Հայաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել ազատ առևտրի գոտու մասին «թեկուզ հիմա»

Պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանի առևտրատնտեսական հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ կխորանան, մասնավորապես, հայկական արտադրանքի արտահանման գծով

Կարևորելով ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը` Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշում է ընդունել 25 մլն դրամ հատկացնել ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին պատշաճ կերպով ներկայանալու համար, որը կայանալու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայում: Այդ հոբելյանի նախապատրաստական աշխատանքները քննարկվել են նաև Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների խորհդրի նիստում: Նիստի օրակարգի կարևորագույն հարցերից է եղել ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումն այս հարցի շուրջ, իսկ նախագիծը հիմնականում ընդունվել է որպես հիմք: Մասնակիցները փաստել են, որ պայմանագրի գաղափարն ընդունելի է բոլոր երկրների համար, սակայն պետք է քննարկել տեխնիկական պահերը, որի համար նախատեսվում է փոխվարչապետերի մակարդակում ևս մեկ հանդիպում:

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում բացվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, նիստում արծարծված կարևորագույն հարցերից էր Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կառավարությունների տեսակետները, իսկ փաստաթուղթը հիմնականում ընդունվել է որպես հիմք: Նշվել է, որ դրա գաղափարախոսությունն ընդունելի է բոլոր կառավարությունների համար, բայց տեխնիկական մակարդակով պետք է քննարկվեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները: Տիգրան Սարգսյանի խոսքով` որոշում է կայացվել, որ փաստաթուղթը հիմք ընդունելով` փոխվարչապետերի մակարդակով կլինի ևս մեկ հանդիպում, որպեսզի բոլոր խնդիրներին, վիճահարույց հարցերին լուծումներ գտնվեն: «Հայաստանն այս պահի դրությամբ որևէ վիճահարույց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապված, և մենք պատրաստ էինք այն ստորագրել նույնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պետք է ընդունվի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկվի և հաջորդ` հոկտեմբերյան հանդիպմանը, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, ստորագրվի վերջնական տեքստով»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Գնահատելով Բելառուս կատարած պաշտոնական այցի արդյունքները` Հայաստանի վարչապետը կարևորել է ունեցած հանդիպումները, մասնավորապես Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրման և բելառուսական ավտոբուսների ներկրման հետ կապված, ինչպես նաև Բելառուսից զբոսաշրջիկներ Հայաստան բերելու վերաբերյալ:

Բելառուսի Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներումՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը` Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այն լուրջ ազդակ կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը: «Վերջին մոտ 10 տարում մենք 15 անգամ ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Հետո որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում և Բելառուսում, որպեսզի ձեռներեց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպես էլ եղավ, և ավելացումը նկատվեց հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով` այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանակաշրջանում, որովհետև թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: «Առանց տնտեսական հիմքի ցանկացած քաղաքականություն, ցանկացած խոսակցություն անարդյունավետ է: Երկու պետությունների տնտեսական հիմքը նախ և առաջ ապրանքաշրջանառությունն է»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Ընդգծելով, որ տնտեսական կապերում Հայաստանն ու Բելառուսն ունեն լավ ավանդույթներ, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 16 անգամ, Բելառուսի վարչապետն անդրադարձել է այն ուղղություններին, որոնք հատկապես հետաքրքրական են իրենց երկրի համար, և որոնց ուղղությամբ ակնկալում են փոխգործակցություն: Նա կարևորել է ժամանակին քննարկված մի շարք երկկողմ գիտատեխնիկական ծրագրերի հետագա իրականացումը: Նշելով, որ այժմ Հայաստան է ներկրվում բելառուսական դեղագործական արտադրանք` Միխայիլ Մյասնիկովիչը հեռանկարային է համարել համատեղ արտադրական հզորությունների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալ նաև երրորդ երկրների շուկա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---