22 դեկտեմբերի 2009 - 22:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանը պետական սնանկության եզրին է կանգնած
Նավթի հարցում Բաքուն գնաց նվազագույն դիմադրության ճանապարհով` խաղաց պահանջարկի բարձրացման վրա, շանտաժի ենթարկեց Արեւմուտքը եւ շարունակում էր ներկայանել թշնամի-հայի կերպարը, իսկ արդյունքում ոչինչ չստացավ:
Ըստ ամենայնի, Ադրբեջանը դարձավ «հոլանդական հիվանդության» հերթական զոհը: Այդ հիվանդությունը բնորոշ է այն երկրներին, որոնք հույսը դնում են միայն նավթի արտահանման վրա, չմտածելով այն մասին, թե ինչով այդ ամենը կարող է ավարտվել: Ըստ Բաքվի ԶԼՄ-ների, նավթի արտահանումը 2009թ. կրճատվել է 2,9 անգամ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արժեքը` 4 անգամ: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանն արտահանել է 10 700 483,9 հազար դոլարի շուրջ 25 575 334,6 տոննա հում նավթ: Հում նավթն արտահանվել է Պետական նավթային ընկերության մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը:

Ընդ որում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով արտահանվել է 2 344 730 տոննա, Բաքու-Սուպսա նավթամուղով` 3 856 983,5 տոննա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով` 31 951 468,9 տոննա, եւս 1 284 657,7 տոննա տեղափոխվել է երկաթուղով: Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում է «Խրոնիկա.ազ»-ը, 2009թ. հունվար-նոյեմբերին Ադրբեջանի արտաքին ապրանքաշրջանառությունը անկում է ապրել 2,9 անգամ: Արտահանումը կրճատվել է 3,57 անգամ, իսկ ներմուծումը` 18, 35 տոկոսով:

Հում նավթն ու նավթամթերքը կազմել են ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ադրբեջանական արտահանման 91,63 տոկոսը, 2008թ. նույն ժամանակահատվածի 96,94 տոկոսի դիմաց: Հում նավթի բաժնեմասը Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալում հաշվետու շրջանում կազմել է 81,28 տոկոս (2008թ. հունվար-նոյեմբերի 92,76 տոկոսի դիմաց): Ընդ որում, նավթի արտահանման ծավալը նվազել է 75,44 տոկոսով 2008թ. հունվար-նոյեմբերի համեմատ եւ կազմել է շուրջ 25,575 մլն տոննա:

Բնական է, որ Ադրբեջանը, որի բյուջեի առյուծի փայը ձեւավորում է նավթամթերքի արտահանումը, ստիպված էր 17 տոկոսով կրճատել 2010թ. բյուջետային ծախսերը, իսկ միջոցների կեսը գանձել Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամից, որտեղ կուտակվում է նավթի արտահանումից ստացված գերշահույթը, եւ ենթադրվում էր, որ երբ նավթային բումն Ադրբեջանում ավարտին մոտենա, այդ հիմնադրամի միջոցները կմեղմեն եկամուտների տարբերությունն այդ հանրապետությունում: Սակայն, շուրջ 6 մլրդ դոլար կգանձվի հիմնադրամից արդեն 2010 թվականին:

Այդ միտումների ֆոնի վրա, 11 տոկոսով աճել է Ադրբեջանի պետպարտքը, 18,4 տոկոսով անկում է ապրել նավթի վերամշակումը, 60 տոկոսով կրճատվել է շինանյութի շուկան: Ավելացել են բացասական միտումները նաեւ սոցիալական ոլորտում` շուրջ 12 մլն ադրբեջանցիներ ապրում են աղքատության մեջ, իսկ սոցիալական ծախսերը 2010թ. պետբյուջեում Ադրբեջանի կառավարությունը կրճատել է:

Փաստորեն Իլհամ Ալիեւի խանությունը կոլապսի եզրին է եւ նրա ռազմաշունչ հայտարարություններն, ըստ էության, արվում են բնակչությանը կենսական խնդիրներից շեղելու համար: Բավականին հին մեթոդ է, որը միշտ չէ, որ աշխատում է իշխանությունների համար ձեռնատռու «ուղղությամբ»: Ինչեւէ, նավթի հարցում Բաքուն գնաց նվազագույն դիմադրության ճանապարհով` խաղաց պահանջարկի բարձրացման վրա, շանտաժի ենթարկեց Արեւմուտքը եւ շարունակում էր ներկայանել թշնամի-հայի կերպարը, իսկ արդյունքում ոչինչ չստացավ: Իսկ ասյտեղ նաեւ ճգնաժամը հավելվեց, որն, ինչպես պնդում էին նախագահի մերձավորները, շրջանցել է Ադրբեջանին:

Էներգակիրներ ունենալն ու դրանք տնօրինելու անունակությունը այն քաղաքական գործիչների ճակատագիրն է, որոնք հույսը դնում են ամեն ինչի վրա, տրամաբանությունից բացի: Իսկ չէ որ իրոք կարելի էր վերածել Ադրբեջանը տարածաշրջանում բարգավաճ մի երկրի, եթե լիներ ցանկություն եւ կարողություն: Սակայն քանի որ չկա ոչ մեկը, ոչ` մյուսը, մնում է միայն ողջ մեղքը բարդել հայերի վրա, որոնք խանգարում են ամեն ինչին` սկսած պատմությունից եւ վերջացրած երկնքից ընկած հարստությունը տնօրինելու հմտությամբ: Սակայն, անշուշտ, ամենածիծաղելին այդ ֆոնի վրա պետական պաշտոնյաների այն հայտարարություններն են, թե ազգերի ինքնորոշման սկզբունքը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: Նման հայտարարություններից հետո չի փրկի նույնիսկ հանկարծակի ավելացած նավթի արտահանումը կամ Nabucco նախագծին մասնակցելու Ադրբեջանի երազանքների իրականացումը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News