Ավստրիացի և հայ գործարարները կհստակեցնեն համագործակցության հեռանկարային ուղիները

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Ավստրիայից ժամանած գործարարների պատվիրակության ղեկավար, Ավստրիայի տնտեսական պալատի ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի կապերի տնօրեն Հայնց Ոլթերին և Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում առևտրային խորհրդական Դիտմար Ֆելներին:

Ավստրիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցի շրջանակներում տնտեսական տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական 25 ընկերությունների ներկայացուցիչներ ժամանաել են Հայաստան` հայ գործարարների հետ հանդիպումներ ունենալու, հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու, ինչպես նաև երկուստեք շահավետ համատեղ ծրագրեր և նախագծեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին` Երևանում ավստրիական տնտեսական առաքելության ներկայացումը հայ գործարար համայնքին, Հայաստանի և Ավստրիայի տնտեսական համագործակցության ընդլայնաման հնարավորությունների և ներուժի բացահայտումը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում արտաքին առևտրային կապերի ամրապնդումը:

Հյուրերի խնդրանքով Ներսես Երիցյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություները, Հայաստանի մրցունակության բարձրացմանն ուղղված պետության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումները, զբոսաշրջության ոլորտում` Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքի և Տաթևի ճոպանուղու կառուցումը, առողջապանության բնագավառում` միջուկային բժշկության զարգացումը, գյուղատնտեսության ոլորտում` ազատ տնտեսական գոտու հիմնման ծրագիրը, ինչպես նաև ճանապարհաշինության, աղբահանության, կրթության բնագավառներում իրականացվող ծրագրերը:

Հայնց Ոլթերն, իր հերթին, ընդգծեց հայ-ավստրիական առևտրային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունն ու Ավստրիայի պատրաստակամությունը: Նա հույս հայտնեց, որ ավստրիացի և հայ գործարարների երկկողմ բիզնես հանդիպումների շրջանակներում կհստակեցվեն հետագա համագործակցության հեռանկարային ուղիները, հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---