3 սեպտեմբերի 2010 - 09:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Նախագահ Ալիևը հերթական անգամ ցանկանում է իր դժգոհությունը «ցուցադրել»
Մեդվեդևի այցը Բաքու վկայում է այն մասին, որ ՌԴ-ն ջանում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հարավային Կովկասում, և դեռևս դա հաջողվում է
Պատահական զուգադիպություններ քաղաքականության մեջ չեն լինում և վերջին միջադեպը Վերին Չայլու գյուղի մոտ դրա ապացույցն է: Չգիտես ինչու միջադեպերը տեղի են ունենում կամ Իլհամ Ալիևի ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ, կամ հետո: Առաջին անգամ ադրբեջանցի դիվերսանտները փորձեցին ամրապնդվել Չայլույի մոտ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև պետերբուրգյան հանդիպման ժամանակ, երկրորդ անգամ` Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարելիք պաշտոնական այցի շեմին:

Այս ամենը հուշում է, որ Ալիևը հերթական անգամ ցանկանում է իր «բնավորությունը» ցույց տալ և դժգոհությունը հայտնել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի երկարացման մասին թիվ 5 արձանագրության ստորագրման առնչությամբ: Թե որքանով դա կաշխատի այլ հարց է և արդեն ինքը Ալիևը հստակ գիտի, որ իր արկածախնդրությունը լավ ավարտ չի ունենալու: Սակայն, ինչպե արդեն գրել ենք, մոտենում են խորհրդարանական ընտրությունները և Բաքուն ցանկանում է, որպեսզի գոնե այս անգամ դրանք ավելի հանգիստ անցնեն, եթե Ադրբեջանում, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքում, նման բան ընդհանրապես հնարավոր է: Հասկանալի է նաև, որ Ալիևը ցանկանում է ինչ-որ բան «ապացուցել և ցույց տալ» Մեդվեդևին: Բայց թե ինչ` դա ոչ ոք չգիտի: Եթե նա ցանկանում էր հերթական անգամ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել, ապա ակնհայտորեն շփոթել է ճակատային գիծը: Եթե նորից խոսելու է այն մասին, թե «ադրբեջանցիների համբերությունն անսպառ չէ», ապա դա արդեն այնքան է բոլորին հոգնեցրել, որ այլևս ոչ ոք այդ հայտարարությունները լուրջ չի ընդունում: Եվ արդեն իսկ ծիծաղելի է, երբ ադրբեջանցի քաղաքագետներն ու փորձագետները համառորեն պնդում են, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը, իսկ 102—րդ ռուսական ռազմակայանը Գյումրիում առանձնակի սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար: Իրոք, ոչ մի սպառնալիք և իրապես Ռուսաստանը չի միջամտի` հայկական զինված ուժերը պարտության կմատնեն ագրեսորին: Սակայն լիովին բացառել արտաքին ուժերի միջամտությունը չի կարելի, քանի որ հենց որ սպառնալիք առաջանա նավթա-և գազամուղների համար, և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և ԵՄ-ն կմիջամտեն` կասեցնելու համար պատերազմը: Նման բան արդեն եղել է 1994թ.`հայկական զորքերի առաջխաղացումը միտումնավոր կասեցվեց Կուր գետի մատույցներում:

Սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է` 1994թ. Ադրբեջանը այդքան կախված չէր նավթադոլարներից, Հեյդար Ալիևը դեռ չգիտեր, որ ծանր ժառանգություն է թողնում որդուն և կարծում էր, ինչպես դա հատուկ է բոլոր բռնապետներին, որ ինքն հավերժ է: Կյանքի կոչելով «դարի նախագիծը»` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հեյդար Ալիևը փաստորեն կախվածության մեջ դրեց իր երկիրը անդրազգային էներգետիկ կոնցեռներից: Դա երբեք լավ ավարտ չի ունենում, և այժմ, երբ անցել է շահագործման 14 տարին, նավթամուղը գրեթե պարապուրդի է մատնված կամ էլ տեղափոխում է ղազախական ու թուրքմենական նավթը, որովհետև սեփական, ադրբեջանական նավթը չի բավականացնում: Նույնը Ալիև-կրտսերը ցանկանում էր անել գազի պարագայում, բայց չստացվեց` գործին միջամտեց Գազպրոմը և գնեց ողջ ադրբեջանական գազը:

Սակայն դառնանք Մեդվեդևի այցին Բաքու: Հակսանալի է, որ Ադրբեջանում Ռուսաստանն իր տնտեսական շահերն ունի, սակայն ՌԴ նախագահի Բաքու կատարելիք այցի նպատակը ամենևին էլ տնտեսական չէ: Հիմնական հարցերն են ղարաբաղյան հակամարտությունը և չափազանց ցավոտ Կասպից ծովի ավազանի հարցը, որը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել հինգ ափամերձ պետությունները: ԽՍՀՄ փլուզումից հետո երկրներից յուրաքանչյուրը` Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանհը և Թուրքմենստանը ոչ մի կերպ չեն կարողանում բաժանել նավթով հարուստ հատվածը` զբաղվելով միայն նրանով, որ մեղադրում են միմյանց «օտար» հատվածների շահագործման մեջ:

Ցանկացած դեպքում, Մեդվեդևի այցը Բաքու վկայում է այն մասին, որ ՌԴ-ն ջանում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հարավային Կովկասում և դա դեռևս հաջողվում է: Այդ կապակցությամբ ավելորդ չի լինի նշել, որ հաջորդ շաբաթ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք յուրաքանչյուր նման «միջադեպից» հետո խաղաղության ու հանգստության կոչ են անում: Ամեն ինչ ճիշտ է, սակայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի վերջին հայտարարությունն այն մասին, որ Չայլուի միջադեպի հետաքննությունը չի մտնում իր իրավասությունների մեջ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Ստացվում է, որ նրա մանդատը թույլ է տալիս միայն դիտարկումներ անցկացնել ու ներկա գտնվել ԵԱՀԿ ՄԽ հանդիպումներին…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News