31 հոկտեմբերի 2011 - 16:21 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանում շարունակվում են թերթաքարային գազի որոնումները
Գազի ներկրումից կախված երկրները հենց թերթաքարային գազի մեջ են տեսնում իրենց քաղաքական և տնտեսական «փրկությունը» էներգակիրներ արտահանող երկրներից
Վերջին տասնամյակում հայտնվել է «դասական» բնական գազի նոր մրցակից՝ թերթաքարային գազ, որի տնտեսական և քաղաքական հեռանկարների վերաբերյալ բանավեճերն արդի են նաև հիմա։

Թերթաքարային գազի մշակումը սկսվել է անցյալ դարի կեսերին Mitchell Energy & Development ընկերության կողմից, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների բացակայության պատճառով մինչև 20-րդ դարի 80-ականներն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն տարվել

Թերթաքարային գազի արդյունահանման հնարավորությունը որպես լրացուցիչ էներգետիկ աղբյուր դիտարկվում է նաև Հայաստանում, որը թույլ է տալու նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունը։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաղորդել է, որ Հայաստանում աշխատանքներ են ընթանում թերթաքարային գազի հանքավայր հայտնաբերելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք ԱՄՆ, Չինաստանի և Ռուսաստանի ընկերությունների հետ, որոնք զգալի փորձ ունեն այս ոլորտում»,- ասել է նա։

Հանրապետությունում թերթաքարային գազի հանքավայրեր հայտնաբերելու ճանապարհին առաջին քայլը հենց դրա պոտենցիալի որոշումն է՝ «իմանալու համար, թե ինչ ակնկալիքներ կարելի է կապել այդ ոլորտի հետ»։

Եթե բնական գազ արտահանող երկրները, մասնավորապես Ռուսաստանը, պնդում են, որ դրա արդյունահանումը և շահագործումը շատ թանկ է, դրան հակառակ, գազի ներկրումից կախված երկրները հենց թերթաքարային գազի մեջ են տեսնում իրենց քաղաքական և տնտեսական «փրկությունը» էներգակիրներ արտահանող երկրներից։

Հայաստանի շահագրգռվածությունը թերթաքարային գազի արդյունահանման մեջ պայմանավորված է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական նկատառումներով։ Ընթացիկ տարվա հունիսի 2-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջև, որի համաձայն ամերիկյան կողմը ֆինանսավորելու է Հայաստանում թերթաքարային գազի որոնման աշխատանքները։ Իսկ որոշ ժամանակ անց օգոստոսի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և International Minerals and Mines (IMM) միջև կնքվել է հուշագիր, որի համաձայն վերջինը պետք է աշխատանքներ անցկացնի Հայաստանում թերթաքարային գազի հայտնաբերման և գնահատման ուղղությամբ։

Առայժմ վաղ է խոսել Հայաստանում թերթաքարային գազի հանքավայրեր գտնելու հնարավորության մասին։ Ակնհայտ է մի բան, դա զգալիորեն կազդի երկրի էներգետիկ անվտանգության վրա, կթուլացնի նրա կախվածությունը ներկրումից։ Բացի էներգետիկ ազդեցությունից, դա կարող է լրջորեն փոխել Հարավային Կովկասում էներգետիկ քաղաքական հավասարակշռությունը։ Առավել ևս, որ Արմեն Մովսիսյանը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացվի կոնկրետ արդյունքներ։

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News