Աշխարհի առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշների անհաջող ելույթի երեք պատճառներ են՝ բժշկությունը, մարզիչների և մրցակցության բացակայությունը

Սեպտեմբերի 6-12-ը Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ:

Աշխարհի առաջնությունը բացեցին հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ առաջինը մեկնարկեցին 55, 66 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր մեր ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ Ռոման Ամոյանը, որը նվաճել է Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը և անցյալ տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալը: Այս տարի նույն Ամոյանն իր ավանդն ունեցավ Հայաստանի հավաքականի խաղում:

PanARMENIAN.Net - Նա հաջող մեկնարկեց աշխարհի առաջնությունում և հաղթեց 3 մենամարտում՝ 1/16 եզրափակչում Ամոյանը հաղթեց եգիպտացի Մոստաֆա Հասան Աբդելլաղին: 1/18 եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց ճապոնացի Խասեգավա Կոխեին: Այնուհետև Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց Գուստավո Բալարտ Մարինային Կուբայից: Միակ պարտությունն Ամոյանը կրեց ապագա չեմպիոն Ռեյնհանպուր Սորիանից (Իրան) և 3-րդ տեղի համար պայքարում 7:0 հաշվով առանց դժվարության հաղթեց Վենելին Վենկովին Բուլղարիայից: Գերծանր քաշային կարգում Յուրի Պատրիկեևը, որը օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և Եվրոպայի բազմակի չեմպիոն, մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, սակայն այս անգամ ևս չկարողացավ հաղթել իր հիմնական մրցակից՝ օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն Միխաիլ Լոպեսին Կուբայից: Հաղթելով հնդիկ Դարմենդերա Դալալին, թուրք Ռըզա Քայալապին, շվեդ Յոհան Մագնուս Յորենին և ամերիկացի Դենիել Բերսին, եզրափակչում Պատրիկեևը չկարողացավ իրականացնել իր երազանքը՝ աշխարհի չեմպիոն դառնալ՝ զիջելով 120 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ուժեղագույն ըմբիշին, և աշխարհի չեմպիոն դարձավ կուբացի ըմբիշը: Հայաստանի հավաքականին երկրորդ արծաթե մեդալը բերեց 2009թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում: Նա սկսեց իր ելույթները 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց Ֆրանսիսկո Ալբանո Բարիոյին (Արգենտինա), այնուհետև 1/8 եզրափակչում Ջուլֆալակյանը հաղթեց սլովակ Յուրե Կուխարին: Դժվարին պայքարում նա կարողացավ հաղթել ղրղըզ Դանիյար Կոբոնովին, իսկ կիսաեզրափակչում ճապոնացի Տակիխիրո Կանակուբոյից ավելի ուժեղ գտնվեց: Հայ ըմբիշի հաղթական ընթացքին խանգարեց Սելջուկ Չեբին Թուրքիայից: Կիսաեզրափակչում նա Ջուլֆալակյանից ուժեղ գտնվեց և դարձավ աշխարհի չեմպիոն: Ընդհանուր թիմային ստուգարքում Հայաստանի հավաքականը 26 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը, առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը 46 միավորով: Արսեն Ջուլֆալակյան. «Իմ պարտության համար միայն ես եմ մեղավոր, քանի որ չկարողացա կիրառել իմ ամենաուժեզ հնարքը: Ինձ խանգարեց այն, որ թուրք ըմբիշը մարմինը յուղով էր պատել, ինչը արգելված է ըմբաշմարտում: Սակայն սա մեր վերջին մենամարտը չէր, Չեբիի հետ մենք դեռ կհանդիպենք խոշոր մրցաշարերում, և ես պետք է շատ աշխատեմ հաղթելու համար նրան ցանկացած պարագայում: Հաջորդ տարի ԱԱ-ն տեղի կունենա Թուրքիայում և վարկանիշային կլինի: Ես չեմ կարող հաշտվել իմ աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսի հետ և կաշխատեմ Թուրքիայում նվաճել չեմպիոնի տիտղոսը և Լոնդոնի Օլիմպիադայի ուղեգիր ապահովել: Յուրի Պատրիկեև. Ես մի փոքր հիասթափված եմ իմ արդյունքից: Ինձ համար չափազանց կարևոր է, որ ես այսքան երկրպագու ունեմ: Անցյալ տարին իմ համար անհաջող էր, ես փորձեցի հեռանալ սպորտից, սակայն կրկին վերադարձա: Ես փոխեցի իմ վերաբերմունքը, իմ մարզչական ծրագիրը: Իմ գլխավոր խնդիրն է նախապատրաստվել 2012 թվականի Օլիմպիադային: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց իր սաների ելույթը ԱԱ-ում: Մեր թիմի բոլոր մրցանակակիրները պարտություն են կրել միայն աշխարհի չեմպիոններից: Ամոյանը արդեն երրորդ անգամ հանդիպեց Սորիանի հետ: Յուրի Պատրիկեևը զիջեց շատ համառ և արժանի պայքարում, նա դեռ ցույց կտա իրեն: Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցն իրոք ուժեղ էր, սակայն իմ սանը պատրաստ էր չեմպիոն դառնալ, դա ապացուցեց նաև մենամարտը: Արսենը երկու անգամ բարձրացրեց մրցակցին, սակայն չկարողացավ շրջել նրան: Սեպտեմբերի 10-ին հունահռոմեական ըմբիշների ելույթից հետո ասպարեզ դուրս եկան մեր ազատ ոճի ըմբիշները: Նրանք անհաջող հանդես եկան և չկարողացան մեդալներ նվաճել աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի բոլոր յոթ ներկայացուցիչներն ուղղակի ձախողեցին իրենց ելույթները: Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը գտնում է, որ ազատ ոճի ըմբիշները վատ հանդես եկան և կոպիտ սխալներ թույլ տվեցին: «Մեկնարկից առաջ նրանք նորմալ մարզավիճակում էին, դժվար է ասել, թե ինչը անհաջող ելույթիների պատճառ դարձավ: Մենք դեռ կքննարկենք այդ իրավիճակը»: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյան. «Իմ սաները վատ հանդես եկան անբավարար հոգեբանական պատրաստվածության պատճառով: Բոլոր հավաքներն ու նախապատրաստական փուլերը նորմալ են անցել: Այո, մեր մարզիկները վնասվածքներ ունեին, սակայն ես չեմ արդարանա, և ընդունում եմ իմ մեղքը: Այսօրվա դրությամբ մենք չունենք բարձր կարգի ըմբիշներ: Ես հիմնականում դժգոհ եմ Գեղամ Բաբախանյանի և Ռուսլան Բասիևի ելույթներից, նրանք դուրս մնացին առաջին իսկ մենամարտից հետո: Արայիկ Բաղդադյանը նշեց այն խնդիրները, որոնք խանգարում են ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը: Առաջինը՝ այսօր մարզադպրոցներում լավ մարզիչների խնդիր կա: Անձնական մարզիչները իր սաների հետ անբավարար են աշխատում, ինչը դժվարացնում է հավաքականի մարզչի գործը: Օրինակ, Սուրեն Մարկոսյանը, որն ապրում է Գառնիում, բոլորովին կորցնում է մարզավիճակը: Իսկ ես չեմ կարող բոլորի հետ առանձին աշխատել: Երկրորդը՝ մեր մարզիկները մրցաշարերի ժամանակ 4-5 կգ քաշ են կորցնում, իրենց քաշային կարգում հանդես գալու համար, իսկ վերականգնման համար անհրաժեշտ դեղամիջոցները չի բավականացնում: Այդ խնդիրները խանգարում են մեր հաղթանակներին: Խանգարում է նաև այն, որ մեր պատանի ու երիտասարդ ըմբիշները արդեն 3 տարի է, ինչ չեն կարողանում մեդալներ նվաճել: Իսկ եթե նոր կադրեր չկան, ինչպե՞ս ես կարող եմ հավաքականը նոր ըմբիշներով համալրել: Եվ հետո, բացակայում է մրցակցությունը մարզիկների միջև: Այդպես, 66 կգ քաշային կարգում մենք երկու ուժեղ ըմբիշ ունենք՝ Ժիրայր Հովհաննիսյանն ու Դավիթ Սաֆարյանը, սակայն Սաֆարյանի վնասվածքից հետո Հովհաննիսյանը «հանգստացավ» և պակասեցրեց եռանդը: Մարզիչը նշել է, որ շուտով ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում փոփոխություններ կկատարվեն, նորեկները կմասնակցեն Գռոզնիի և Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարերին: Վերջինը կկայանա հոկտեմբերի 22-24-ին Երևանում: Հատուկ նշենք, որ Մոսկվայում աշխարհի առաջնության լուսաբանման գործում PanARMENIAN.Net ին աջակցել է «Արմավիա» ընկերությունը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---