Հայաստանը հրավեր է ստացել 2011 թվականին մասնակցելու միանգամից երկու կորեական ցուցահանդեսների

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յոուն Հոյին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացումը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը:

Երկուստեք արձանագրելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում մեծ ներուժի առկայությունը` կողմերը զրուցեցին բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվեցին տնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվեց գործարար համաժողովների անցկացումը:

Անդրադառնալով արդեն իրականացված համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Երևանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, ինչպես նաև հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների և մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը Հայաստանին տրամադրված տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կորեական լեզվի ուսումնասիրության կենտրոնին ցուցաբերված աջակցության համար: Նա նշեց նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու 2011 թ. ընթացքում Կորեայի Հանրապետությունում կայանալիք «Buy Korea-2011» առևտրաարդյունաբերական և «Seoul Food Show» սննդարդյունաբերական ցուցահանդեսներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---