![]() Հովհաննես Դավթյան.Տարիների փորձի շնորհիվ հիմա ես ավելի վստահ և ուշադիր եմ դուրս գալիս տատամի10 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանն Օլիմպոսի գագաթը փորձելու է նվաճել երկրորդ փորձից: Մարզիկը վճռականորեն է տրամադրված ու անելու է ամեն ինչ մեդալով վերադառնալու համար: PanARMENIAN.Net-ին Դավթյանը պատմել է, թե ինչպես է հաջողվել նվաճել ուղեգիր, ինչպիսին է աշխատանքը ռումինացի մարզչի հետ, ով է իր ամենաանհարմար մրցակիցը, ինչու է ելույթ ունեցել նաև սամբոյում և թե ինչու Օլիմպիական խաղերն իր համար չեն տարբերվում այլ մրցաշարերից: Ձյուդոիստներն ի տարբերություն այլ մարզիկների միանգամից չէ, որ ուղեգիր նվաճեցին, դուք տարվա ընթացքում էիք մրցաշարերի մասնակցում և հավաքում միավորներ: Այդ տարբերակով ավելի դժվա՞ր չէ ուղեգիր նվաճել: Ցանկացած եղանակով էլ դժվար է Օլիմպիական ուղեգիր նվաճել: Չորս տարվա ընթացքում ենք մենք միավորներ հավաքել` բազմաթիվ մրցաշարերի մասնակցելով: Անհրաժեշտ էր հնարավորինս շատ մրցաշարերում մեդալներ նվաճել, որպեսզի հնարավոր լիներ օլիմպիական միավորներ ձեռք բերել: Եվ դժվարությունն այն է, որ 4 տարվա ընթացքում պետք է պահպանել լավ մարզավիճակ, որպեսզի անընդհատ կարողանաս հաջող մասնակցել մրցաշարերին: Մեկ տարի լավ հանդես գալու դեպքում, հետագայում միավորները կկիսվեն և դուրս կմնաս ուղեգրի համար պայքարից: Սրանում է կայանում դժվարությունը: Ո՞ր մրցաշարից հետո հավատացիր, որ արդեն ունես Օլիմպիական ուղեգիր: Նման բան չի եղել, որովհետև մենք շատ մրցաշարերի ենք մասնակցել, և հանգստանալու դեպքում կարելի էր ուղեգիրը ձեռքից բաց թողնել: Մրցակիցներն անընդհատ հետապնդում էին, և զգոնությունը կորցնելու դեպքում կարող էի չունենալ այս հաջողությունը: Միայն այս տարվա Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ավարտվեց ուղեգրերի համար պայքարը, այդ ժամանակ միայն զգացի, որ վերջ, ուղեգիրը նվաճված է: Սա քո երկրորդ Օլիմպիական խաղերն են, դու ավելի փորձառու ես դարձել այս 4 տարիների ընթացքում, բայց միաժամանակ հիմա ավելի մեծ ես: Կնկարագրե՞ս այն ժամանակվա քո զգացողությունները խաղերից առաջ և հիմա: Բնականաբար, առաջին Օլիմպիական խաղերից առաջ ունեցած զգացողությունները բոլորովին այլ էին: Առաջին խաղերից հետո արդեն փորձ եմ ձեռք բերել, ինձ համար Օլիմպիական խաղերը արդեն չեն տարբերվում այլ մրցաշարերից: Մնում է գնալ և լավ մասնակցել: Ինչպե՞ս ես գնահատում այս օլիմպիական ցիկլը քեզ համար, կարողացա՞ր արդյոք իրականացնել քո առջև դրված խնդիրները, թե այնուամենայնիվ բացթողումներ ևս եղան: Կարող եմ ասել, որ ունեցա և հաջողություններ, և բացթողումներ թույլ տվեցի: Իմ ամենամեծ նվաճումը համարում եմ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Իսկ կոչումներից բացի, այս 4 տարվա ընթացքում նաև մեծ փորձ եմ ձեռք բերել, ինչը չափազանց կարևոր է մարզիկի համար: Հիմա ես ավելի վստահ և ուշադիր եմ դուրս գալիս տատամի, քան առաջ: Հավաքականի հետ հիմա աշխատում է ռումինացի մարզիչ Ադրիան Կրիոտուրուն, ըստ քեզ ի՞նչ տվեց նա մեր հավաքականին: Հեշտ հարմարվեցինք նրան և կարողացանք նույն կերպ շարունակել մեր աշխատանքը: Նա ընդհանուր առմամբ չփոխեց մեր մարզումների ձևը, պարզապես ճիշտ և կարևոր ուղղումներ կատարեց: Մեզ ինչ-որ նոր բաներ սովորեցնելու անհրաժեշտություն չկար, նա պարզապես մեր իմացածն ավելի կատարելագործեց: Կրիոտուրուն հայերեն չի խոսում, իսկ ինչպե՞ս եք շփվում նրա հետ և արդյո՞ք լեզվական խնդիրը չի անդրադառնում տատամիում ձեր աշխատանքի վրա: Սկզբում, իհարկե, դժվարություններ կային, բայց աստիճանաբար սովորեցինք: Մեր երկրորդ մարզիչը` Արթուր Գևորգյանը, անհրաժեշտության դեպքում անգլերենից թարգմանում է Կրիոտուրուի առաջադրանքները: Ո՞վ է քո քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն դառնալու հիմնական ֆավորիտը: Յուրաքանչյուրը: Ձյուդոյում շատ դժվար է ֆավորիտների անուններ տալ, շատ բան կախված է հենց այդ օրից: Բոլոր մարզիկներն էլ պատրաստ են ու կարող են դառնալ հաղթող: Պարզապես հանգամանքներն էլ պետք է նպաստեն դրան: Ես համարում եմ, որ եթե կարողացել են ուղեգիր ձեռք բերել, բոլորի հետ էլ պետք է լինել զգոն: Դու Գյումրիից ես, որտեղ միշտ շատ են եղել տաղանդավոր մարզիկները, որոնց մեծ մասը հիմնականում ծանրորդներ են ու ըմբիշներ, ինչո՞ւ դու ընտրեցիր ձյուդոն: Ես պատահական եմ հայտնվել ձյուդոյի դահլիճում: Իմ հասակակից տղաները տարբեր մարզաձևերով էին զբաղվում: Եվ մի անգամ էլ բակի տղաների հետ ես էլ գնացի մարզվելու, ու այդպես ամեն ինչ սկսվեց: Նրանք ավելի վաղ թողեցին սպորտը, իսկ ես սիրեցի այս մարզաձևը, շարունակեցի և ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: Առաջին քայլերս կատարել եմ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջում`Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ, մինչև հիմա էլ նրա մոտ եմ մարզվում, և չեմ զղջում, որ ընտրել եմ այս մարզաձևը: Կարծում եմ, որ ձյուդոն ավելի բարդ է, Հայաստանում քիչ կան ձյուդոիստներ, որ միջազգային մրցաշարերից կարողանում են մեդալներ բերել: Ես իմ աշխատասիրության և մարզիչների շնորհիվ կարողացա հասնել հաջողությունների: Հիշո՞ւմ ես քո առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցել ես: Առաջին միջազգային մրցաշարին մասնակցել եմ 17 տարեկանում, այն անցկացվում էր Իրանում: Երկու հաղթանակ եմ տոնել և կրել եմ մեկ պարտություն: Երևի, ելույթս ավարտել եմ 8-րդ տեղում, հիմա այդքան էլ լավ չեմ հիշում: Ո՞ր ժամանակահատվածն ես համարում քո կարիերայում ամենահաջողը: Ամենահաջողը եղել է 2009 թվականին: Ես դարձա առաջին հայ ձյուդոիստը, ում հաջողվել է աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել: Շատ հպարտ էի, որ կարողացել էի դառնալ առաջինը: Հիշո՞ւմ ես առաջին հնարքը, որ սովորել ես: Անկեղծ ասած, չեմ հիշում (ծիծաղում է): Ունե՞ս արդյոք անհարմար մրցակիցներ, որոնց հետ սովորաբար չես կարողանում տատամիի վրա քո կանոնները թելադրել: Յուրաքանչյուրն էլ անհարմար է, և որոշակի դժվարություններ առաջանում են գոտեմարտելիս: Բայց ինձ համար անհարմար մրցակից է Ռուսաստանը ներկայացնող Բեսլան Մուդրանովը: Այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում եմ հանդիպել նրան և զիջել եմ: Մենք 5 մենամարտ ենք անցկացրել, որոնցից 2-ում հաղթել եմ և 3-ում պարտվել: Ձյուդոյում Պեկինի օլիմպիական խաղերից հետո որոշակի փոփոխություններ են եղել: Հե՞շտ է արդյոք մարզիկի համար հարմարվել նոր կանոններին: Բնականաբար, մեզ համար դժվար էր հարմարվել դրանց: Այդ փոփոխություններն ազդեցին հայկական ձյուդոյի վրա: Հատկապես դժվար էր ոտքից բռնվածք կատարելու կանոնի փոփոխությունը, քանի որ մենք սովոր ենք նման հնարք կիրառել: Այդ փոփոխությունը ավելի հարմար է ասիացիների , և հատկապես`ճապոնացիների համար: Արդեն որոշ ժամանակ անցել է, և հարմարվել ենք: Իսկ մոտ որքա՞ն հնարքներ են կիրառվում ձյուդոյում և դու որո՞նց ես տալիս նախապատվությունը: Ձյուդոյում հնարքների սահմանափակում չկա: Յուրաքանչյուր դիրքից կարելի է հնարք կատարել: Մասնագետները նշում են, որ սամբոն և ձյուդոն իրարից հիմնականում չեն տարբերվում: Եղե՞լ են դեպքեր, որ սամբոյում հանդես գաս: Այո, զբաղվել եմ և ունեցել եմ հաջողություններ: Դարձել եմ սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող: Բայց 2004 թվականից սկսած այլևս սամբոյի ելույթների չեմ մասնակցել և կենտրոնացել եմ ձյուդոյի վրա: Որո՞նք են այս մարզաձևերի հիմնական տարբերություններն ըստ քեզ: Երկու մարզաձևերում էլ գոտեմարտը նույն կերպ է ընթանում: Հիմնական տարբերությունը մարզահագուստի մեջ է: Բացի այդ էլ սամբոն ի տարբերություն ձյուդոյի Օլիմպիական մարզաձև չէ: Սամբոյի պարագայում մասսայականությունը ավելի քիչ է, ավելի հեշտ է հանդես գալ: Սամբոյի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ավելի քիչ մարզիկներ են մասնակցում: Եվ վերջում քո մաղթանքը բոլոր հայ մարզիկներին, որոնք մեկնելու են Լոնդոն: Յուրաքանչյուրին մաղթում եմ անփորձանք մարզումներ մինչև Օլիմպիական խաղերը և մեդալներ:
Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() ![]() Հովհաննես Դավթյան Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ ) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 25-ին Գյումրիում: Հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |