Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնությունից իրենց տպավորությունների մասին

Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնությունից իրենց տպավորությունների մասին

2012-ի Եվրոպայի առաջնությունից հայ ըմբիշները վերադարձան չորս մեդալներով

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը, որը գլխավորում է օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, հայրենիք է վերադարձել մեկ չեմպիոնի և երկու բրոնզե մեդալակիրների հետ: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ), բրոզնե մեդալներ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 ք/կ): Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո հայկական պատվիրակության հետ հանդիպել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը:

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն, 21-ամյա Արթուր Ալեքսանյանը խոստովանել է, որ շատ ուրախ է առաջին ոսկե մեդալի համար: «Ես շատ ուրախ և հպարտ էի, որ կարողացա իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճել: Առաջնությունն ինձ համար բավականին հաջող էր, ամենաբարդը 1/8 եզրափակիչն էր, որտեղ պայքարում էի ուկրաինացի Սերգի Ռուտենկոյի դեմ, սակայն երկու շրջաններում էլ կարողացա հաղթել»,-ասել է Ալեքսանյանը:

«Ինձ ուրախացնում է այն, որ Եվրոպայի առաջնությանը երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարողացավ նվաճել ոսկե մեդալ: Մինչև մրցաշարը մենք ակնկալում էինք, որ նա հաջող հանդես կգա, քանի որ մարզումների ընթացքում զգացվում էր նրա պատրաստվածությունը: Ես` որպես գլխավոր մարզիչ, շատ ուրախ եմ և գոհ, որ մենք ունենք նման տաղանդավոր մարզիկ»,- ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզիչն ասել է, որ գոհ է իր սաների ելույթներից Բելգրադում անցած Եվրոպայի առաջնությանը: «Մեր 7 ըմբիշներից 3-ը մեդալներ նվաճեցին՝ Եվրոպայի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեևը»,-ասել է մարզիչը:

Ըստ նրա, հավաքականի բոլոր ըմբիշները պայքարեցին մինչև վերջ ու լավ մենամարտեր անցկացրեցին. «Կարող եմ ասել, որ ոմանց փորձը չհերիքեց, սակայն, մեզ այնուամենայնիվ հաջողվեց ընդհանուր թիմային հաշվարկում 5-րդ տեղը զբաղեցնել»:

Ջուլֆալակյանի խոսքով, նրա որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը, գտնվել է լավ մարզավիճակում և գեղեցիկ մենամարտեր է ներկայացրել:

Արսեն Ջուլֆալակյանն իր հերթին նշել է, որ առաջնությունը շատ անսպասելի էր, որովհետև մրցավարությունը սարսափելի էր: «Օլիմպիադային մնում է 3 ամիս, և նման մրցավարությունն անթույլատրելի է: Եվրոպայի առաջնությունում մեր գլխավոր նպատակն էր նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին»,- ասել է Ջուլֆալակյանը:

Մեկնաբանելով իր մասնակցությունը, Ջուլֆալակյանն ասել է, որ լավ մարզավիճակում է եղել, բայց որոշել է խնայել ուժերը, քանի որ պատրաստվում է օլիմպիական խաղերին. «Մի քիչ թույլ ստացվեց 3-րդ տեղի համար մենամարտը, բայց գլխավորը՝ ինձ հաջողվեց հաղթել»:

Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Պատրիկեևի ելույթից` անկախ նվաճված մեդալից: «Նա զիջել է թուրք ըմբիշ Ռիզա Կայալպին, ով երիտասարդ և առաջադեմ մարզիկ է»,-ընդգծել է մարզիչը:

Ազատ ոճի ըմշամարտ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ դժգոհ է իր սաների ելույթից: «Նվաճված մեդալի շնորհիվ ելույթը նորմալ եմ գնահատում, բայց ես Եվրոպայի առաջնությունից ավելին էի ակնկալում, քանի որ գիտեի՝ իմ սաները պատրաստ են ԵԱ-ին»,- ասել է Բաղդադյանը:

Առաջնությունից անմիջապես հետո ազատ ոճի ըմբիշները շարունակում են պատրաստվել վարկանիշային մրցաշարերի: Հիմա նրանց բարդ աշխատանք է սպասվում, ըմբիշները պետք է ուղղեն սխալները, որոնք թույլ են տվել Եվրոպայի առաջնության ժամանակ:

Առաջնության մրցավարությունը և Ռոման Ամոյանի հետ կապված միջադեպը. Առաջնության մասնակիցների մեծամասնությունը դժգոհ էին մրցավարությունից: Մրցավարներն օբյեկտիվ չէին և սխալներ են թույլ տվել:

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել հայ ըմբիշ, Եվրոպայի երկակի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր և օլիմպիական խաղերի բրոզնե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ (55 ք/կ):

1/8 եզրափակչում Ամոյանը հանդիպել է ադրբեջանցի Էլչին Ալիևի հետ: Մենամարտն ընթացել է շատ տհաճ մթնոլորտում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, ադրբեջանցին մրցել է փողոցային կռվի կանոններով: Բայց մրցավարները ոչ միայն չեն նկատել Ալիևի նման պահվածքը, այլ նաև նրան հաղթող են հայտարարել: Մենամարտից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է հայ ըմբիշին, ով հրաժարվել է հանդիպման վերջում սեղմել մրցակից ձեռքը, և բոլոր մրցավարներին: «Բայց արդեն ոչինչ փոխել չի կարելի, և միջազգային ֆեդերացիան պետք է մենամարտի ժամանակ ինչ-որ բան աներ, քանի որ նման մրցավարությունն անթույլատրելի է»,- ասել է Ջուլֆալակյանը:

Ամոյանի հետագա ճակատագիրը որոշվելու է FILA նիստում, որտեղ քննարկվելու են նաև մրցավարների սխալները: Ջուլֆալակյանը հույս ունի, որ որակազրկումը չի ազդի Ամոյանի հետագա ելույթների վրա, քանի որ արդեն ապրիլի վերջին նա պետք է հանդես գա Բուլղարիայում կայանալիք վարկանիշային մրցաշարում: «Ես հուսով եմ, որ FILA-ն ճիշտ որոշում կկայացնի:

Բայց եթե այդ որոշումն ազդի մեր ըմբիշի մարզական կարիերայի վրա, մեր ֆեդերացիան, օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը համապատասպան միջոցներ կձեռնարկեն»,- հավելել է մարզիչը:

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հայ և ադրբեջանցի ըմբիշների միջև բոլոր հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և երկու երկրների ներկայացուցիչներն իրենց ակտիվում ունեն թե հաղթանակներ, թե պարտություններ: «Մենամարտի ժամանակ մենք բոլոր ըմբիշներին, այդ թվում ադրբեջանցիներին վերաբերվում ենք որպես մրցակիցների: Ողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է Ամոյանը, և շատերը, այդ թվում ադրբեջանցի ըմբիշները, վախենում են հանդիպել նրա հետ»,- նշել է Ջուլֆալակյանը;

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---