Այսուհետ «Հայփոստը» կզբաղվի նաեւ ծանրոցների մաքսազերծմամբ

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարությունն իր 2010թ. փետրվարի 4-ի նիստում հավանություն է տվել 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարմանը: Ներկայացնելով օրինագիծը կառավարության ճեպազրույցում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտնել է լրագրողներին, որ նախատեսվում է ընդլայնել «Հայփոսթ» ՓԲԸ-ի գործունեության ցանկը, որտեղ կներառվի նաեւ մաքսային միջնորդական գործունեությունը։



«Մինչ օրս, փոստի ազգային օպերատորը իրավունք չուներ նման գործունեություն ծավալել, ուստի քաղաքացիները ստիպված էին դիմել համապատասխան մաքսային մարմիններին»,-ասել է նա: Ըստ նրա, փոփոխությունները թույլ կտան խուսափել ավելորդ խոչընդոտներից ծանրոցներ ստանալիս, հատկապես, հեռավոր մարզերի բնակիչներին: «Նախատեսվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում եւ դրանց որակի բարձրացում, ինչպես նաեւ ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության եւ մատչելիության ապահովում»,-ասել է նա:



Բացի այդ, նախարարը հավելել է, որ վերջին տարիներին 2009թ. առաջին անգամ ընկերությունը շահույթ է ստացել, որը կազմել է 1,2 մլրդ դրամ: Գ.Սարգսյանը հայտնել է նաեւ, որ 2009-ին վերանորոգվել է «Հայփոստի» 30 բաժանմունք Երեւանում եւ մարզերում, իսկ 2010թ. նախատեսվում է վերանորոգել եւս 50 բաժանմունք:



«Հայփոսթ» ՓԲԸ-ն Հայաստանի փոստի ազգային օպերատորն է եւ գործում է 900 փոստային բաժանմունքների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: 2006թ. նոյեմբերի 30-ին Երեւանում պայմանագիր է կնքվել «Հայփոստը» 5 տարի ժամկետով հոլանդական «Haypost Trust Management» ընկերության հավատարմագրային կառավարմանն հանձնելու մասին` պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով: Ընկերությունը մտադիր է կադրերի վերապատրաստման ծրագիր իրականացնել, ներդնել On-line ցանց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---