Հայաստան. Գների աճը ձեթի, դեղորայքի ու կենցաղային տեխնիկայի շուկայում հիմնավորված չէ

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գների չհիմնավորված աճ է գրանցել ձեթի, կարագի, կենցաղային տեխնիկայի ու դեղորայքի շուկայում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Այդ շուկաների տնտեսվարող սուբյեկտների դեմ վարչական վարույթ կսկսվի: Մենք շատ բողոքներ ենք ստացել քաղաքացիներից հենց այդ շուկաներում գների աճի մազին: Օրինակ, մեզ հայտնի է դարձել, որ դեղորայք ներկրողները պայմանավորվել են գները բարձրացնել միանգամից 25 տոկոսով»,-ասել է Շահնազարյանը: Նա նաեւ նշել է, որ ՏՄՊՊՀ-ն կշարունակի դիտարկումը եւս երկու շաբաթ եւ անբարեխիղճ գործարարների ցուցակը կփոխանցվի Պետեկամուտների կոմիտե: «Այդ գերատեսչությունը արդեն իր լիազորությունների շրջանակներում կզբաղվի օրինախախտներով»,-ասել է Շահնազարյանը:



Ինչպես հավաստիացրել է Ա.Շահնազարյանը, խուճապի պատճառ չկա: «Մենք տեսնում ենք, որ դոլարի փոխարժեքն աստիճանաբար իջնում է` կազմելով 350-360 դրամ 1 դոլարի դիմաց: Արդեն վաղը սպառողը կնկատի բենզինի եւ դիզելային վառելիքի գների իջեցում»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանն ազատ տնտեսական մրցակցությամբ երկիր է եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը կարող է կապված լինել միջազգային շուկաներում գների փոփոխության հետ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---