Բարեփոխումների գործընթացի ձգձգումը կարող է հանգեցնել նրան, որ բարեփոխումներն ուշացած լինեն: Սակայն պետք է նշել, որ եթե կենսաթոշակային բարեփոխումները իրականացվեին մինչև ճգնաժամը, ապա բացառված չէ, որ շատ ներդրումային հիմնադրամներ կկորցնեին փողերը, բայց սպասելը նույնպես արդարացված չէ: Պետք է ռիսկի գնալ, բայց մտածված կերպով: Ահա հենց դա էլ բացակայում է մեր քաղաքացիների մոտ, քանի որ առաջնահերթ խնդիր է համարվում բնակչության ֆինանսական գրագիտության և տեղեկացվածության ցածր մակարդակը: Բացի դրանից, վտանգ կա, որ հասարակությունում փոխզիջում չի ձևավորվի այդ բարեփոխումների վերաբերյալ, իսկ դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Մասնավորապես, կարող են ներմուծվել մեխանիզմներ, որոնք կխեղաթյուրեն համակարգը. նման բարեփոխումները կարող են թեմա դառնալ պոպուլիստական բանավեճերի համար, ինչը կհանգեցնի պոպուլիստական գործիքների ներմուծման և վերջնական արդյունքում` համակարգի ձախողման:
Հիմա հարց է ծագում` «կամավոր», թե «պարտադիր»: Կառավարությունը մտադիր է պարտադրել քաղաքացիներին կուտակային կենսաթոշակային համակարգը և հավաստիացնում է, որ դա կլինի ի օգուտ քաղաքացիների: Ընդ որում, օրենքով կանոնակարգվում են իշխանությունների կողմից կենսաթոշակային ակտիվների պահպանման երաշխիքները, սակայն վստահություն չկա, որ դրանք կպահպանվեն և կբազմապատկվեն և տեղի չի ունենա դրանց արտահոսքը երկրից: Օրենքները գոյություն ունեն դրանք շրջանցելու համար: Միաժամանակ իշխանությունները հոգ են տարել ոչ մեծ «անվտանգության բարձիկի» մասին. կենսաթոշակաին բարեփոխումները կամավոր համակարգով կսկսվեն 2011-ի հունվարի 1-ից: Բնականաբար, եթե սկսզբից ներմուծվեր պարտադիր համակարգ, ապա ընդգրկված զանգվածն ավելի մեծ կլիներ, սակայն այդ դեպքում մարդիկ կարող են շատ սխալներ թույլ տալ և կորցնել իրենց միջոցները: Ուստի այդ տեսանկյունից կամավոր համակարգի ներմուծումը, գուցե, ավելի ճիշտ է:
Չնայած նրան, որ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության «Կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Դեն Վարտոնիկի կարծիքով, Հայաստանը նշված ժամկետներում կարող է իրագործել կենսաթոշակային բաեփոխումները, քանի որ բաեփոխումները նպաստում են տնտեսական աճին, այնուամենայնիվ, կան լուրջ խնդիրներ, որոնք կապված են այդ ակտիվների կառավարման և դրանց արտահոսքի հետ: Ընդ որում, վերջինն ակտուալ է ոչ միայն Հայաստանի համար: Այսպիսով, պետք է դիտարկել երկու տարբերակ. կամ կհայտնվեն մասնակիցներ, որոնք կբացատրեն էմիտենտներին, թե ինչպես օգտագործեն իրենց միջոցները, կամ անխուսափելի է կապիտալի արտահոսքը, քանի որ այդ միջոցներն ամեն դեպքում պետք է ինչ-որ տեղ ներդրվեն: Ավելի լավ կլիներ, որ դրանք մնային երկրում և ծառայեին տնտեսության զարգացմանը: