Կենտրոնական բանկը ներկայացրել է թոշակների ստացման նոր ընթացակարգը

Կենտրոնական բանկը ներկայացրել է թոշակների ստացման նոր ընթացակարգը

PanARMENIAN.Net - 2011 թ-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում է ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկ («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) և 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալև Ռիա» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դեպի տուն» ՍՊԸ, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ):

Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, համաձայն նոր կարգի, յուրաքանքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով:

Ընդ որում, այդ նպատակով բացված բանկային հաշվի բացումը, վարումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաև վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում և սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որևէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի միջոցով տուն հասցնելու միջոցով: Միաժամանակ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքույկ և սոցիալական քարտ: Ընդ որում, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավեր լինելու պայմանը պարտադիր է: Այնուհետև բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրվում բանկային հաշվի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացված տեղեկանք, որը կենսաթոշակառուն պետք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարության իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում՝ այսուհետ կենսաթոշակը տվյալ բանկային հաշվին փոխանցելու կամ տվյալ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու նպատակով, ասվում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---