կանխատեսել ոչ ոք, քանի որ բլիցկրիգ Բաքվի մոտ չի ստացվի, իսկ տեւական պատերազմը, որքան էլ դա տխուր լինի, ձեռնատու է հայկական կողմին: Արդյունքում մենք կստանանք նոր զոհեր, 2-3 անգամ ավելի, քան առաջին անգամ, ընդհանուր անկայունություն տարածաշրջանում, որի վրա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն վերջնականապես խաչ կքաշեն: Շահում է Ռուսաստանը, որին հարկավոր է ցանկացած գնով վերադարձնել կորցրած դիրքերը եւ անհետացող ազդեցությունը: Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան ամեն ինչի կգնա, հաշվի չնստելով ոչ կորուստների, ոչ ժողովրդների հետ, որոնք ապրում են այդ տարածքում: Դա մշտական ռուսական քաղաքականությունն է, որը ժամանակ առ ժամանակ արդյունք է տալիս, սակայն երկարաժամկետ հեռանկարի համար չէ:
Լեռնային Ղարաբաղում վաղուց են նման եզրակացության եկել, մնում է Երեւանը, որը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել եւ փորձում է շարունակել երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը: Փոխլրացման քաղաքականությունն, ինչպես արդեն ասվել է, լիովին սպառել է իրեն, սակայն փոխարենը ոչ մի նոր բան չի մտածվել:
Այս ամենը հիանալի հասկանում են համանախագհ երկրները, փորձելով, գոնե չեզոքացնել ղարաբաղյան հարցն իր համար ընդունելի ձեւով լուծելու Ռուսաստանի փորձերը: ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացված է բավական փորձառու դիվանագետներով` թող ոչ ոքի մոլորության մեջ չգցեն միջնորդների երբեմն «մշուշոտ» մեկնաբանությունները` նրանք ասում են այն, ինչ պետք է ասի դիվանագետը` մի բան Բաքվում, մեկ ուրիշը Երեւանում եւ բոլորովին այլ բան` Ստեփանակերտում:
Թուրքիայի միջամտությունը, եթե այդպիսին լինի, կհետաձգի հակամարտության լուծումը տեւական ժամանակով եւ բանը նրանում չէ, որ նա շահագրգռված երկիր է: Ի դեպ, Անկարան, որը խոսքով սատարում է Ադրբեջանին, կարող է ամենաորոշիչ պահին 180 աստիճանի շրջադարձ կատարել...Անշուշտ, նա ակնհայտորեն չի սատարի Հայաստանին, սակայն կարող է ուղղակի չեզոքություն պահպանել: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Թուրքիան ու Իրանը պայմանավորվեն համատեղ գործել տարածաշրջանում: Եվ այդ ժամանակ Ադրբեջանի համար իրոք դժվար կլինի` ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչպես է Թեհրանը վերաբերվում ողջ տարածաշրջանը ինչպես մշակութային, այնպես էլ տարածքային առումով յուրացնելու Բաքվի փորձերին: Նման բան ոչ ոք չի հանդուրժի, նույնիսկ Թուրքիան, էլ չենք ասում գերտերությունների մասին, որոնք հանդուրժում են Ադրբեջանին բացառապես նավթի ու գազի համար: Սակայն եթե համաձայնություն կնքվի Իրանի ու Թուրքմենստանի միջեւ, ապա Բաքվի նկրտումներին վերջ կգա: Եթե հավատանք ԶԼՄ-ներին, ապա Թուրքիան ու Մեծ Բրիտանիան արդեն նվազեցրել են ներդրումների ծավալն Ադրբեջանում:
Անդրադառնալով շտապողականությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` նշենք, որ շտապ ընդունվող որոշումներն երբեք հիմք չեն ծառայել խաղաղության մասին պայմանագրի կնքման համար: Դրա օրինակն են արդեն բավականին բոլորին ձանձրացրած Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք հայտնվել են երկամյա ծանր բանակցություններից հետո: Սակայն չի ստացվում, եւ չի էլ կարող ստացվել, քանի դեռ երկխոսությունը երկու երկրների միջեւ նմանվում է կույրի երկխոսությանը խուլի հետ: