Վարչապետը վստահ է, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտին լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ էկոնոմիկայի զարգացման համար

Վարչապետը վստահ է, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտին լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ էկոնոմիկայի զարգացման համար

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, որը ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում, պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա մեր մասնագետներն աշխատում են 1993 թվականից, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացելով կառավարության նիստը։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց։ Նրա խոսքով, հետագայում այս ուղղությամբ կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, և հիմնականում այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։ «Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու առևտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։ Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, որոնք առկա են ստորագրված փաստաթղթում։ Սրա արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։

Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։

Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։ Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար։ Համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար»,-ասել է վարչապետը։

5  20.10.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---