Վարչապետն ու Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական միասնական մաքսային ծառայության ձևավորումը

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական միասնական մաքսային ծառայության ձևավորումը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին կառավարությունում և շնորհավորելով Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը կարևորել է երկու պետություններում դեսպանատների աշխատանքը, քանզի Հայաստանի և Վրաստանի դեսպանները ամեն օր զբաղվում են առարկայական հարցերով, որոնք առնչվում են մեր քաղաքացիների շահերի հետ: «Մենք առանձնահատուկ հարգալից վերաբերմունք ունենք վրաց ժողովրդի նկատմամբ: Ուրախ եմ, որ քաղաքական բարձր մակարդակով այդ հարաբերությունները պահպանվում և ամրապնդվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ մեր ժողովուրդների միջև ձևավորված պատմական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ամրապնդվում են երկու պետությունների ղեկավարների շնորհիվ, առավել պարտավորեցնում են երկու երկրների դեսպաններին աշխատել հանուն դրանց խորացման:

Զրուցակիցները քննարկել են Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք մասնավորապես վերաբերում են միասնական մաքսային ծառայության ձևավորմանը և մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներին:

Կառավարության ղեկավարը նշել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, որոնք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի, հերթական` 9-րդ նիստի քննարկման օրակարգի մաս կլինեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---