Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը առաջին պլան մղեց ղարաբաղյան խնդրի քննարկումը

Հունիսի 12-18-ի հիմնական քաղաքական իրադարձությունների տեսություն

Քաղաքական շաբաթը Հայաստանում նշանավորվեց Երևանում Սոցինտերնի խորհրդաժողովի աշխատանքով: Հունիսի 12-ին Երևանում աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների և Եվրոպայի 13 երկրների կուսակցություններ, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Պաղեստինի և Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտնել է, որ իրենց հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչ երկու օրվա ընթացքում ծրագրել էին: «Մեր հիմնական նպատակն է ժողովրդավարություն տարածել այն բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Իսկ մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Հայաստանն է, մենք կարողացանք բաց հասարակություն ձևավորել, իսկ որոշ երկրներում այդ գործընթացը շատ երկար է տևում», - նշել է նա:

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը նամակ է պատրաստում, ուղղված ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին: Նամակում «Ժառանգությունը» պարզաբանումներ է պահանջում ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության մասին առ այն, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության հանձնաժողովում կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ս.Սաֆարյանը նաև նշեց, որ «Ժառանգությունը» նամակներ է ուղղելու նաև ԵԽԽՎ-ի պատվիրակներին, կապված Ադրբեջանի հակահայկական քարոզչության հետ: Ըստ նրա, որպես ադրբեջանական քարոզչության դեմ ուղղված հակաքայլ «Ժառանգությունը»ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դնելու մի բանաձև, որը քննադատում է Ադրբեջանի միլիտարիզացիայի գործընթացը: Սաֆարյանը նշել է նաև, որ «Ժառանգություն» կուսակցության փորձագետներն ու պատգամավորներն ակտիվորեն աշխատում են խորհրդարանի աշնանային շնստաշրջանում քննարկվելիք օրինագծերի վրա: «Մենք այլընտրանք ենք մշակում ՀՀ կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին: Նա նաև հավելեց, որ «Ժառանգությունն», օգտվելով իր իրավունքից, ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանում, օգտվելով իր իրավունքից, արտահերթ քննարկման կներկայացնի «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագօծը:

Նույն օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից մինչ այդ վերադարձվել էր Ազգային Ժողով և ընդունվել` հաշվի առնելով ՀՀ նախագահի առաջարկությունը, որը վերաբերում էր նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: Այդպիսով, ՀՀ նախագահը մտադիր է պահպանել հավասարությունը նախագահության թեկնածուների միջև, քանի որ հակառակ դեպքում միայն գործող նախագահը կօգտվեր անձեռնմխելիության իրավունքից: Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գծով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյաին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավուքնների պաշտպանության հարցերը: Տ.Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում և աջակցությունը ՄԱԿ-ի գրասենյակին: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ելույթ ունենալով Երևանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է, որ ՀԱԿ-ը շարունակում է պայքարել արտահերթ ընտրությունների անցկացման համար, և այդ նպատակին հասնելու համար կմասնակցի բոլոր կուսակցությունների հետ, որոնք անդամակցում են Կոնգրեսին:

Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Պաշտպանության տեսակետից ՀՀ զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում և իրենց ավանդն են ներդնում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Անկայունությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Ադրբեջանն ու Վրաստանին չի բավարարում ներկա կարգավիճակը`ստատուս-կվոն: Հայկական բանակը տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե որպես հարձակողական, այլ որպես պաշտպանական ուժ, ինչը նշանակում է, որ իրական սպառնալիքը բխում է Ադրբեջանից»,-ասել է Կիրակոսյանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննսիյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հարկավոր է իրականացնել լուրջ կադրային փոփոխություններ: «Դա վերաբերում է ոչ միայն երևանյան, գրասենյակի, այլ նաև աշխարհով մեկ սփռված դեսպանատների աշխատանքին, քանի որ ՀՀՇ-ի ժամանկներից ի վեր այնտեղ լուրջ փոփոխություններ չեն իրականացվել: Մեկնաբանելով Դաշնակցության կողմից ավելի վաղ հնչեցված իշխանափոխության անհրաժեշտության մասին գաղափարը` Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի ներքին կյանքի առողջացման համար երկրում անհրաժետ է իրականացնել իշխանափոխություն, բայց ոչ արտահերթ, այլ հերթական ընտրությունների միջոցով:

Միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առարկությունները ԱԺ կողմից ընդունված Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների մասին իշխանությունների կողմից չեն ընդունվում, բայց ի նկատի են առնվում: Ըստ Վահան Հովհաննիսյանի, «դա իհարկե դժվարություններ կառաջացնի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության գործունեության համար և մեր պատգամավորները կսկսեն պայքարել այդ դժվարությունների դեմ: Այնուհետև աշնանային նստաշրջանում, երբ մեր իշխանությունները կզգան, որ իրապես սխալվել են, նորից այս օրենքը կբերեն խորհրդարան և կսկսեն նոր փոփոխություններ իրականացնել: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները երբեք սկզբից ճիշտ քայլ չեն կատարում, նրանք դա անում են միայն ստիպված»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:

Նույն օրը Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկայացնելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուն` Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՀՀ ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը նկատել է, որ ցանկացաց երկրում Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններն անհրաժեշտություն են, սակայն, ցավոք, Հայաստանում նման ավանդույթ դեռևս չի ձևավորվել: «Սա առաջին քայլն է և կարող է օրինակ ծառայել, որպեսզի մյուս օրենքները նույնպես մեկնաբանվեն և, հետևաբար, ավելի հասկանալի դառնան հասարակ քաղաքացիների համար»,- նկատել է նա:

Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու շատ շուտով, քանի որ դրա համար բոլոր հիմքերը կան: Այդ մասին հունիսի 17-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` չնշելով հնարավոր իշխանափոխության կոնկրետ ժամկետը: Ըստ նրա, Հայաստանում ցանկացած գործընթաց կարող է հանգեցնել իշխանափոխության, քանի որ երկրում չկա վստահություն իշխանության հանդեպ և գոյություն ունի շատ ծանր սոցիալական իրավիճակ:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ամենակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է և պաշտոնական Երևանը հստակ արտահայտել է իր այդ դիրքորոշումը: «Ադրբեջանական հանրության ընկալման մեջ արդեն ձևավորվել է այն ըմբռնումը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է առանցքային հարցը»,-ասել է փոխձագետը: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպմանը` Բեքարյանը նշել է, որ այն հերթականը կլինի և լուրջ արդյունքներ ակնկալել հարկավոր չէ:

Նույն օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը եռակողմ հանդիպում անցկացրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ: Երեք պետությունների ղեկավարները միասին մտան Կոստանտինյան պալատի դահլիճներից մեկը, որտեղ էլ ընթացավ հանդիպումը: «Սա արդեն մեր` երեքիս վեցերորդ հանդիպումն է, իսկ դա այնքան էլ քիչ չէ»,- հայտնել է ՌԴ նախագահը:

Հունիսի 16-ին կայացավ ՀՀՇ վարչության նիստը, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը լսեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց հարգել Արարատ Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ:

Բացի դրանից, նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, հաղորդում է ՀՀՇ լրատվական ծառայությունը:

Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների հաջորդականությունն ինքնին խոսում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի մասին: Նրա խոսքերով, այդ հանդիպումների ընթացում հայկական կողմի դիրքորոշումներն ավելի հասկանալի են դառնում կողմերի համար, որի շուրջ էլ պետք է շարունակվեն բանակցությունները:

Նույն կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը մեկնաբանեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ նա պատրաստ է պատերազմ հայտարարել: Չնայած դրան, մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը: Չեմ կարծում, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է վատթարանալ կամ ապակայունանալ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետևանքով, և Ադրբեջանը, դրանից օգտվելով, գնա ռազմական արկածախնդրության, քանի որ տարածաշրջանն այդ դեպքում կգտնվի գերտերությունների սևեռուն ուշադրության տակ»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը վկայում է այն մասին, որ Մինսկի խումբը իր համաձայնությունն է տվել սեպարատ ձևաչափով գործընթացներին, միայն առաջընթաց գրանցելու նպատակով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահը ներկայացել էր այդ հանդիպմանն արտաքին ճնշման ներքո, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունն այդքան հեշտ չի պատրաստվում հանդուրժել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վիժեցումը և հարցի տեղափոխումը ռազմական հռետորության դաշտ: «Այն, որ Ալիևը լքել է պետերբուրգյան համաժողովը, նշանակում է միայն այն, որ հանդիպման ժամանակ նրան փորձել են բերել բանակցությունների իրական հուն, ինչից նրա տրամադրությունը կտրուկ անկում է ապրել»,-ասել է նա:

Ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը բարդ և երկարատև գործընթաց է, ուստի արագ լուծումներ սպասելը միամտություն է,-Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման այս ձևաչափը ևս մեկ անգամ շեշտում է, որ Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում փակված է:

Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հունիսի 17-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ արդեն վեցերորդ հանդիպումն է կայանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այսօրվա եռակողմ հանդիպումը շարունակությունն էր նախորդ բանակցությունների»,-ասել է նա:

Ըստ ԱԳ նախարարի, վերջին ամիսների ընթացքում կողմերի միջեւ շփումներն ընթանում էին նախարարների մակարդակով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, որոնք լիովին աջակցվում էին մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ:

Նույն օրը Երևանի կենտրոնում` ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտ ընթացող գործադուլին մասնակցում էր 500 մարդ, այդ թվում նաև Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---