20 մարտի 2012 - 22:47 AMT
ՀՈԴՎԱԾ
Տարածաշրջանը՝ պատերազմի և խաղաղության եզրին
20-րդ դարում պատերազմներն էին մղվում էներգապաշարների համար, և մեր դեպքում բացառված չեն խողովակի համար տեղային բախումները
Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը չի կարելի հաջող անվանել, եթե հանկարծ տարածաշրջանում իրավիճակը դուրս դա վերահսկողությունից և սկսվի «բոլորը բոլորի դեմ» պատերազմ: Դա բավական հոռետեսական, բայց հնարավոր տարբերակ է, եթե հաջողվի պառակտել Սիրիան և «հեռացնել» Ասադին: Ասադի տապալումից հետո ձեռնամուխ կլինեն Իրանին, և Հայաստանը կհայտնվի նույնիսկ ոչ թե երկու կրակների միջև, այլ ամեն տեղից փախստականների հորձանուտում:

Մեր կարծիքով այս դեպքում կաշխատի մեծ թվերի օրենքը, կոպիտ ասած՝ կհաղթի նա, ով կկարողանա ավելի շատ սպառազինություններ ստանալ և ով կկարողանա տրամադրել մեծ թվով զինվորներ: Այստեղ չեն մտնում տարբեր զինված խմբավորումները, որոնք պատերազմում են այս կամ այն կողմում, ելնելով հավատից, նախասիրություններից և ուղղակի փողից: Ինչպես բազմիցս ասվել է, պատերազմն ընթանում է սունիթների և շիիթների միջև, իսկ ավելի լայն՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած հսկայական տարածքում գերիշխանության համար, ավելի ճիշտ մինչև Չինաստան և Հնդկաստան:Մեր հարևանները՝ Թուրքիան և Իրանը, բավական հսկայական բանակներ ունեն, և բավական է չնչին առիթ, որպեսզի նրանք ոտքի հանեն յուրաքանչյուր կողմից միլիոնից ավել մարդ: Իսկ առիթ միշտ կգտնվի, կարևորը ցանկությունն է, հատկապես եթե հաշվի առնել Թուրքիայի անսահման հավակնությունները: Եթե համեմատել թվերը, ապա ստացվում է հետևյալ պատկերը: Իրանի զինված ուժերը կազված են երկու անկախ կառույցներից՝ Իսլամական Հանրապետության բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 523 հազար մարդու: Եվս 350 հազար պահեստային կա, իսկ 40-60 հազարը կիսազինվորական գերատեսչությունների աշխատակիցներ են: Բացի դրանից, Պահապանների կորպուսին ենթարկվում են «Բասիջ» «դիմադրության ուժերը», որոնցում պաշտոնապես կան 12,6 մլն իրանցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Թուրքիայի զինված ուժերի թիվը, չհաշված պահեստայիններին, կազմում է 720 հազար մարդ: Պատերազմական իրավիճակի դեպքում կարող են օգտագործվել 90 000 հոգուց բաղկացած պահեստային ուժերը:

Հարավային Կովկասի երկրներում բանակները, բնականաբար, ավելի սակավաթիվ են և տեխնիկապես ավելի քիչ հագեցած, ինչը ժամանակակից պատերազմում խաղում է մեծ, եթե ոչ գլխավոր դեր:

2011-ին Վրաստանի զինված ուժերի թիվը հասել է 39 000-ի: Մոբիլիզացիոն հնարավորությունները՝ 140 000 մարդ: Ադրբեջանի զինված ուժերը կազմված են 66 940 հոգուց, որոնցից բանակը՝ 56 840, նավատորմը՝ 2 200, ռազմաօդային ուժերը՝ 7 900, 210 000 պահեստայինով: Հայաստանի զինված ուժերը տարբեր գնահատականներով կազմված են 50-70 հազար հոգուց, 210 000 պահեստայինով: Սակայնը բանը զորքերի և անգամ սպառազինությունների մեջ չէ: Ավելի կարևոր է բարոյական բաղադրիչը, որը, ինչպես հայտնի է, կարող է բեկել ռազմական գործողությունների ընթացքը: Հասարակ օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պատերազմը, որն ավարտվեց Արցախի ժողովրդի հաղթանակով՝ չնայած Ադրբեջանի քանակական և տեխնիկական գեազանցությանը, և ադրբեջանական բանակին հեռավոր 1992-ին չօգնեցին նույնիսկ վարձու մոջահեդները:

Ամենահոռետեսական կանխատեսման դեպքում Հարավային Կովկասի երկրները «կվերադառնան» մետրոպոլիտ՝ Օսմանյան, Պարսկական կամ Ռուսական: Բայց դա ծայրահեղ տարբերակ է: Վրաստանն արդեն սկսել է լողալ ՆԱՏՕ-ի ուղղությամբ՝ կամա ակամա նպաստելով Օսմանյան կայսրության վերածննդին մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սահմանները: Ադրբեջանը կմասնատվի Իրանի և Ռուսաստանի միջև, ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա պարզ չէ, թե ինչ կլինի նրա հետ. չափազանց շատ են Հայաստանը որպես էներգակիրների տարանցման համար տարածք օգտագործել ցանկացողները, հատկապես այն պայմաններում, որ ԱՄՆ-ին և Եվրոպային պետք են նոր խողովակաշարեր Կասպիայից էներգակիրների համար:

Միաժամանակ, բաց աղբյուրների տվյալներով, Կասպից ծովի և Միջին Ասիայի (Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան և Ուզբեկստան) էներգետիկ պաշարները չափազանցվել են վերջին տարիներին: 90-ականներին ԱՄՆ-ը Կասպիայի պաշարները գնահատում էր 100-150 մլրդ բարել: Այժմ դրանք գնահատվում են 50 մլրդ: Կասպիայի նավթի ապացուցված պաշարները կազմում են 16-22 մլրդ, ինչը համեմատելի է ԱՄՆ պաշարների հետ (22 մլրդ) և Հյուսիսային ծովի (17 մլրդ) և 10-15 անգամ քիչ է, քան Մերձավոր Արևելքի պաշարները: Կասպիայի գազի ապացուցված պաշարները՝ 236-337 տրիլիոն խորանարդ ֆուտ, ինչը համեմատելի է ԱՄՆ պաշարների հետ՝ 300: Թուրքմենստանը զբաղեցնում է աշխարհում 11-րդ տեղը՝ 159, Ուզբեկստանի մոտ՝ 110, Ղազախստանի մոտ՝ 88, Ադրբեջանի՝ 35: Բայց նույնիսկ այս պաշարները պետք է տեղափոխել հանգիստ տարածաշրջանով՝ խուսափելով ահաբեկչություններից: Ավելին, խողովակաշարը պետք է հնարավորինս կարճ լինի, որպեսզի ծախսերը նվազեն: Թանկարժեք և ոչնչով չարդարացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը միայն հաստատում է, որ քաղաքականությունը միշտ չէ, որ նպաստում է տնտեսությանը, ամեն ինչ հակառակն է:

20-րդ դարում պատերազմներն էին մղվում էներգապաշարների համար, և մեր դեպքում բացառված չեն խողովակի համար տեղային բախումները: Տարածաշրջանը չափազանց անկայուն է, եթե հաշվի առնել ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, որը կարող է նույնքան իրական լինել, որքան Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքը: Այն այդպես էլ չգտան և ոչ մի երաշխիք չկա, որ կապացուցվի՝ Իրանն ունի ատոմային զենք: Ավելի վտանգավոր է Պակիստանում և Իսրայելում միջուկային զենքի առկայությունը: Կա նաև քաղաքացիական պատերազմից բզկտված Աֆղանստանը: Արդեն չխոսենք զենքի այն քանակության մասին, որն առկա տարածաշրջանում: Այս ամենը չի խոսում այն մասին, որ պատերազմ անպայման կլինի: ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ Արևմուտքը պետք է ոչ թե զինեն գրոհայիններին և վտանգավոր բանաձևեր ընդունեն, այլ հանգիստ թողնեն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներին: Դրանից կշահի միայն համաշխարհային հանրությունը, որը պայքարում է խաղաղության համար միայն բառերով:

Կարինե Տեր-Սահակյան