15  Շառլ Ազնավուր
Հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք

Շառլ Ազնավուր.

Հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում սեպտեմբերի 13-ին կայացած համերգով մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի 3 շոուից բաղկացած շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Առաջիկայում սպասվում է ևս երկու համերգ` Մոնրեալում ու Նյու Յորքում: «Ես չափազանց ծեր եմ շրջագայության համար», ասում է նա ու 90 տարեկանում պատրաստվում համերգների նաև Անտվերպենում ու Մոսկվայում, մինչև դեկտեմբերին Փարիզում նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները սկսելը: The Hollywood Reporter-ին Ավինյոնի իր առանձնատանը տված հարցազրույցում մեծն շանսոնյեն խոսել է աշխատանքի, դիվանագիտության, հայ-թուրքական հարաբերությունների, նոր աստղերի, ժամանակակից երաժշտության ու իրական արժեքների մասին:
Ի՞նչն է Ձեզ ստիպում այսքան ջանասիրաբար աշխատել մի տարիքում, երբ մարդկանց մեծամասնությունը թոշակի է անցնում:
Երբ մշտապես չեք աշխատում ու նոր գաղափարներ չունեք, այդ ժամանակ եք ծերանում, և դա է ամենասարսափելին: Ծնկներս են ծանրացել, բայց քանի դեռ ուղեղդ գործում է, ամեն ինչ աշխատում է: Ես բազում ծրագրեր ունեմ առաջիկա տասը տարվա համար: Ուզում եմ միակ երգիչը լինել, որ դեռ բեմում կլինի 100 տարեկանում: Դա հրաշալի կլինի, միակն աշխարհում: Միայն տասը տարի է պետք սպասել: Դժբախտաբար, դա շատ կարճ ժամանակ է:

Ինչպե՞ս եք մոտենում Ձեր դերին` որպես դեսպան:
Կարող եմ ակտիվ դիվանագետ լինել: Օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար: Ոչ միայն քրիստոնյա հայերը, այլև եզդիներն ու քրդերը, որոնք մահմեդական են, սակայն այլ կերպ են ապրում: Սա քաղաքականություն չէ, բնավ քաղաքականության հարց չէ, այլ` դիվանագիտության:

Ես աշխատում եմ և հետո նոր ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ, ինչը հազվադեպ բան է: Չեմ ուզում ասել այդ մասին մինչև չգնամ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա» կամ «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում` ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Նրանց դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանք չեն իրագործել ցեղասպանությունը, այլ` նրանց պապերը: Ապրիլի 15-ին կլինի արդեն 100 տարի, ինչ թուրքերը չեն ճանաչում Ցեղասպանությունը, և եթե ես կարող եմ այդ հարցում ինչ որ կերպ օգնել, կանեմ դա: Հուսով եմ` կարող եմ օգնել, որպեսզի երկու երկրների միջև մի բան տեղի ունենա:

Ձեր մարդասիրական գործունեությունը դրա շարունակությո՞ւնն է:
Իմ հիմնադրամն ունեմ` «Ազնավուրը՝ Հայաստանին»: Շատ բարդ է, երբ հեռուստամարաթոն կամ նման մի բան չունես, բայց ես կառուցեցի այն: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Բարեգործական համերգներ եմ կազմակերպում ու նաև երգերիս եկամտի մի մասը փոխանցում: Համերգներին հազարավոր տոմսեր են վաճառվում, այնպես որ դրա համար գումար է ճարվում: Ոչ մեկին չեմ խնդրում նվիրատվություն անել: Ներսից եմ աշխատում, այդ ամենը գալիս է սրտիցս ու ուղիղ գնում այնտեղ: Ամեն տարի գնում եմ Հայաստան` պարզելու` որոնք են մարդասիրական կարիքներն ու դրանցից որոնք են հրատապ: Մենք կառուցել կամ վերանորոգել ենք 47 դպրոց ու վիրաբուժական 3 կենտրոն:

Բայց հստակեցնեմ` ես քաղաքականության հետ կապ չունեմ: Չեմ ուզում: Իմ հանդիսատեսի շարքում կան բոլոր կրոնների, գույների, խավերի ու լեզուների մարդիկ: Չեմ պատրաստվում մեկին մյուսի պատճառով դավաճանել: Ես բաց եմ բոլորի համար, ում դուր են գալիս իմ երգերը: Նաև իմ հաճույքի համար եմ այցելում տարբեր երկրներ: Գնացել եմ Կամբոջա ու Թաիլանդ, ոչ թե ծովափ, այլ երկրի ներսում շրջել, լուսանկարներ արել: Եղել եմ Չինաստանում, այնտեղ չեմ երգել, բայց ուզում եմ համերգ կազմակերպել:

Դուք նկարահանվել եք ավելի քան 70 ֆիլմում, իսկ վերջերս հնչունավորեցիք «Դեպի վեր» ( Up) մուլտֆիլմի ֆրանսերեն տարբերակը: Նոր դերե՞ր առաջիկայում:
Հոգնել եմ կինոյից: Խաղալը շատ ժամանակ է խլում: Չեմ ուզում 2 ամիս անցկացնել ընտանիքիցս ու աշխատանքիցս հեռու: Եթե փոքրիկ դեր է, կընդունեմ, բայց ինձ գրելու ժամանակ է պետք: Վերջին 4 կամ 5 տարին գիրք եմ գրում, արդեն 7 հատ, իսկ հիմա առաջին անգամ վեպ եմ գրում: Հենց նոր եմ ավարտել մյուզիքլի վրա աշխատանքները, որը կբեմադրվի Բրոդվեյում` «Ապրիր կյանքը» (Vive le Vie):

Մի բան կա, որի շուրջ ուզում եմ խոսել Ատոմ Էգոյանի հետ: Ինձ տեսնում եմ փոքր դերում: Թեման շատ անսովոր է, մի բան է, որ նախկինում չի արվել: Ես այն հատուկ ինձ համար չեմ գրել, բայց մի փոքրիկ մաս կա, որ կարող եմ խաղալ: Եթե նա համաձայնի, շատ լավ: Պատրաստվում եմ նրան հանդիպել Կանադայում ու փոխանցել պատմվածքը, տեսնենք` ինչ կլինի: Կհանդիպենք սեպտեմբերին, երբ գնամ Մոնրեալ:

Կան արդյոք փոփ աստղեր, որոնցով հիանում եք կամ ուզում գործակցել, կամ նոր երաժշտություն, որ հավանում եք:
Ես տեսնում եմ նոր աստղերին, գնում եմ նրանց ձայնագրությունները, բազում զուգերգեր եմ կատարել ռոք աստղերի հետ: Գիտեք, չկան «երաժշտության ոճեր», «երաժշտության տեսակներ». կա երկու տեսակ` լավը և վատը: Շատ եմ գրել, որ օգնեմ երիտասարդներին հասկանալ` այն, ինչ անում ենք, հեշտ չէ: Դու չես կարող մեկ օրում աստղ դառնալ: Շատ կարևոր է երիտասարդությանը ստիպել դա հասկանալ: Նրանք երգում են ու երբեք մեծ աստղ չեն դառնա, քանի որ երգում են այն, ինչ կարծում են՝ լավ է, բայց նմանակում են ամերիկացիներին, որը նրանց մայրենի լեզուն չէ: Ես չգիտեմ որևէ ֆրանսերեն երգ, որը վերջերս հայտնի է դարձել Ամերիկայում մինչև La Vie en Rose, C’est Si Bon երգերը, հզոր ֆրանսերեն երգեր: Փոփ երգեր. ամերիկացիները դրանք շատ ավելի լավ են կատարում:

Այդ դեպքում ի՞նչ եք մտածում ֆրանսերեն լեզվի կարգավիճակի մասին:
Ֆրանսիական երաժշտությունն աստիճանաբար վերադառնում է: Ֆրանսիացիները երբևէ ռիթմ չեն հնարել, մենք ունենք տանգո և ջազ, բայց ամեն ինչ դրսից է եկել: Եվ դրանք օգտագործել եմ ֆրանսերեն տեքստերի հետ, միացնելով դրանք, ինչն աշխատում է: Ես ֆրանսիացի արտիստ եմ, ոչ ամերիկացի, իտալացի կամ հայ: Ես ֆրանսիացի եմ, և ուզում եմ հանդիսատեսին ցույց տալ լավագույնը, ինչ մենք կարող ենք անել Ֆրանսիայում: Մենք երգի լավագույն տեքստեր գրողն ենք, քանի որ լեզուն կենդանի ենք պահում: Երիտասարդները վերադառնում են դեպի ֆրանսիական երաժշտություն և նրանք հպարտանալու են իրենց մշակույթով:

Այդ բոլոր մրցութային շոուները, The Voice, Do you Know the Lyrics?, գալիս են ու կարծում, թե աստղ են, բայց երբեք էլ չեն լինի: Գուցե տասը հազարից մեկին դա հաջողվի: Միգուցե: Եվ շոուները դա վաճառում են իբրև երազանք, սակայն կարող է մի օր մղձավանջ դառնալ: Մենք պետք է երիտասարդներին ստիպենք հասկանալ` դա այդպես չի արվում, դա բարդ աշխատանք է: Ես այս թեմայով 3 գիրք ունեմ և արդեն գրում եմ 4-րդը: Դրանք շատ լավ են ընդունվել: Երկխոսություն եմ սկսել երիտասարդների ու շոու-բիզնեսի մարդկանց հետ: Ես եմ «բոսը» այս երկրում: Սինատրան տեր էր Ամերիկայում, Խուլիո Իգլեսիասը` Իսպանիայում, և, իհարկե, ես եմ «շեֆը» Ֆրանսիայում: Կարծում եմ կարևոր է ունենալ մեկը, ում կհետևես: Ես էլ եմ «բոս» ունեցել` Պիաֆ, Շառլ Թրենե, Մորիս Շեվալյե: Նրանք լավագույնն էին:

Նոր ալբոմի համար թեմա կա՞ արդեն:
Անցյալը: Բաներ, որ ապրել եմ, բաներ, որ տեսել եմ: Առաջին անգամ երգ եմ գրել պատերազմի մասին: Առաջին անգամ է, մինչև այդ չէի գրել: Բայց գիտեք, գաղափարները միշտ սավառնում են օդում, և հիմա դրանք բոլորը վերադառնում են, և ես էլ եմ դրանց հետ վերադառնում: Գրեթե վերջացնում եմ գրելը: Որոշ բաներ եմ շտկում: Երբեք լիովին չեմ գոհանում արածովս: Պետք է դրա վրա աշխատեմ նորից ու նորից, ու նորից: Մեկ բառի համար կարող եմ երկու գիշեր չքնել, ընդամենը մեկ բառի, որ ականջիս համահունչ չի թվում: Ոչ ոք չի կարող մեկ բառ փոխարինել իմ երգերում: Ոչ ոք: Բառերն իմ հպարտությունն են:

Նայեք, այս պատն ամբողջովին պատված էր ոսկե ձայնասկավառակներով: Եվ ինքս ինձ այստեղ մշտապես տեսնելով, պետք է ասեի` «Բավական է»: Պետք է սրանք փոխարինեմ ընտանիքիս ու ընկերներիս լուսանկարներով:

Ամբողջ պատը պետք է լուսանկարներ լինեն: Դա ավելի լավ է, քան ոսկե ձայնասկավառակներով պատը: Էլ ոչ մի «Նայեք, այսքան ձայնագրություն եմ վաճառել»: Ես հիմա ազատ եմ: Այստեղ է Legion d’Honneur (Պատվի լեգեոն) մեդալը: Այն անկյունում եմ դրել, որ մարդ չտեսնի: Առաջ հպարտ էի, հիմա դադարել եմ: Երիտասարդներին ասում եմ` հպարտ մի եղեք, պարզապես աշխատեք:

---