ՏՄՊՊՀ-ը որոշել է վարչական վարույթներ հարուցել 8 տնտեսվարողի նկատմամբ

ՏՄՊՊՀ-ը որոշել է վարչական վարույթներ հարուցել 8 տնտեսվարողի նկատմամբ

PanARMENIAN.Net - ՏՄՊՊՀ աշխատակիցների կատարած ամենօրյա դիտանցումների արդյունքում մայրաքաղաքի եւ մարզերի խանութներում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության գործողության եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի» հնարավոր խախտման վերաբերյալ նյութեր:

Ինչպես հայտնում է հանձնաժողովի մամլո ծառայությունը, հայտնաբերվել են եւ Ա/Ձ Խ. Ավետիսյանի եւ «Շիրակի դուռ» ՍՊԸ արտադրության անձեռոցիկներ, որոնց փաթեթավորման վրա առկա են այլ ընկերությունների սեփականությունը հանդիսացող միջազգայնորեն գրանցված ապրանքային նշաններ (Mersedes-Benz, BMW, Opel, ZILLI):

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրության «Չեմպիոն» անվանումով հավկիթի պիտակի վրա առկա է ՖԻՖԱ-ի սեփականությունը հանդիսացող «SOUT AFRICA 2010» ապրանքային նշանը:

Միջազգային գրանցում ունեցող նույն ապրանքային նշանը օգտագործել է նաեւ «ՎԵԳԵՔՈՄ» ընկերությունը` «COOPOLIVA» ձիթապտղի իրացման կապակցությամբ անցկացվող ակցիայի մասին ազդարարող պաստառներում եւ ընկերության կայքում:

Հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի» հնարավոր խախտման վերաբերյալ կասկածի տեղիք է տվել նաեւ «Իդեալ համակարգ» խանութների ցանցում անցկացվող ակցիայի շրջանակներում սպառողներին գովազդի միջոցով ներկայացվող տեղեկատվությունն ու դրա փաստացի մատուցումը:

Ամենօրյա դիտարկումների ընթացքում երեւանյան վաճառակետերում հայտնաբերվել են նաեւ «ԱՐՄՍՎԻԹ» եւ «Երեւան կաթ» ՍՊԸ-ների արտադրության պաղպաղակներ` առանց պատրաստման եւ փաթեթավորման ժամկետների մասին նշումների:

Իսկ Վաղարշապատի խանութներում հայտնաբերվել են «OK» եւ «ՔՅՈՒԿԱ» ապրանքային նշանով զովացուցիչ ընպելիքներ, որոնց պիտակների վրա բացի արտադրության եւ պահպանման ժամկետներից բացակայում են նաեւ պահման պայմանների, սննդամթերքի հիմնական բաղադրիչների, սննդամթերքի հետ շփվող նյութերի ցանկի մասին պարտադիր գրառումները: Իսկ իբրեւ արտադրող ըմպելիքներից մեկի պիտակի վրա նշված է միայն «Ա/Ձ 121748 Արթուր» գրառումը:

Հուլիսի 23-ին կայացած արտահերթ նիստում ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց վերոհիշյալ հնարավոր խախտումների վերաբերյալ 8 տնտեսվարողի նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---