2012 թվականին Հայաստանում մեծահարուստներն ավելի շատ հարկ կվճարեն

Շքեղության հարկը թույլ կտա լրացուցիչ 1 մլրդ դրամ հավաքել բյուջե

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ազգային Ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցավ 2012թ. պետբյուջեի նախագծի նախնական քննարկումը: Ներկայացնելով հանրապետության հիմնարար փաստաթուղթը` կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է, 2012-ի պետբյուջեի փաթեթը ենթադրում է անցում կայունացումից դեպի տնտեսական աճ։ Նախատեսվում է աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրություններին, արտահանման խթանում, արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացում։

PanARMENIAN.Net - 2012թ. պետբյուջեի հիմնական ցուցանիշներն են 937 մլրդ դրամ եկամուտների և 1 մլրդ 69 մլն դրամ ծախսերի գծով: Այսպիսով, դեֆիցիտը կկազմի 132 մլրդ դրամ: Եկամուտի հատվածը 2012-ին 2011թ. ցուցանիշը գերազանցում է 62 մլրդ դրամով, ծախսի հատվածը` 46 մլրդ դրամով:

ՀՆԱ կանխատեսվող աճը 2012թ. կազմում է 4,2 տոկոս` համեմատած 2011-ի 4,6 տոկոսի հետ: Ավելին, գնաճային միտումները Հայաստանի տնտեսությունում այնպիսին են, որ 2012-ին միանգամայն իրատեսական է ապահովել գնաճի 4 տոկոս ցուցանիշը: 2012-ին կառավարությունը ծրագրում է վերադառնալ 3 դեֆիցիտին, իսկ «դա նշանակում է, որ 2012-ին մենք պետք է ծախսենք այնքան, որքան կկարողանանք հավաքել»:

Ինչպես և խոստացվել է, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հարկային փոփոխությունների փաթեթը, որի ընդունումը թույլ կտա հաջորդ տարում 101 մլրդ դրամով ավելի հարկ հավաքել: Այսպիսով, նախ, դա եկամտահարկի առաջընթացային սանդղակի ներդրումն է: Ենթադրվում է 2 մլն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով` այն սահմանելով 25 տոկոս:

Հարկային փաթեթով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Այն ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա` համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Դրույքաչափն ավելացնելով 50 տոկոսով, հասկանալի է, որ հարկային բեռն ընկնելու է հենց թանկ ալկոհոլային խմիքների վրա, որոնց տեսակարար կշիռը մեր գնահատականներով ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս, իսկ մնացած տոկոսն այն ալկոհոլային խմիչքներն են, որոնք ունեն մեծ սպառում:

Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Ենթադրվում է թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացնել այսօր կիրառվող դրույքաչափը: Դա հնարավորություն կտա մոտավորապես 1 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար: Սպասվում է նաև շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացում 50 տոկոսով: Ակնալում ենք, որ այստեղ կունենանք լրացուցիչ 2 մլրդ դրամի եկամուտ:

Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է, որի նպատակն է փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Այսօրվա գործող ռեժիմն այնպիսին է, որ մինչև 100 հազար դրամի պարագայում թույլատրվում է, որպեսզի ձեռներեցներն առանց ստուգումների հաշվանցում կատարեն: Այդ շեմը կդարձվի 10 մլն դրամ: Հաշվանցումը նրանք կարող են անել առանց նախնական համաձայնություն ստանալու Պետական եկամուտների կոմիտեի կողմից, և սա փոքր և միջին բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ:

Այսպիսով, կառավարության առաջարկած նոր հարկային փաթեթը կարող է զգալիորեն ծանրաբեռնել մեծահարուստներին և շքեղության սիրահարներին և միևնույն ժամանակ բարենպաստ պայմաններ է ստեղծում ՓՄՁ համար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---