11 նոյեմբերի 2011 - 18:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռուսաստանն ԱՀԿ միջոցով ապացուցում է իր նշանակալիությունը
Պաշտոնական Թբիլիսին, պետք է արժանին մատուցել նրան, պայքարեց մինչև վերջ՝ Ռուսաստանի մուտքն ԱՀԿ թույլ չտալու համար, նույնիսկ գիտակցելով, որ կպարտվի
Վրաստանը վերջապես «համաձայնվեց», որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), դրանից առաջ բավական փչացնելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ նյարդերը, որոնք արդեն աղաչում էին Միխայիլ Սահակաշվիլուն թողնել «ռուսական արջի» հետ անպետք, և գլխավորը, անիմաստ պայքարը: Ժնևում վերջապես ստորագրվեց ԱՀԿ-ին ՌԴ-ի միանալու մասին համաձայնագիրը:

Պաշտոնական Թբիլիսին, պետք է արժանին մատուցել նրան, պայքարեց մինչև վերջ՝ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ թույլ չտալու համար, նույնիսկ գիտակցելով, որ կպարտվի: Ողջ ինտրիգը ծավալվում էր Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիան և Աբխազիան ճանաչելու ֆոնի վրա, տարածքներ, որոնք Վրաստանը մինչև հիմա համարում է իրենը: Ռուսաստանը բանակցություններ է սկսել ԱՀԿ մտնելու մասին սկսած 1993-ից: Սակայն 2008-ի ապրիլի վերջին Վրաստանը դուրս եկավ բանակցային գործընթացից՝ բողոքելով Ռուսաստանի նախագահի հանձնարականի դեմ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու մասին: 2008-ի օգոստոսի «հնգօրյա պատերազմից» հետո Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարելով բռնազավթված տարածքներ: Այդ ժամանակներից ի վեր Թբիլիսին դեմ է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը: Բայց 2011-ի մարտին բանակցությունները վերսկսվեցին Շվեյցարիայի միջնորդությամբ, և ինչպես տեսնում ենք, պսակվեցին հաջողությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նյուլանդի խոսքով, ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմանի հարաբերությունները:

Վրաստանի համաձայնության համար վերջին պայմանն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ՌԴ սահմաններում տրանսպորտային միջանցքներում բեռների դիտարկումն ապահովելն է: Ինչպես երևում է, Վրաստանը դեռ փորձում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը ներկայացնել որպես քաղաքական: Հասկանալի է, որ Թբիլիսին ինչ-որ լուրջ դիտարկում նկատի չունի, ավելին, այդ դիտարկումը ոչ մեկին էլ պետք չէ: Ուղղակի Թբիլիսին ցանկանում է ցույց տալ, ոչ նա ի վիճակի է վերահսկել վաղուց անջատված պետությունների տարածքները, որոնք, ի դեպ, անջատվել են ոչ առանց Վրաստանի «օգնության»: Եթե չլիներ Աբխազիում 1991-ի պատերազմը, հնարավոր է, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Պետք է նշել նաև, որ վրացական ռուսաֆոբիան ավելի շատ մտացածին է և նախատեսված արտաքին օգտագործման համար: Թբիլիսիում, չգիտես ինչու, կարծում են, որ հակառուսական հռետորությունը կօգնի ավելի շուտ մտնել ՆԱՏՕ և ԵՄ: Հնարավոր է, Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ, բայց միայն այն պատճառով, որ նա սահմանակից է Ռուսաստանին, և հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքը կկանգնի Ռուսաստանի հետ սահմանին: Ի պատասխան անդամակցության, Ռուսաստանը պետք է նվազեցնի արտահանման տուրքերը, անցկացնի գազի ներքին գների լիբերալիզացիա: Ռուսաստանի ԱՀԿ մտնելու առաջին տարվա ընթացքում արտաքին առևտրի ոչ մի տուրք չի նվազեցվելու: Ապրանքների տարբեր խմբերի համար նախատեսված են անցումային փուլեր մեկից մինչև յոթ տարի, յոթ տարվա ընթացքում արդյունաբերական ապրանքների գները կնվազեն միջինը 11,1-ից մինչև 8,2 տոկոս: Ռուսաստանում արտադրվող սպառողական ապրանքների մաքսատուրքերը գրեթե չեն նվազելու (բացառությամբ ավտոմեքենաների և կոշիկի): Միևնույն ժամանակ, չեղյալ են համարվելու համակարգիչների տուրքերը, նվազեցվելու են կենցաղային էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի, դեղերի, տեխնոլոգիական և գիտական սարքավորումների տուրքերը: Պետությունը կարող է աջակցել գյուղատնտեսությանը տարեկան 9 մլրդ դոլարից ոչ ավել գումարով: Ներկա պահին օգնության ծավալը կազմում է տարեկան 3,5 մլրդ դոլար, սակայն սուբսիդիաների չափսը դեռ քննարկվելու է բազմակողմանի բանակցություններում:

Բոլոր այս պարտականությունները ՌԴ-ին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի և անհասկանալի է, թե ինչի համար է Մոսկվան ԱՀԿ-ին ավելորդ անգամ ցուցադրում իր նշանակալիությունը կամ տեղը դնում Վրաստանին: Ի միջի այլոց, Շվեյցարիայում բանակցությունների վերջին փուլի սկզբում Wall Street Journal թերթը գրել էր, որ հոկտեմբերի 25-ին Թբիլիսի է այցելել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարներից մեկը՝ Գունար Վիգանդը: Նա երկրի իշխանություններին է հանձնել վերջնագիր-ուղերձ, որում Վրաստանից պահանջվել է զիջել Ռուսաստանին: Հակառակ դեպքում Վիգանդը սպառնացել է, որ Մոսկվային ԱՀԿ կընդունեն առանց Վրաստանի համաձայնության, սակայն հանրապետության իշխանությունների համար դա կդառնա քաղաքական պարտություն: Պարզվել է, որ ԱՀԿ օրենքները թույլ են տալիս ցանկության դեպքում բացառություններ անել, որոնց դեպքում կազմակերպություն մտնելու հավակնորդը կարող է չստանալ նրա բոլոր անդամների համաձայնությունը: Այնպես որ համաշխարհային հանրությունը խորապես շահագրգռված է Ռուսաստանի՝ ԱՀԿ մտնելու մեջ, և Վրաստանի դիրքորոշումը ոչ մեկի չի հետաքրքրում: Ռուսաստանը ԱՀԿ անդամ կարող է դառնալ 2012-ի կեսերին: Դրա հետ կապված կարելի է հիշել այն փաստը, որ երբ Հայաստանը պատրաստվում էր դառնալ ԱՀԿ անդամ, Թուրքիան ոչ մի արգելք չստեղծեց: Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ Անկարայում ղեկավարվում են առողջ դատողությամբ, ինչը չի կարելի ասել Միխայիլ Սահակաշվիլու չբավարարված հավակնությունների մասին:

Մի խոսքով, Վրաստանին տեղը դրեցին, Մոսկվային խոստացան ԱՀԿ շրջանակներում աշխարհի բոլոր բարիքները, բայց իրականում ոչինչ չի փոխվի, և այդ առումով Ռուսաստանի անդամակցությունն ԱՀԿ-ին անպետք է և ոչ համոզիչ:

Կարինե Տեր-Սահակյան