Երևանում տեղի կունենա Հայաստանի մասին «Polaris» ուղեցույցի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում կմեկնարկի Զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակը, որի նպատակն է խթանել երկրի զբոսաշրջային ուղղությունները, ձեռք բերել համագործակցության և փորձի փոխանակման նոր հնարավորություններ, վերհանել և քննարկել ոլորտի արդի խնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև հանրությանը ներկայացնել զբոսաշրջային նոր արդյունք:

Հայաստանում զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակը կանցկացվի առաջին անգամ: Նախաձեռնությունը կազմակերպված է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո և ոլորտի ասոցիացիաների համագործակցությամբ:

Նախաձեռնության շրջանակներում տեղի կունենան զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` Հայաստանի զբոսաշրջության մրցունակության 4-րդ համաժողովը, «CTS 2010» միջազգային զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը և Հայաստանի մասին «Polaris» իտալերեն անդրանիկ ուղեցույցի շնորհանդեսը: Տեղական և տարածաշրջանի զբոսաշրջային ընկերությունների համար կանցկացվեն թեմատիկ սեմինարներ և դասընթացներ, կկազմակերպվեն քննարկումներ ոլորտի խնդիրների շուրջ` ԱԺ պատգամավորների և համապատասխան նախարարությունների մասնակցությամբ:

Զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակին կմասնակցեն ուսումնական, զբոսաշրջային, հյուրանոցային և ռեստորանային ոլորտների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և այլ երկրներից, ասվում է ազգային մրցունակության հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---