2005 ԹՎԱԿԱՆԻ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է ՈՒԹՍՈՒՆ ՏՈԿՈՍՈՎ

PanARMENIAN.Net - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվում է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-չինական առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այսօր հայկական պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Ջաոսինի հետ: Հանդիպման ընթացքում Չինաստանի ԱԳ ղեկավարը գոհունակությամբ նշել է վերջին շրջանում հայ-չինական բարձր մակարդակի փոխայցելությունների հաճախականությունը եւ հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության ներկայիս այցը նոր խթան կդառնա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Նրա խոսքերով` Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները եւ պաշտպանում է Հայաստանի ընտրած զարգացման ուղին: Ա. Թումանյանը հայտարարել է, որ հայ-չինական առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի Պեկինում անցկացված չորրորդ նիստը աչքի է ընկել գերազանց կազմակերպվածությամբ, գործնականությամբ եւ արդյունավետությամբ: Կողմերը դրական են գնահատել բոլոր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների զարգացման դինամիկան` մասնավորապես նշելով, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ երկկողմ առեւտրաշրջանառությունն ավելացել է 80 տոկոսով, ինչն աննախադեպ ցուցանիշ է եւ վկայում է երկկողմ համագործակցության ներունակությունն ու հեռանկարայնությունը: Բացի այդ, զրուցակիցները գնահատանքով են նշել երկկողմ հարաբերություններում հաստատված քաղաքական լիակատար փոխվստահության մթնոլորտը եւ պատրաստակամություն են հայտնել միջազգային ատյաններում առավել սերտորեն համագործակցելու` մասնավորապես անդրադառնալով ՄԱԿ-ի եւ նրա անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությանը: Հանդիպման ավարտին Հայաստանի պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Լի Ջաոսինին առաջիկա ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանի նախագահն այդ առիթով շնորհավորական նամակ է հղել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին: Այսօր էլ հայկական պատվիրակությունը մեկնել է Շանհայ, որտեղ հանդիպումներ կունենա քաղաքի ղեկավարության հետ, կայցելի ZTE հեռահաղորդակցական խոշոր կորպորացիայի գիտահետազոտական կենտրոն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---