Հայաստանի կառավարությունը հազիվ էր հասցրել միջոցներ ձեռնարկել ապրիլին գազի գնի բարձրացման հետևանքով սոցիալական ճնշումները մեղմելու համար, երբ վրա հասավ նորը: Հարկ է նշել, որ որոշվել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582 մլն դրամ, նույն այդ պատճառով կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021 մլն դրամ: Կառավարությունը որոշում է ընդունել նաև կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով 2,640 մլրդ դրամ հատկացնել։
Հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 751,271 մլն դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ:
Ինչպես նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սրանով ամբողջությամբ իրականացվում է ս.թ. մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ «Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ ս.թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ»,- ավելացրել է նա:
Սակայն այս աջակցությունը բավարար չէ և գազի գնի հնարավոր բարձրացումը մտահոգում է Հայաստանի բնակչությանը: Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունն անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկի մեղմելու համար գազի սակագների աճը երկրի բնակչության խոցելի շերտերի համար: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ՀՀ կառավարությունն ի վիճակի է նման սոցիալական քաղաքականություն վարել:
Եվ իրոք, գազի գնի բարձրացման հարցն արդեն արծարծվել է, ուստի ՀՀ կառավարությունը բանակցում է գործընկերների հետ նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ, լրագրողներին է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Առաջիկա 2 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հանդես կգա բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ»,-ասել է նա: Սակագնային քաղաքականությունը քննարկվել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ: Այսպիսով, ամեն տարի «Գազպրոմ» ԲԲԸ-ն արծարծում է Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարցը, իսկ մեր կառավարությունն ամեն տարի բանակցում է, որպեսզի ներկրվող ռուսական գազի գինը նվազեցվի: Արդյունքում գազի գինը մի փոքր նվազում է, սակայն ոչ ակնկալվող չափով: Սակայն, անկախ գնի աճից, զարմանալիորեն աճում է նաև երկնագույն վառելիքի սպառողների քանակը: 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 604871 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8518-ով, որից 1245-ը՝ օգոստոս ամսին: