Սոցիալական հարցերը կառավարության եւ երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են

Սոցիալական հարցերը կառավարության եւ երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իրագործում է սոցիալական ծրագրեր` ելնելով պետբյուջեի հնարավարություններից, լրագրողներին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Միշտ չէ, որ մեր հնարավորությունները համընկնում են մեր ցանկությունների հետ, դրանք ավելի շատ են, ուստի խոսքը գնում է բնակչության անապահով շերտերի վրա սոցիալական ճնշման առավելագույն թեթեւացման մասին: Բնակչության անապահով շերտերի բոլոր ծախսերը 100 տոկոսով փոխհատուցել չի կարող ոչ մի պետություն»,- ասել է նա:

Հայաստանի կառավարությունը 2010-ի մարտի 25-ի արտագնա նիստում որոշում է ընդունել կենսաթոշակների ծավալը 11 տոկոսով եւ նպաստների ծավալը 15 տոկոսով մեծացնելու մասին: Որոշումները, որոնք ուժի մեջ են 2010-ի նոյեմբերի 1-ից եւ համապատասխանաբար մայիսի 1-ից, ընդունվել են բնակչության անապահով խավին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով` հաշվի առնելով գազի սակագների բարձրացումը:

Ինչպես նշեց ֆինանսների նախարարը, սոցիալական հարցերը միշտ եղել են կառավարության եւ երկրի նախագահի ուշադրության կենտրոնում, այդ նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով երկրի Ֆինանսների նախարարության գլխավորությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը բնակչության անապահով շերտերի վրա սոցիալական ճնշումը մեղմացնելու համար մի ամբողջ փաթեթ է պատրաստել: «Կարեւորը, մենք կարողացանք արագ եւ ադեկվատ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին սպասվող գնաճի ճնշումների պայմաններում, մասնավորապես կապված գազի սակագների բարձրացման հետ»,- ասել է նա: Նրա խոսքերով, մոտ 1 մլն անապահով քաղաքացիներ 6-6,5 մլրդ դրամի չափով հատուկ օգնություն են ստանալու պետության կողմից: Նախարարը նաեւ նշեց, որ աշխատանքային խմբի մասնագետներն ուշադրություն են դարձրել հաշվարկներին, կապված գազի ծախսերի ամենամսյա օգտագործման հետ, որոնք ապրիլի 1-ից կազմելու են մոտ 2500 դրամ, եւ , ելնելով դրանից, կենսաթոշակի միջին հավելումը կկազմի 2 650 դրամ, իսկ նպաստինը` 3 500 դրամ: Խոսելով սոցիալական օգնության ֆինանսավորման աղբյուրներից` Տիգրան Դավթյանը նշեց, որ պետբյուջեի ոչ մի ծախսային հոդված չի կրճատվելու, այս ծախսերի իրականացման համար աղբյուր են ծառայելու հարկային եկամուտները, որոնց մեծացումը Պետեկամուտների կոմիտեն արդեն արձանագրել է վերջին երեք ամիսում, վարչարարության խստացումը, ինչպես նաեւ պահուստային հիմնադրամի միջոցները, որոնք օգտագործվում են չնախատեսված ծախսերի համար:

Ինչ վերաբերվում է ժամկետներին, ապա նա պարզաբանեց, որ մայիսի 1-ը նպաստների համար համընկնում է կոմունալ ծախսերի կանոնավոր վճարումների առաջին ամսի հետ, իսկ նոյեմբերի 1-ը թոշակների համար համընկնում է գազի սպառման ծավալների մեծացման հետ:

Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հավաստիացրեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական ճնշումները ժամանակավոր բնույթ են կրում, որից ելնելով Հայաստանի կառավարությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի բնակչության անապահով շերտերին սոցիալական օգնություն տրամադրելը կրի հետեւողական բնույթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---