Գազի նոր սակագինն առաջ բերեց արդյունաբերողների դժգոհությունը

PanARMENIAN.Net -
Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է գազի ընդունելի գներ սահմանել տնտեսության բոլոր ոլորտների համար: Նրա խոսքով, 1 խորանարդ մետր գազի համար 136 դրամ գինը, որն առաջարկել է «ՀայՌուսգազարդը», առաջ է բերել արդյունաբերողների դժգոհությունը, մասնավորպես, Նաիրիտ գործարանի եւ «Հրազդան» ցեմենտի գործարանի կողմից, քանի որ նոր գները ձեռնտու չեն ցեմենտի արտահանման համար: «ՀայՌուսգազարդն» առաջին տեղն է զբաղեցրել խոշոր հարկատուների ցուցակում, բայց դրա արդյունքում մնացած ոլորտները, ցավոք, հետ են մնում կամ էլ շահութաբեր չեն, ուստի հարկավոր է գազի ընդունելի սակագին սահմանել տնտեսության բոլոր ճյուղերի, մասնավորապես արդյունաբերության համար»,- ասաց նա այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին:



Այդ կապակցությմբ Վազգեն Սաֆարյանը հաղորդեց, որ Միությունն առաջարկել է վերանայել Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված գազի գների առնչությամբ ծախսի հոդվածները եւ գազահամակարգի ներմուծման ծրագիրը, որի համար 31 մլրդ դրամի չափով ներդրումներ են նախատեսված: «Ներդրումային ծրագիրը չպետք է իր մեջ գազի սակագների փոփոխություններ ներառի, այլ պետք է ֆինանսավորվի այլ ծրագրերի միջոցով»,- ասաց նա:



Միության նախագահն ավելացրեց, որ գազի գները պետք է կարգավորվեն նաեւ քաղաքական տեսակետից: «Եթե Ռուսաստանը Հայաստանին իր ռազմավարական գործընկերն է համարում, ապա Հրազդանի ՋԷԿ-ին, Սարատովի եւ Վոլգոգրադի ՋԷԿ-երին մատակարարվող գազի գները չպետք է տարբերվեն»,- հայտնեց նա:



Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երկրի 300 հարկատուների ցուցակում առաջատարն է: 2009 թվականին ընկերությունը 18 մլրդ 414 մլն դրամի չափով հարկեր է վճարել, ինչը 3%-ով ավելի է 2008 թվականի ցուցանիշից` 17 մլրդ 881 մլն դրամ:



Ընկերության ներդրումային ծրագիրը, որը ներկայացված է ՀԾԿԿ-ում, 2010-2012թթ. կազմում է 31,81 մլրդ դրամ (առանց ԱԱՀ), որոնցից 7,65 մլրդ դրամը կուղղվի գազատրանսպորտային համակարգին, 24,16 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգին:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ԲԲԸ-ն ՀԾԿԿ-ին դիմեցին բնական գազի գործող սակագինը վերանայելու առաջարկով: Ընկերությունն առաջարկում է վերանայել սակագները ամսական մինչեւ 10 000 խոր. մ գազ սպառողների համար, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգի օպերատորի, գազաբաշխման եւ բնական գազի փոխադրման ծառայությունների սակագները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---