![]() Վլադիմիր Հակոբյան.Բացարձակ աշխատասեր չեմ, իսկ հաջողությունը եկել է միայն տաղանդի շնորհիվ26 փետրվարի 2013 PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի անդամների հետ PanARMENIAN.Net-ը շարունակում է զրուցել: Այս անգամ մենք հյուրընկալել ենք Վլադիմիր Հակոբյանին, որը մեր թիմի հետ երեք անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի առաջնության մեդալակիր: Վլադիմիրի հետ թեթև ու հետաքրքիր անցավ զրույցը. անկեղծ, կիրթ, հաճելի ու բանիմաց, ահա այսպիսին է մեր առաջատար շախմատիստներից մեկը: Ֆենոմենալ հիշողություն: Դեռ փոքր տարիքից ես շատ հեշտ էի հիշում տարբեր բանաստեղծություններ, երգեր: Մի անգամ կարդում էի ու արդեն անգիր կարողանում էի ասել: Այսպիսի լավ հիշողությունն ինձ շատ է օգնում նաև որպես շախմատիստ: Մարզչի աշխատանք: Հետաքրքիր է աշխատել լավագույն երիտասարդ շախմատիստների հետ: Ես սիրում եմ փորձս փոխանցել իրենց: Կարծում եմ` իրենց դա օգուտ է: Ամեն դեպքում, ես երիտասարդ տարիքում նման հնարավորություն չեմ ունեցել: Շաշկի: Փոքր ժամանակ ես շաշկի շատ եմ խաղացել ու սիրել: Հինգ տարեկանում հայրիկիս բոլոր ընկերներին հաղթում էի: Բայց հայրիկս միշտ ասում էր, որ ավելի լուրջ ու հետաքրքիր խաղով զբաղվեմ: Արդեն 6 տաեկանից գնացի շախմատի ու հիմա շաշկի վաղուց չեմ խաղացել: Շախմատ: Սա ինձ համար մի նոր աշխարհ էր: Շատ հետաքրքիր էին անցնում մարզումները: 8 տարեկանում առաջին կարգ լրացրի ու որոշեցի, որ պետք է շարունակեմ շախմատով: Սրանից հետո աստիճանաբար այս ոլորտում հաջողությունները եկան: Կիթառ: Իմ սերն է: Երբ 16 տարեկանում աշխարհի չեմպիոն դարձա, որոշեցի, որ պետք է նաև կիթառով լուրջ զբաղվեմ: Երևանում շատ լավ ուսուցչի մոտ էի գնում պարապմունքների, սովորեցի նվագել ու հիմա շատ հազվադեպ է լինում, որ ձեռքս չվերցնում կիթառս ու չնվագեմ: Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն: Շատ ուրախ ու հպարտ եմ, որ ստացվեց այդպես: Կարող եմ ասել, որ այդ տիտղոսները շախմատում իմ ամենամեծ նվաճումներն են: Արշակ Պետրոսյան: Նրա հետ միշտ ուրախ է անցնում: Ես կասկածում եմ, որ որևէ այլ թիմում այսպիսի լավ մթնոլորտ է, ինչպիսին մեզ մոտ է խաղից մեկ օր առաջ ժողովի ժամանակ: Մարզիչն իրիկունը հավաքում է մեզ, ու նա կարողանում է կատակներով բոլորիս տրամադրել խաղին: Շատ հազվագույտ է լինում, որ լուրջ անցնեն մեր ժողովները: Սենյակից դուրս ենք գալիս մեծ լիցքերով ու պատրաստ ենք լինում հաջորդ խաղին նաև Պետրոսյանի շնորհիվ: Պարտություն: Շատ տհաճ բան է, որը, սակայն, նաև պետք է լինի: Սև խաղաքար: Սիրում եմ ես սևերով խաղալ ավելի քան սպիտակներով: Թագուհի: Իմ ամենասիրած ֆիգուրն է: Հայաստանի հավաքական: Ամենաուժեղ թիմն է: Որ առաջին անգամ Թուրինում Օլիմպիադայի չեմպիոն դարձանք, ավարտից մի քանի տուր առաջ տղաներով նայում էինք մրցաշարային աղյուսակին, որ տեսնենք ով է մեր մրցակիցը: Տղաներից մեկն ասաց. «Ի՞նչ ուժեղ թիմ կա, որ պետք է հետը խաղանք»: Նայեցինք ու հասկացանք, որ ամենաուժեղը մեր թիմն է: Երկրպագու: Ամեն ինչ արվում է, որ ուրախացնենք նրանց: Շախմատասերը մեր թիմի գրավականն է: Ողջ աշխարհում հայերը մեզ միշտ աջակցում են, ու թիմից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որպեսզի միշտ ուրախացնենք նրանց: Ռակիրովկա: Շախմատային օրիգինալ քայլ: Միխայիլ Բոտվիննիկ: Իմ շատ սիրելի դասատուն: Միշտ լավ եմ եղել նրա հետ: Շատ էին խոսում, որ նա խիստ մարդ է, դժվար է նրա հետ գործ ունենալ: Բայց առաջին իսկ րոպեից Բոտվիննիկն ինձ շատ լավ ընդունեց: Մոտիկ էինք իրար հետ, ու աշխարհի առաջնությունից առաջ նա ինձ կանչեց ու խորհուրդներ տվեց: Այդ զրույցից հետո ես հեշտ դարձա աշխարհի չեմպիոն: Նրա հետ կապված միայն շատ պայծառ հուշեր ունեմ: Աշխատասիրություն: Չունեմ բացարձակ, երբեք էլ չեմ ունեցել: Ստիպված էի պարապում շախմատ: Աշխատասիրություն չունելան իմ հիվանդությունն է միշտ եղել: Ես ամեն ինչ թողել եմ տաղանդի վրա: Բլից: Շատ եմ սիրում: Երիտասարդ ժամանակ շատ էի խաղում բլից շախմատ, արագ էի ու շուրջ 10-15 տարի աշխարհում լավագույններից էի: Արդեն 5-7 տարի կլինի չեմ խաղացել: Վալերի, Էդուարդ, Սերգեյ: Իմ տղաներն իմ ամեն ինչն են: Շատ մտերիմ եմ նրանց հետ: Սա մի պատճառ է, որ ես հաճախ չեմ գնում մրցումների: Իսկ երբ պատկերացնում եմ, որ երկար ժամանակ նրանց չեմ տեսնելու, շատ եմ տխրում: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |