Աշխարhում շաբաթվա միջանկյալ արդյունքը. պատերազմն Իրանի դեմ հետաձգված է

Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ գագաթնաժողովում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւն առաջարկեց Աստանայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը

Հայ-թուրքական հարաբերություններում վերջին լուրերը, ավելի ճիշտ, Թուրքիա-համաշխարհային հանրություն հարաբերություններում լուրերը ոչ այնքան անսպասելի էին, որքան, մեղմ ասած, տարակուսանք էին հարուցում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհվեց Chatham House մրցանակը, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուին` Վուդրո Վիլսոնի մրցանակը: Ճիշտ է, պատկերը մի փոքր խաթարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարելով, որ Թուրքիային կարելի է առաջարկել միայն «արտոնյալ գործընկերություն», բայց այդ հայտարարությունը նորություն չէր. քանի դեռ Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ են գործում, Թուրքիայի համա մուտքը ԵՄ փակ է:

PanARMENIAN.Net - Այս ամենն ընթանում է հայ-թուրքական գործընթացում խորացող հակասությունների ֆոնի վրա, որը եթե փակուղի չի մտել, ապա սառել է ապրիլի 24-ի սպասումով: Իսկ եթե այս ամենին ավելացնել Հայաստանի նախագահի ելույթը Դեյր-էզ-Զոր անապատում, ապա կստացվի, որ Արձանագրությունների վավերացումը սարերի հետեւում է: Սա միայն առաջին հայացքից, որովհետեւ հայ-թուրքական նախագծի նախաձեռնողները շատ երկար չեն սպասի եւ մինչեւ ամառ կստիպեն Հայաստանին եւ Թուրքիային վավերացնել եւ կյանքի կոչել Արձանագրությունները: Թեեւ այս ամենի մասին մենք քանիցս գրել ենք:

Անցյալ շաբաթ իսրայելա-ամերիկյան հարաբերությունները վերջնականապես փչացան: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցը Վաշինգտոն չհանգեցրեց ԱՄՆ վարչակազմի հետ տարաձայնությունների հարթմանը, որը ստիպում է Իսրայելին հրաժարվել շինարարությունից Արեւելյան Իսրայելում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին: Վերջին հաշվով, Նեթանյահուն ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Երուսաղեմը բնակավայր չէ, այլ պետության մայրաքաղաք եւ Իսրայելն իրավունք ունի կառուցել այնտեղ, որտեղ ցանկանում է»: Մեր կարծիքով, բանն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում արաբական լոբբիստների ակտիվացման մեջ է, որոնք խոսում են Պաղեստինի պետության ստեղծման մասին, բայց իրականում դա նրանց պետք չէ: Արաբական աշխարհին պետք է նվազեցնել իսրայելական լոբբիի ազդեցության աստիճանը Վաշինգտոնում, եւ այժմյան նախագահի օրոք դա մասամբ հաջողվում է: Սակայն այդքան հեշտ հրեական ազդեցությունն Ամերիկայի եւ Եվրոպայի վրա լիովին բացառելն անհնար է, որովհետեւ ռիսկի գնալ եւ աշխարհում հզորագույն լոբբիի տեսանկյունից սխալ քայլեր անելն ակնհայտորեն չի ստացվի: ԽՍՀՄ-ն անգամ, որ միշտ պաշտպանում էր արաբական աշխարհին, ստիպված էր լինում հաշվի նստել Իսրայելի հետ: Հիշեցնենք նաեւ, որ Մերձավոր Արեւելքում ժամանակ առ ժամանակ բռնկվող արաբ-իսրայելական պատերազմները ոչնչի չեն հանգեցնում. ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է 1948-ին:

Այս շաբաթ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այնուամենայնիվ որոշեցին ստորագրել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագիրը: Որոշումն ընդունվել էր Մոսկվայում պետքարտուղար Քլինթոնի այցի ժամանակ: Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳՆԽ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովը: Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկեց Մարդրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նշվեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆ խորհրդի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւն առաջարկեց Աստանայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ամենայն հավանականությամբ այդ առաջարկությունը կպաշտպանվի ԵԱՀԿ ՄԽ կողմից, եւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն: Այդ հանպիպումից արտառոց ոչ մի բան պետք չէ սպասել. ոչ «հին», ոչ «նորացված» Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն հակամարտության կողմերին:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանի մեր հարեւաններին, ապա Իրանը եւ Ադրբեջանը զբաղված էին Նովրուզը տոնելով: Տոնը եւս մեկ անգամ առիթ հանդիսացավ Իլհամ Ալիեւի համար, որպեսզի հայտարարի «խնդիրն ուժով լուծելու եւ Ղարաբաղն ազատելու» պատրաստակամության մասին: Ադրբեջանի նախագահն այդպես հաճախ է խոսում, եւ նրան մեկնաբանելու ցանկություն չունենք: Բայց ամենից շատ զարմացրեց Միխայիլ Սահակաշվիլին, որը Նովրուզն ազգային տոն հռչակեց Վրաստանում: Այդպիսի որոշման չգնացին ոչ Մեդվեդեւը, ոչ Օբաման, թեպետ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում մահմեդականների թիվն ավելի մեծ է, քան Վրաստանում: Բայց Վրաստանի նախագահը հայտնի է իր ոչ ադեկվատ հայտարարություններով: Քանի որ խոսք գնաց Վրաստանի մասին, ասենք, որ Ադրբեջանին ռեւերանսներ անելու հետ մեկտեղ, նա շարունակում է խտրականության քաղաքականությունը հայաբնակ Ջավախքում:

Եվ վերջապես, Իրանը, ավելի ճիշտ նրա միջուկային ծրագիրը, որը հանգիստ չի տալիս Իսրայելին, նշանակում է` նաեւ ողջ աշխարհին: «Վեցնյակի» երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան անցկացնելու են հեռախոսային բանակցությունների նոր ռաունդ Իրանի խնդրի շուրջ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին կից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լայալլ Գրանտը: Նա նշեց, որ առաջին անգամ «վեցնյակի» բանակցությունների շրջանակներում Չինաստանը պատրաստ է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: ԶԼՄ-ներում հերթական անգամ նշվել են իրանական միջուկային օբյեկտները ռմբակոծելու ժամկետները, բայց այս անգամ էլ չստացվեց: Հուսանք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ն չի պատերազմի, Իրաքի եւ Աֆղանստանի տխուր փորձը պետք է սառեցնի չափազանց տաք գլուխներն ինչպես Պենտագոնում, այնպես էլ Իսրայելում: Վերջինում` հատկապես:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---