ՀՀ փոխվարչապետը Հայաստան է հրավիրել Քուվեյթի նավթի եւ տեղեկատվության նախարարին

ՀՀ փոխվարչապետը Հայաստան է հրավիրել Քուվեյթի նավթի եւ տեղեկատվության նախարարին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Քուվեյթի նավթի եւ տեղեկատվության նախարար շեյխ Ահմեբ ալ Սաբահի հետ: Կողմերը քննարկեցին էներգետիկայի, հատկապես` վերականգնվող էներգետիկայի բնագավառում գործակցությանը վերաբերող հարցեր: Նշելով, որ Հայաստանը թեեւ հարուստ չէ վառելիքաէներգետիկ պաշարներով, փոխվարչապետը միաժամանակ ընդգծեց, որ տնտեսության մի շարք ոլորտներ` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման մեծ ներուժ ունեն: Նա Քուվեյթի գործընկերոջը հրավիրեց Հայաստան` գործարար եւ ներդրումային միջավայրին անձամբ ծանոթանալու համար: Երկուստեք կարեւորվեց հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի առեւտրատնտեսական եւ հումանիտար հարաբերությունների աշխուժացմանը:

Այցի շրջանակում փոխվարչապետն այցելեց նաեւ Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատ, հանդիպեց պալատի ղեկավարության հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը վերաբերող հարցեր: Կարեւորվեց գործարարների ուղիղ շփումների, փոխայցելությունների, գործարար համաժողովների կազմակերպումը` գործակցության հետագա ուղղությունները նախանշելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նշվեց, որ հիմնականում ներմուծող երկիր համարվող Քուվեյթի շուկան բաց է հայկական ապրանքատեսակների համար: Միաժամանակ կարեւորվեց ապարանքների տեղափոխման ճիշտ ռազմավարության որոշումը:

Անդրադարձ եղավ նաեւ Քուվեյթում հայկական աշխատուժի ներգրավման, շինարարական նախագծերի իրականացմանը հայկական ընկերությունների մասնակցության հնարավորություններին, հաղորդում է կառավարության հսարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---