Ամերիաբանկը կվարկավորի վերականգնվող էներգետիկան

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մտադիր է 2009թ. չորրորդ եռամսյակում սկսել վերականգնվող էներգետիկայի վարկավորում, լրագրողներին է ասել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը: «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր վարկային ծրագիրը վկայում է այն մասին, որ բանկն իր ավանդն է ներդնում երկրի մասնավոր հատվածի զարգացման գործում ճգնաժամի պայմաններում»,-ասել է նա: Արեւշատյանը հավելել է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու միջազգային կազմակերպությունների հետ 20 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ, վարկային միջոցները կտրամադրվեն 8-ամյա ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով, տոկոսադրույքը կազմում է 11 տոկոս:



Ըստ նրա, նոր վարկային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն փոքր ՀԷԿ-ը, որոնք վերակառուցման ու ընդլայնման կարիք ունեն, ինչպես նաեւ հողմային էլեկտրակայանները: Արեւշատյանը նշել է, որ Հայաստանում արդեն ձեւավորվել է ՀԷԿ-երի ենթակառուցվածք, ինչը չի կարելի ասել հողմային էլեկտրակայանների մասին, ինչը բացատրվում է աշխարհագրական առանձնահատկություններով: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների պարտադիր պահանջներից է շրջակա միջավայրի պաշտպանությունը: «Ամերիաբանկը հայկական բանկերից առաջինն է պատրաստվում ներդնել շրջակա միջավայրի պաշտպանության ռիսկերի նոր համակարգը»,-նշել է նա: Արեւշատյանը նշել է նաեւ, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը թույլ կտա փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներն, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի շրջակա միջավայրի վրա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---