Ամերիաբանկը եւ ՎԶԵԲ-ը ստորագրել են միջին բիզնեսի համաֆինանսավորման մասին պայմանագիր

PanARMENIAN.Net - 2010-ի մարտի 4-ին Երեւանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Միջին չափի վարկերի համաֆինանսավորման» ծրագրի (MCFF) շրջանակներում ստորագրել են պայմանագիր: Համաֆինանսավորման մասին պայմանագիրը ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ ՎԶԵԲ ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Մայք Թեյլորը:

«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ հուսով ենք, որ այդ համագործակցությունը նպաստելու է բանկի վարկային ծրագրերի հետագա զարգացմանը եւ ընդլայնելու է մեր ֆինանսավորման շրջանակը»,- ասել է Արտակ Հանեսյանը պայմանագրի հանդիսավոր ստորագրման արարողությունից հետո: Նրա խոսքերով, պայմանագրով նախատեսվում է ՎԶԵԲ մասնակցությունը միջին եւ խոշոր չափի բիզնեսի ֆինանսավորման վերաբերյալ բանկի վարկային ծրագրերում 10 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ Ամերիաբանկի կողմից այդ ծրագրերի համաֆինանսավորումը: Հանեսյանն ասաց, որ վարկերը տրամադրվելու են ընդունելի պայմաններով, իսկ մեկ փոխառուի համար վարկի միջին չափսը կազմելու է մոտ 1-2 մլն դոլար` հաշվի առնելով բանկում ընդունված լիմիտային սահմանափակումը 12 մլն դոլարի չափով: Ինչ վերաբերվում է վարկավորման նախընտրելի ոլորտներին, ապա դրանց շարքում Արտակ Հանեսյանը նշեց վերականգնվող էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության եւ արտադրության տարբեր ասպեկտները:

Իր հերթին Մայք Թեյլորն ավելացրեց, որ Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգում դինամիկ զարգացող բանկերից է եւ նվաճել է կորպորատիվ հաճախորդների մեծ վստահությունը: «Համաֆինանսավորման մասին պայմանագիրը հնարավորություն կտա ընդլայնել բանկի կորպորատիվ հաճախորդների վարկային գիծը` հատկացնելով նրանց երկարաժամկետ ֆինանսավորում, որի պակասը զգացվում է երկրի բանկային համակարգում»,- նշել է նա: Նա նաեւ ավելացրել է, որ համաֆինանսավորման մասին պայմանագիրը կորպորատիվ քաղաքականության մաս է կազմում, եւ այդ ենթատեքստում ՎԶԵԲ-ը մտադիր է աշխատել լավագույն հայկական բանկերի հետ: Մայք Թեյլորը նշեց, որ Ամերիաբանկը թվով երրորդ հայկական բանկն է, որի հետ ՎԶԵԲ-ը սերտորեն համագործակցում է, եւ հույս հայտնեց, որ «երեքը» հաջողակ թիվ կլինի բանկի համար: Նա նաեւ նշեց, որ մոտ ժամանակները ՎԶԵԲ-ը մտադիր է շարունակել համագործակցությունն Ամերիաբանկի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---